«Զանավես»․ ՀՀ-ում քվեների վերահսկման մասին դավադրապաշտական սցենար է տարածվում
Կեղծ պնդումներ ՀՀ-ում քվեների վերահսկման մասին
Սոցիալական ցանցերում տարածվում են կեղծ լուրեր այն մասին, թե, իբր, Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին գործարկվելու է «Զանավես» անունով գաղտնի ծրագիր։ Աղբյուրը Haymitq.am հարթակն է։
Հրապարակման մեջ պնդում է արվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Ազգային անվտանգության ծառայությունն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծել են համակարգչային ծրագիր, որը կարող է վերահսկել քվեարկությունը հենց քվեախցիկներում և իրական ժամանակում ծրագրային եղանակով փոխել ընտրողների քվեարկության արդյունքները։
«Ներկայացված նյութն իր ամբողջ բովանդակությամբ անհեթեթություն է, հետևապես դրա մեկնաբանումն էլ ավելի անհեթեթ է։ Նման ապատեղեկատվություն տարածողների նպատակը հանրության շրջանում խուճապ տարածելն է»,– Factor TV-ի հարցմանն այսպես է արձագանքել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Բացի այդ, լրատվամիջոցն ուսումնասիրել է «գաղտնի ծրագրի» մասին արված պնդումները։ Դրանք որևէ վստահելի աղբյուրով չեն հաստատվել։ Ավելին, արձանագրվել են նաև մի շարք փաստական սխալներ։
Ուսումնասիրության կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Սենսացիոն, բայց կեղծ»․ կարծիք Հայաստանի քաղաքական ուժերի խոստումների մասին
- Ռուսաստանը գործակալներ է ուղարկել «Փաշինյանի դեմ պայքարելու». The Insider-ի բացահայտումը
- «Տեղեկատվական ռումբ»․ ՀՀ դեմ ՌԴ հիբրիդային արշավների մասին գաղտնի փաստաթղթեր են արտահոսել
Ի՞նչ է ասված հոդվածում
«Վարչապետ Փաշինյանի գաղտնի ծրագրային ապահովումը սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը» վերնագրով հոդվածը Haymitq.am կայքում հրապարակվել է դեռևս մայիսի 21-ին։ Օրեր անց՝ մայիսի 25-ից հոդվածի հղումը լայն տարածում է գտել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Այն գովազդային արշավով շրջանառվում է ինչպես հրապարակումների, այնպես էլ story ձևաչափով։
«Հաջորդ կիրակի կերևա՝ արդյոք նրանց [Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին] հաջողվել է ծրագրային ապահովման միջոցով փոխել արդյունքը»,- ասված է հոդվածում։
Նշվում է, թե, իբր, ընտրություններից 6 ամիս առաջ ստեղծվել է «Զանավես» կոդային անվանումով ծրագիր, որը «իշխող կուսակցությանը հնարավորություն է տալիս՝
- իրական ժամանակում հետևել քվեախցիկներում ընտրողների քվեարկությանը,
- հաշվարկել կուսակցությունների տոկոսային ցուցանիշները,
- անհրաժեշտության դեպքում խմբագրել տվյալները»։

Haymitq.am կայքում խմբագրակազմի մասին տեղեկություններ առկա չեն։ Որպես հոդվածների հեղինակ է նշվում Համո Մնացականյանը, սակայն այդ անձի կենսագրությունը ներկայացված չէ։ Ըստ Who.is-ի տվյալների՝ կայքը ստեղծվել է 2025 թ․-ի դեկտեմբերի 17-ին։
Որտե՞ղ են տարածվել կեղծ պնդումները
Հոդվածը Facebook-ում տարածել է «Հայաստան Ակտուալ» էջը։ Որպես հղիների և կերակրող մայրերի հագուստի խանութ ներկայացող այս էջում կարելի է գտնել Haymitq.am-ի և կասկածելի բովանդակությամբ այլ կայքերի հոդվածներ։ Էջը ստեղծվել է 2025 թ․ ապրիլին և ստեղծման օրվանից երեք անգամ փոխել է անվանումը։
Meta-ի գովազդների գրադարանի տվյալներով՝ «Սոցիալական խնդիրների, ընտրությունների կամ քաղաքականության» գովազդների համար էջը 2026 թ․ փետրվարի 23-ից մայիսի 23-ը ծախսել է 95 դոլար և այս կատեգորիայում ունի միայն մեկ գովազդ։ Այդ գովազդը գործել է մայիսի 15-ից՝ հավաքելով 60 հազար դիտում։
