«Ոչ թե իրավական, այլ աշխարհաքաղաքական»․ պաշտպանն ու թիմակիցները՝ Քոչարյանի կալանքի մասին
Կարծիքներ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին
«Նախագահ Քոչարյանը պետք է կալանքից ազատ արձակվի, որովհետև դա ապօրինի է և ոչ թե որովհետև դրա համար նախագահ Պուտինը պետք է խնդրի»,- այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Ռուսաստանից հայտարարել են, որ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայանալիք Պուտին—Փաշինյան զրույցը տեղի է ունենալու «Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների ֆոնին»։ Երկրորդ նախագահ Քոչարյանի թիմակից Աննա Գրիգորյանը չի կարծում, թե զրույցի օրակարգը պետք է ձևավորվի Քոչարյանի կալանքի որոշման շուրջ։
Ասում է՝ պետք է նախևառաջ հանգուցալուծել երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը, որպեսզի «չառերեսվենք տնտեսական կոլապսի»։ Հույս ունի, որ Ղրղզստանում կայանալիք հանդիպումից հետո ՌԴ կիրառած տնտեսական սահմանափակումները կվերանան կամ առնվազն չեն մտցվի նոր սահմանափակումներ։
Մյուս կողմից, պատգամավորը Ռուսաստանի տեսանկյունից բնական և տրամաբանական է համարում երկկողմ օրակարգի այլ հարցերի հետ մեկտեղ Քոչարյանի կալանքի քննարկումը։ Հիշեցնում է՝ երկրորդ նախագահը ռացիոնալ քաղաքական գործիչ է, որը հանդես է գալիս Մոսկվայի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման օգտին։
Թե՛ Գրիգորյանը, թե՛ նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը պնդում են՝ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործն անհիմն է, կալանքի որոշումն՝ ապօրինի։
«Կալանքի որոշումը դեռ չենք ստացել, ստանալուց հետո սկսելու ենք բողոքարկման գործընթաց»,- տեղեկացրել է Օրբելյանը։
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներով։ Նա երկու ամսով կալանավորվել է։
Փաստաբանի գնահատմամբ՝ նրան վերագրվող արարքները կապ չունեն Քրեական օրենսգրքի առաջադրված հոդվածի հետ: Պնդում է՝ Քոչարյանի մեղադրանքը կապված է որպես նախագահ պաշտոնավարման շրջանում ՀՀ կառավարության ինչ-որ որոշումներ վավերացնելու հետ, որոնք չվավերացնելու «որևէ գործիքակազմ, ընթացակարգ և հնարավորություն» նախագահը չի ունեցել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է օգոստոսի 25-ին։ Նույն օրը իրավապահները խուզարկություններ և այլ քննչական գործողություններ էին իրականացրել Քոչարյանների ընտանիքի ու նրանց հետ կապվող մի շարք ընկերություններում։ Օգոստոսի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարել էր քննիչի միջնորդությունը և Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Վերոնշյալ մեղադրանքներով օգոստոսի 26-ին կալանավորվել էր նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները
- «Մոսկվայի գլխավոր վախն այն է, որ Հայաստանը կընտրի ԵՄ-ն»․ կարծիք
- «Ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ, խաչմերուկ է»․ Փաշինյան
- Երևանն այլընտրանքներ է փնտրում․ կարծիքներ՝ ռուսական գազի հնարավոր թանկացման մասին
- ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից և մոտենում ԵՄ-ին. գործընթացը սկսվել է, բայց հեռու է վերջնակետից
«Փաշինյանը փորձում է հասնել մինիմալ դիմադրության»․ ընդդիմադիր պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական և աշխարհաքաղաքական։ Դա, ըստ նրա, ապացուցվում է այն փաստով, որ թեման քննարկվելու է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ․
«Եթե Քոչարյանի կալանքի հարցը զուտ մեր երկրի ներսում տնտեսական հարց լիներ, ինչու պետք է այդ հարցը նման կարևորագույն հարթակում քննարկման առարկա դառնար։ Մենք իսկապես գործ ունենք լուրջ քաղաքական և աշխարհաքաղաքական կալանքի հետ»։
Հետընտրական փուլում Ռոբերտ Քոչարյանի «չեզոքացումը» պատահական չի համարում։ Վստահ է՝ կան կոնկրետ պատճառներ։ Օրինակ է բերում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի «հանձնումն» Ադրբեջանին ու հավելում՝ Փաշինյանը փորձում է այդ ճանապարհին ունենալ «մինիմալ դիմադրություն»։
«Փորձում է ստեղծել այնպիսի միջավայր, որ որևէ մեկը ձայն չհանի, ոչ միայն գործընթաց չլինի, այլև ընդհանրապես դիմադրող խոսք գոյություն չունենա»,- պարզաբանել է Գրիգորյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ հարցը պետք է դիտարկել նաև ավելի լայն համատեքստում, այն է՝ Հայաստանի՝ «աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ» դառնալու հեռանկարը։
Օրինակ է բերել Ուկրաինան, որը, ըստ նրա, «տարբեր երկրների բախման թատերաբեմ» դառնալու արդյունքում ստացավ տարածքային կորուստներ, բնակչության դուսրբերում երկրից, իսկ արդյունքում չհասավ որևէ բանի։
«Ուկրաինան մինչև հիմա ոչ ԵՄ անդամ է, ոչ ՆԱՏՕ անդամ է։ Եվ հեռանկարում էլ պարզ չէ՝ կդառնա՞ ԵՄ անդամ, թե՞ չի դառնա»,- մանրամասնել է Աննա Գրիգորյանը։
Կարծում է՝ Հայաստանի իշխանությունները խոսում են դիվերսիֆիկացիայի և ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու մասին, սակայն երկիրն առաջնորդում են դեպի «թուրքական ենթակայություն և ՌԴ հետ թշնամական հարաբերություններ»։
Ինչո՞ւ չէր կարող կիրառվել տնային կալանք
Փաստաբան Արամ Օրբելյանը պնդում է՝ երկրորդ նախագահը որևէ անօրինական գործողություն չի կատարել։ Վստահեցնում է՝ ոչ Քոչարյանի, ոչ նրա որդու և ոչ էլ մյուսների կողմից ոչ իրավաչափ գործընթաց չի եղել։
