«Հաղթահարեցինք մեծ արհավիրքն ու ինֆորմացիոն ինտերվենցիաները»․ Հայաստանի ԽԱՊԿ նախագահ
ԽԱՊԿ նախագահը՝ ՀՀ ընտրությունների մասին
Հայաստանյան բևեռացված, բայց բազմազան մեդիան բավականին լավ է լուսաբանել ընտրությունները, ընտրողը հնարավորություն է ունեցել ծանոթանալու տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումներին։ Այս կարծիքին է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Ընտրական գործընթացների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է շուրջ 10 խնդրահարույց միջադեպ՝ կապված լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների հետ։ Factor TV-ի հետ զրույցում կոմիտեի նախագահն ասել է՝ հանգամանքները ճշտելուց հետո այդ դեպքերի մասին ինֆորմացիան տեղ կգտնի կառույցի եռամսյակային և տարեկան զեկույցներում։
Հարկ է համարել ընդգծել, որ խոսքը նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցված դեպքերի մասին է։
«Քվեարկության օրը որևէ բան չի արձանագրվել մեր կողմից»,- հայտարարել է Մելիքյանն ու հավելել, որ փաստերի առկայության դեպքում կոմիտեն պատրաստ է ուսումնասիրել դրանք։
Հարցազրույցի ընթացքում Մելիքյանն անդրադարձել է նաև նախընտրական շրջանի տեղեկատվական արշավներին, ընտրությունների նախնական արդյունքներին, ձևավորվելիք խորհրդարանից ունեցած ակնկալիքներին։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- Ճակատագրական ընտրություններ ՀՀ-ում. ընտրողների 40%-ը ոչ ոքի չի վստահում
- ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ FIP-ի բացահայտումը
- Ռուսաստանը գործակալներ է ուղարկել «Փաշինյանի դեմ պայքարելու». The Insider-ի բացահայտումը
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
Հայաստանի լրատվական դաշտի «5-րդ շարասյունը»՝ ինֆորմացիոն ինտերվենցիայի հենարան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ այս ընտրությունները մարտահրավեր էին Հայաստանի համար, հատկապես արտաքին տեղեկատվական ներխուժումների և մանիպուլյացիաների տեսանկյունից։
Շեշտել է՝ «ինֆորմացիոն ներխուժումների, ինտերվենցիաների» ազդեցությունը մեղմվել է փաստեր ստուգող, որակյալ տեղական լրատվամիջոցների և միջազգային ԶԼՄ-ների հակազդեցության շնորհիվ․
«Իհարկե, մենք գիտենք, որ այդ ինտերվենցիան նաև հիմնվում էր մեր երկրի ներսում, նաև լրատվական դաշտում «հինգերորդ շարասյան» վրա, որոնք սպասարկում էին այդ ռուսական շահերը»,– ընդգծել է Մելիքյանը։
Կրեմլին ցույց տվեցինք՝ ուզում ենք ինքնիշխան երկիր ունենալ
ԽԱՊԿ նախագահը կարծում է՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանը հաղթահարել է «մի մեծ արհավիրք»։ Ասում է՝ փորձ էր արվում ընտրությունների միջոցով այլափոխել հայաստանյան քաղաքական դաշտը․
«Դասական իմաստով քաղաքական ուժերի հետ մենք գործ չունեինք։ Գործ ունեինք ներկայացուցիչների հետ, որոնց սատարում էր Կրեմլը։ Նրանց այլ երկրի ներկայացուցիչներ [նկատի ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքը] էին համարում նաև հասարակության մեջ․ ասոցացվում էին ՌԴ հետ»։
Նրա խոսքով՝ հասարակության հավաքական գիտակցությունն աշխատեց, ինչը նշանակում է, որ հասարակությունը բավականին լավ է զգում այն վտանգը, որը կարող է լինել պետության համար։