Մասնավորապես՝ գովազդի տակ է դրվել Yerevantimes.am կայքէջի հրապարակումը, ըստ որի՝ «մայիսի 5-ին Գյումրիում միջոցառման ժամանակ Փաշինյանը շոշափել է Ֆրանսիայի նախագահի աճուկային հատվածը»։ Meta-ն հեռացրել է գովազդը, քանի որ օգտատերը չի նշել, թե ով է վճարողը։
Ավելի ուշ՝ մայիսի 25-ին տարածվել է արդեն «համակարգչային գաղտնի ծրագրի» մասին գովազդը։ Օգտատերն այն ներառել է մեկ այլ կատեգորիայում, որպեսզի չնշի, թե ով է վճարել տվյալ գովազդի համար։
Կեղծ պնդումները տարածվել են ոչ միայն ֆեյսբուքյան գովազդով, այլև լայն տարածում են գտել X-ում։ Factor TV-ի հրապարակման համաձայն՝ Haymitq.am-ի հոդվածի հիման վրա X-ում մի շարք էջեր տարածել են արհեստական բանականությամբ պատրաստված տեսանյութեր։ Ընդլայնելով կեղծ պնդումների շրջանակը՝ նշել են, թե ծրագրի մասին տեղեկությունները հաղորդել է ԿԸՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավարը։

Տեսանյութերում վստահություն ներշնչելու համար օգտագործվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նկարը և լոգոն։
Նույնաբովանդակ տեսանյութ է տարածել նաև Ethan Levins անունով օգտատերը։ Լևինսը ներկայանում է որպես ամերիկացի լրագրող, ունի ավելի քան 148 հազար հետևորդ և պարբերաբար կեղծիքներ է տարածում Հայաստանի վերաբերյալ։
Քվեն խցիկում չի գրանցվում․ հայտնաբերված սխալների մասին
Factor TV-ին ուսումնասիրել է հրապարակումներն ու արձանագրել՝
- պնդումը տարածվել է ոչ թափանցիկ գովազդային մեխանիզմով,
- սկզբնաղբյուրը չունի խմբագրական թափանցիկություն,
- պնդումը հակասում է Հայաստանի ընտրական գործընթացի տեխնիկական կառուցվածքին։
Շեշտվում է, որ հրապարակման և դրա հիման վրա ստեղծված տեսանյութի տարածման մեխանիզմը «շատ նման է կեղծ տեղեկությունների տարածման հիբրիդային մեխանիզմներին»․
«Այստեղ նույնիսկ կրկնվում են դրանով զբաղվող օգտատերերը, ինչը ցուցիչ է, որ կեղծ պնդումները տարածվում են միտումնավոր և նպատակ ունեն դավադրապաշտական թեզեր տարածել հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ»։
Լրատվամիջոցը հայտնաբերել է նաև մեթոդական սխալներ։ Մասնավորապես՝ Հայաստանում քվեարկության կազմակերպական ձևն այնպիսին է, որ քանի դեռ ընտրողն իր քվեով ծրարը չի գցել քվեատուփ և քանի դեռ այդ քվեն չի հաշվվել քվեարկության օրվա ավարտին, դրա տվյալը որևէ տեղ չի կարող արձանագրվել, հետևաբար միջամտություն էլ չի կարող լինել։
«Ընտրողի քվեն քվեախցիկում չի գրանցվում և չի պահպանվում որևէ էլեկտրոնային համակարգում, որպեսզի ծրագիրը կարողանա այն տեսնել կամ խմբագրել»,- արձանագրել է լրատվամիջոցը։
Հիշեցրել է, որ քվեարկության կարգն արգելում է քվեախցիկից ներս տեսախցիկով կամ որևէ տեխնիկական միջոցով վերահսկողությունը։
Ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ տեխնիկական սարքեր են գործածվում նախքան ընտրողի քվեախցիկ մտնելը և բացառապես նրան նույնականացնելու համար: Շեշտել է նաև․ «Որևէ տեխնիկական սարք չի ուղեկցում ընտրողին»։
Ինչ վերաբերում է ձայների հաշվարկին, այն կատարվում է քվեարկության ավարտից հետո և հենց ընտրատեղամասում՝ ընտրական հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների և օրենքով ներկա գտնվելու իրավունք ունեցող այլ անձանց ներկայությամբ։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ արդյունքներն ամրագրվում են թղթային արձանագրություններով։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կեղծ պնդումներ ՀՀ-ում քվեների վերահսկման մասին