«Մինչև վերջ չեն կարողանում հասկանալ՝ ինչում են մեղադրում, կոնկրետ գործող անձանց դերակատարումները ամբողջ գործընթացի մեջ։ Գործընթացներն օրինական են, ֆիկտիվ գործընթացներ՝ ուրիշների անուններով տեղի չեն ունեցել»,- ընդգծել է նա։
Մեղադրանքում նկարագրված գործողություններն, ըստ Օրբելյանի, երկրորդ նախագահի հետ առնչություն ունեն միայն «փոխկապակցված» բառի բերումով, ոչ ավելին։
Շեշտում է՝ արգելվում է այլ անձի գործողությունների համար մարդուն մեղադրանք առաջադրել, առավել ևս ազատությունը սահմանափակել, այն դեպքում, երբ «այլ անձի գործողություններն ինքնին օրինական են»։
Փաստաբանի գնահատմամբ՝ վերագրվող արարքների վաղեմության ժամկետն անցել է, ուստի կալանք չէր կարող կիրառվել, պետք է կիրառվեր բացառիկ դեպքերում։
«Եթե կալանքի անհրաժեշտություն էին տեսնում, ինչո՞ւ չէր կարող կիրառվել տնային կալանք»,- հարցնում է նա։
Ըստ փաստաբանի՝ պարզ չէ, թե ում վրա և ինչ ազդեցություն կարող էր գործել պաշտոնաթող նախագահը, եթե գտնվեր ազատության մեջ։
Մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեից
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանը մտերիմների հետ պետական սեփականությունից շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր, իսկ առանձին գործարքների դիմաց, ըստ քննության, ստացել է նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք։
«Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են՝ դրանք կառուցապատելու և վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաև սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում՝ նվիրատվությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությամբ ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ 2001-2019 թթ․ ընթացքում կատարված՝ շուրջ 144 մլրդ դրամի, 309 մլն ԱՄՆ դոլարի, 77 մլն եվրոյի և 18 մլն ՌԴ ռուբլու դրամական փոխանցումների, ինչպես նաև վարույթին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին պատկանող՝ ՀՀ-ում և արտերկրում գտնվող ավելի քան երեք տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։
«Գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու նպատակով ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ»,- հայտնել են կոմիտեից։
Նույն վարույթով քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի, այդ թվում՝ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։
Բացի այդ, Գլխավոր ատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Քոչարյանի հետ փոխկապակցված «Գրիտտի», «Ֆասթ Քարթ» («PLAY CITY») և «Կինետիկ» («Օրանժ ֆիթնես») ընկերությունների գործող ու նախկին տնօրենների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։ Ըստ հրապարակված տվյալների՝ չվճարված հարկերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 2 մլրդ 567 մլն դրամ։
Համատեքստ
Ընդդիմադիրները պնդում են՝ Քոչարյանի կալանավորումը քաղաքական հրահանգի արդյունք է։ Նրանց խոսքով՝ իրավապահ համակարգը գործում է մեկ մարդու՝ վարչապետ Փաշինյանի քմահաճույքով։
Մատնանշում են, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը հաջորդեց ԱԺ-ում վարչապետ Փաշինյանի և Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև թեժ բանավեճին։
«Եթե երկրի վարչապետն ասում է այսինչը պետք է նստի, այսինչը պետք է ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է։ Սա նորմալ չէ, սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը, այն ամեն ինչին, ինչի համար Դուք պայքարել ու եկել եք»,- Փաշինյանին դիմելով ասել էր Քոչարյանը:
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրել էր՝ բացատրեք ինչո՞ւ եք միլիոնատեր, այդ ունեցվածքը որտեղի՞ց Ձեզ։
«Ու Դուք ուզում եք ասեք, որ Դուք պետք է ՀՀ–ում շարունակեք մնաք միլիոնատե՞ր։ Դուք ուզում եք ասեք, որ Ձեր միլիոնները պիտի ժառանգեք Ձեր երեխաներին, Ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես Ձեզ, կներեք, ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը»,- հայտարարել էր վարչապետն ու հավելել, որ դա իր համար ոչ թե անձնական, այլ քաղաքական խնդիր է։
Փաշինյանի դիտարկմամբ՝ ինքը ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություն ունի, այն է՝ հատիկ-հատիկ ամեն ինչ վերադարձնել ՀՀ-ին։
«Թե ինչը, ում պետք է վերադարձվի, ժողովրդավարական երկրում պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը»,- արձագանքել էր Լևոն Քոչարյանը։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձել էր թեմային և ընդգծել՝ եթե Հայաստանի քաղաքացիները համարեն, որ իշխանությունը սխալ է գործում, ապա ունեն հեղափոխություն անելու իրավունք։
«Մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից, բերեն իրենց սիրելի և ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին բերեն, տեղավորեն էս շենքերում, մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն։ Ես օքեյ եմ էս սցենարի հետ։ Եթե իրենք դա են ուզում, ժողովրդի որոշումն ինձ համար ընդհանրապես քննարկման ենթակա չէ»,- հայտարարել էր Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիքներ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին