Խնջույք ժանտախտի ժամանակ
“Ձեր խիղճը մի օր գոնե կզարթնի՞: Ինչո՞ւ եք դուք այդպիսին: Ի՞նչ է պատահել, դուք, ի՞նչ է, կյանքում ոչինչ չե՞ք տեսել: Դուք, ի՞նչ է, մոռացե՞լ եք ինչ-որ բանի դեմ բողոքելու ձևը, չե՞ք կարող ասել “ոչ ինչ-որ մի տոնի: Մեր մասին էիք չէ ասում, որ ծախվել ենք Արևմուտքին, հարձակվում էիք մեզ վրա հայհոյանքներով, իսկ ինքներդ իբր քաղաքականություն չեք խցկվում: Այս անգամ ձեզ չեն ասել, որ գնաք հանրահավաքի, բողոքեք, ձեր իրավունքների համար պայքարեք: Մենք ընդամենը կարող էինք տոնը տանը, ընտանիքի հետ նշել: Մի՞թե աշխարհի վերջն էր գալու:
Այսպես դիմեց բաքվեցիներին հայտնի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևը: Նրա վերջին աշխատանքներից մեկն անցած հանգստյան օրերին համացանցում տարածվեց կայծակնային արագությամբ և բուռն քննարկումների առիթ դարձավ: Այն իրենից ներկայացնում էր Գյունեշլի նավթային պլատֆորմի հրդեհի զոհերի ուրվականներ, որոնք ծովից հետևում են տոնական հրավառությանը: Հրավառությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպել էին քաղաքային իշխանությունները Բաքվի բուլվարում՝ չնայած թաց ձյանն ու սողոսկող քամուն:
Սարսափելի նկարը թիրախին դիպավ, այն սոցկայքերի օգտատերերի մի մասի աջակցությունը ստացավ, մյուս մասի խիստ քննադատությանն արժանացավ: Ոմանք դրանում ժողովրդի խիղճն արթնացնելու փորձ տեսան, մյուսները՝ պոպուլիզմ ու սգացողների զգացմունքների չարաշահում:
“Այդ ծովում ամեն ամառ տասնյակ մարդիկ են խորտակվում, և ի՞նչ, չլողա՞նք այնտեղ:
«Այս նկարը սահմանն անցնում է և պճնամոլություն է»:
«Սարսափելի, բայց ճիշտ նկար է: Եվ ոչ մի չափազանցություն չկա այս ուղերձում: Ընդհակառակը, չափազանցվածը Ամանորի հետ կապված հիացմունքն է և բուլվարի հրավառությունը: Ներողություն շեշտակիության համար, բայց, ճիշտն ասած, չեմ հասկանում, ինչի վրա են այդքան ուրախանում: Միայն մի բանի՝ որ հարազատներդ առողջ են ու կողքդ են: Ես նույնիսկ չեմ պատկերացնում, ինչ են զգում զոհվածների և անհետ կորածների հարազատներն այս օրերին: Ինչ համերաշխության մասին էին մարդիկ խոսում ամսի 31-ին, նայելով այս հրավառություններին՝ չեմ հասկանում»:
Բանն այն է, որ դեկտեմբերի 31-ին նշվում է ոչ միայն Նոր տարին, այլ աշխարհի բոլոր ադրբեջանցիների Համերաշխության օրը: Հենց այդ նախանձելի համերաշխությունը բաքվեցիներն արտահայտեցին՝ հայտնվելով բուլվարին դեկտեմբերի 31-ին սարսափելի եղանակին՝ դիտելու ամանորյա ներկայացումը: Սոցկայքերում այն նույն համերաշխությամբ անվանում են «խնջույք ժանտախտի ժամանակ» և «պար ոսկորների վրա»:
- Գյունեշլի նավթային պլատֆորմի վրա հրդեհ էր բռնկվել դեկտեմբերի 4-ին:
- Պաշտոնական լրատվամիջոցները սկզբում պնդում էին, որ բոլոր նավթագործները տարհանվել են, հետո իրարամերժ տվյալներ էին հրապարակում:
- Դեկտեմբերի 6-ը նախագահ Իլհամ Ալիևը սգո օր հայտարարեց:
- 33 մարդ է փրկվել, գտնվել է զոհվածների 7 մարմին:
- 23 նավթագործի մարմին մինչ այժմ չի գտնվել:
- Փաստի առթիվ քրեական ործ է հարուցվել և ստեղծվել է համապատասխան պետական հանձնաժողով:
- Գյունդուզ Աղաևը արդիական թեմաներով հայտնի ծաղրանկարների հեղինակ է, օրինակ ‘Imagine’, ‘Holy selfie’ և այլն: