Կորոնավիրուս՝ չինական Ուհան քաղաքի լաբորատորիայի՞ց։ Ինչո՞ւմ է Արևմուտքը մեղադրում Չինաստանին
Աղբյուրը՝ Bloomberg
«Բազում ապացույցներ» կան այն բանի, որ կորոնավիրուսի աղբյուրը չինական Ուհան քաղաքում տեղակայված լաբորատորիան է եղել, որը համավարակի կենտրոն էր դարձել 2019 թ–ի դեկտեմբերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքատուղար Մայք Պոմպեոն ABC հեռուստաալիքին։
Սակայն հստակ ապացույցներ Պոմպեոն չի ներկայացրել։ Ավելին, հաղորդավարի ուղիղ հարցին նա պատասխանել է, որ համաձայն է ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցի հետ, ըստ որի նոր կորոնավիրուսը գենետիկ ազդեցության չի ենթարկվել։
- «Սահմանափակումները կարելի է չեղարկել միայն, եթե բնակչության մեծ մասն անընդհատ թեստավորվում է»․ Բիլ Գեյթսն՝ այն մասին, թե ինչպես վերջ տալ համավարակին
- Արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կամ դեղորայք կհայտնվի։ Եվ ե՞րբ
Այն հարցին, թե արդյոք նա կարող է ասել, որ վարակը միտումնավոր է դուրս թողնվել Ուհանի լաբորատորիայից, Պոմպեոն պատասխանել է․ «Այս առիթով բան չունեմ ասելու»։
Ըստ պետքարտուղարի՝ չինական իշխանությունները շարունակում են խոչընդոտել ամերիկյան փորձագետներին Ուհանի հայտնի լաբորատորիա այցելելու հարցում։
«Չինաստանը գործել է, ինչպես բոլոր ավտորիտար ռեժիմները․թաքցրել և խեղաթյուրել է տեղեկությունները։ Եվ նա իր նպատակների համար է օգտագործել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը»։
Տեսությունն այն մասին, որ կորոնավիրուսի համավարակն առաջացել է Չինաստանի մեղքով, անընդհատ հնչում է ԱՄՆ նախագահ Թրամփի ելույթներում։ Դա 2020 թ–ի աշնանն ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա վերընտրման արշավի կենտրոնական թեմաներից մեկն է։
Մայիսի 3–ի դրությամբ՝ ախարհում կորոնավիրուսով վարակվել է 3,546,758 մարդ։ Գրեթե մեկ քառորդ միլիոն մարդ է մահացել։ Վարակվածների և մահացածների ամենամեծ թիվն ԱՄՆ–ում է՝ համապատասխանաբար 1,179,454 և 68,179։
ԱՄՆ կառավարությունը միայնակ չէ Չինաստանի հասցեին մեղադրանքների հարցում
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կոչ է անում գլոբալ հետաքննություն իրականացնել և պարզել, թե ինչպես է տեղի ունեցել կորոնավիրուսի բռնկումը։ Սակայն միաժամանակ նա ընդգծում է, որ ինքն ապացույցներ չունի, որ հիվանդությունը ստեղծվել է Ուհան քաղաքի լաբորատորիայում։
Daily Telegraph թերթը մեծ հոդված է հրապարակել, որում ասում է, որ բացառիկ փաստաթուղթ ունի։ Դա 15–էջանոց հետազոտություն է, որը նախապատրաստվել է մի քանի արևմտյան կառավարությունների կողմից։
Ըստ թերթի՝ այդ փաստաթղթում նշվում է․ Պեկինը միտումնավոր կերպով ոչնչացրել է այն բանի ապացույցները, որ երկար ժամանակ թաքցրել է կորոնավիրուսի բռնկումը։ Արդյունքում՝ հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ողջ աշխարհում։
Մեծ Բրիտանիան նույնպես մտադիր է մասնակցել միջազգային հետաքննությանը։ Սակայն, ինչպես հայտարարել է պետքարտուղար Ռոբերտ Ջենրիկը, «մենք մանրամասն վերլուծելու ենք վարակի ծագումն ու տարբեր երկրների գործողությունները, սակայն դա ավելի ուշ կարվի, երբ հաջողվի հաղթահարել պանդեմիան»։