Ընդգծում է՝ քվեարկությամբ ՀՀ քաղաքացիները Կրեմլին ցույց տվեցին, որ ուզում են ունենալ «անկախ ու ինքնիշխան» պետություն․
«Պատերազմ էր հայտարարված մեր երկրին, և բացեիբաց պահանջներ էին ներկայացվում։ Հիշում եմ Պուտինի հորդորը [Փաշինյանին], թե՝ ռուսական ուժերին թույլ տվեք մասնակցեն և այլն։ Մատչելի լեզվով ասաց՝ ես մարդ եմ ուղարկել, թույլ տվեք, թող դառնա վարչապետ, Ձեր գնալու ժամանակն է»։
Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ Մոսկվայում հնչած հայտարարութունները և՛ միջազգային իրավունքի, և՛ միջպետական հարաբերությունների «ցինիկ ոտնահարում» էին։
Ռուսաստանի բանաձև սա է՝ «կամ իմ ստրուկն ես, կամ՝ թշնամին»
Մելիքյանի բնորոշմամբ՝ Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված է հետևյալ բանաձևի վրա՝ «կամ իմ ստրուկն ես, կամ՝ թշնամին»։
Ըստ նրա՝ հունիսի 7-ին կայացած ընտրություններով Հայաստանի քաղաքացիներն ասացին՝ «մենք քո ստրուկը չենք»․
«Շատ կարևոր է, որ նաև ասենք, որ քո թշնամին էլ չենք։ Մենք կարող ենք հարաբերություններ ունենալ քաղաքակիրթ և այլն, եթե դու թշնամություն չանես»,- նկատել է նա։
ԽԱՊԿ նախագահն անդրադարձել է նաև նախընտրական շրջանում Մոսկվայից հնչող հայտարարություններին, թե՝ Հայաստանը պետք է հնարավորինս արագ «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» հարցը հանրաքվեի դնի և որոշում կայացնի։ Ինքը՝ Մելիքյանը, համապետական ընտրություններից ավելի լավ հանրաքվե չի պատկերացնում։
«Մեր հասարակությունը շատ լավ պատկերացում ուներ, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ինչ արտաքին քաղաքականություն է վարում։ Եվ մեծամասնությամբ հասարակությունն իր քվեն տվել է այս քաղաքական ուժին»,- հայտարարել է նա և հավելել՝ հանրաքվեի պահանջը կարելի է ուղարկել «գրողի ծոցը»։
Ընտրակաշառքով ԱԺ հասած ընդդիմությունը՝ օրենքների հեղինակ
Խոսելով ընտրությունների նախնական արդյունքների մասին՝ Աշոտ Մելիքյանը նշել է՝ ձևավորվելիք խորհրդարանի կազմն իրեն լավատեսություն չի ներշնչում։
Ասում է՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ներկա էր նաև նախորդ գումարման ԱԺ-ում, ուստի Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ»-ին փոխարինելու է գալիս Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը»։ ԽԱՊԿ նախագահի խոսքով՝ որակյալ բանավեճի ակնկալիք պետք չէ ունենալ։
«Ինձ համար շատ վատ խորհրդարան է, այն պարզ պատճառով, որ անցել է մի ուժ, որը քվե է հավաքել ընտրակաշառքների միջոցով։ «Ուժեղ Հայաստանը» շանս չուներ այսքան ձայն հավաքելու, եթե հանենք ընտրակաշառքի պահը»։
Խայտառակություն է որակում այն, որ խորհրդարանում լինելու են պատգամավորներ, որոնք «ընտրվել» են ընտրակաշառքի միջոցով, և պետք է օրենքներ գրեն քաղաքացիների համար։
Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչև օրս Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք բացահայտումներ է արել կապված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական հանցագործությունների հետ։
«Այն, ինչ իրավապահ մարմիններն արեցին, իհարկե, շատ գովելի է, և շատ բարձր եմ ես գնահատում իրենց աշխատանքը։ Բայց դա, իմ կարծիքով, այսբերգի վերին մասն է ընդամենը»,- նշել է Մելիքյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԽԱՊԿ նախագահը՝ ՀՀ ընտրությունների մասին