«Բաքվում պահվող բոլոր հայերը կյանքի սպառնալիքի ներքո են»․ հայ իրավապաշտպան
Իրավապաշտպանը՝ հայ գերիների դատավարության մասին
«Ադրբեջանում գտվող յուրաքանչյուր հայ գտնվում է կյանքի սպառնալիքների ներքո, նույնիսկ սեփական կամքին հակառակ դիրքորոշումներ կարող են արտահայտել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ դա արտացոլվել է թելադրված ցուցմունքներում։ Մասնավորապես՝ բազմաթիվ հայրենադարձված գերիներ հարկադրանքի, խոշտագումների ներքո ստորագրել են այնպիսի փաստաթղթերի տակ, որոնք «որևէ կերպ չեն արտացոլել իրենց իմացության ներքո գտնվող տեղեկատվությունը»։
Միևնույն ժամանակ նկատել է՝ Բաքվում պահվող հայ գերիները հանդես են գալիս նաև ազատ կամարտահայտությամբ՝ պատրաստ լինելով կրել դրա բոլոր հետևանքները։ Սահակյանը, մասնավորապես՝ նկատի ունի Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի և Դավիթ Իշխանյանի կողմից հրապարկվող ուղերձները։
«Ուղերձները վերլուծելիս զգուշավորություն պետք է ցուցաբերել, հասկանալ՝ որն է թելադրված, Բաքվի իշխանությունների կողմից ուղղորդված, թե ազատ կամք, որի առնչությամբ չենք բացառում խոշտանգումներ։ Պարզապես ուղերձ հղողներն այնպիսի իրավիճակում են, որ այլընտրանք չունեն, անգամ սպանվելու սպառնալիքներով ստիպված են հղել այդ ուղերձները»,- նկատել է նա։
Ասուլիսում իրավապաշտպանն անդրադարձել է Բաքվի վարած «պատանդային դիվանագիտությանը», հայ գերիների դատավարությանը, Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու այցելելու նախաձեռնությանը և ոչ միայն։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բաքվում պահվում են 19 հայ գերիներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։ 2026 թ․-ի փետրվարի 5-ին, ադրբեջանական դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել ԼՂ-ի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ ԼՂ-ի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ազատազրկվել էին 20 տարով․ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը Բաքուն առանձին էր քննում։ Նա 20 տարվա ազատազրկման դատապարտվեց այս տարվա փետրվարի 17-ին։
Ստորև ներկայացնում ենք ասուլիսի կարևոր դրվագները
- «ՄԻԵԴ-ի վճիռը կասկածի տակ է դնում Ադրբեջանի «հայրենական» պատերազմի լեգիտիմությունը»․ կարծիքներ
- «Լսումները վերածվել են բացահայտ ֆարսի»․ Ռուբեն Վարդանյանը՝ պաշտպանից հրաժարվելու մասին
- «Բաքվում ընտրովի արդարադատություն է իրականացվում»․ հայ գերիների գործի մասին
Բաքուն «պատանդային դիվանագիտություն» է վարում
«Գերիների ազատ արձակումը նախևառաջ ենթադրում է անմիջական քաղաքական լուծում, քանի որ գերեվարումն ինքին կապված է հակամարտության հետ»,- արձանագրել է Սիրանուշ Սահակյանը։

Ասում է՝ հակամարտության լուծումը ենթադրում է անազատության մեջ պահվող անձանց ազատ արձակման պարտավորություն։
Միևնույն ժամանակ արձանագրել է՝ Ադրբեջանը գերիների խնդիրն օգտագործում է պատանդային դիվանագիտության նպատակով՝ հակամարտության կարգավորման պրոցեսում գործիքայնացնելով այն։
Օրինակ է բերել, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին և նշել․
«Նրանց արժեքը պատանդային դիվանագիտության տեսանկյունից այլ է։ Այս պայմաններում պետք է նաև ապավինել մարդու իրավունքների իրավական պաշտպանությանը»։
Մեղադրանքները որևէ ապացույցով չեն հիմնավորվել
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը զրկված է Բաքվում պահվող 15 hայ գերիների գործով դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից։
«Մեզ հասանելի է բացառապես քաղվածքը, որը պարունակում է դատապարտված հոդվածների և պատժի վերաբերյալ տեղեկություններ, այն ամբողջական տեքստ չէ»,- հայտնել է նա։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճռի անգլերեն թարգմանությունները, սակայն, հասանելի են։ Ընդհանուր ծավալը 3302 էջ է։
Սահակյանն ուսումնասիրել է դրանք ու արձանագրել՝ տեղի են ունեցել մարդու իրավունքների աննախադեպ խախտումներ․
«Ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ։ Մենք մեր փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ։ Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է համար, գործը քննվելու է դատարանի կողմից»։
Իրավապաշտպանի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն անհայտ մեթոդաբանությամբ զոհերի հաշվարկ է իրականացրել և պնդել, որ հակամարտության շրջանակներում սպանվել են 18 հազարից ավելի բնակիչներ․
«Իսկ քանի որ Ռուբեն Վարդանյանը 2022 թ․ անդամակցել է այդ հանցավոր կազմակերպությանը [նկատի ունեն ԼՂՀ-ն]՝ պաշտոն զբաղեցնելու տեսքով, բոլոր մարդկային կյանքերի պատասխանատուն հենց Վարդանյանն է»։
Իրավապաշտպանի տեղեկացմամբ՝ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։
Բաքուն «հանցավոր գործունեություն» է որակել նաև՝
- Վարդանյանի կողմից Արցախում տարբեր սոցիալական-բարեգործական ծրագրերի իրականացումը,
- դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգումը,
- Արցախյան մեծ հարսանիքի (250 ընտանիքի) ֆինանսավորումն ու որպես կնքահայր նորաստեղծ ընտանիքներին աջակցելը։
Նրա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացվել է՝ որպես «ահաբեկչության» հետ կապված գործունեություն, իսկ Արցախ այցելած մրցանակակիրները՝ «հանցավոր կազմակերպության» անդամ:
«Օրինակ՝ դափնեկիր է հանդիսացել Իրաքի քաղաքացի, նրա կողմից մրցանակը ստանալը, նաև գումարային տեքսով ֆինանսավորումը, որակվել է որպես Իրաքի քուրդ վարձականների ֆինանսավորում»,- մանրամասնել է նա։
Ընդգծել է՝ Վարդանյանի գործը դուրս է մեկ մարդու ճակատագրի շրջանակներից․ այն առնչվում է արդար դատաքննությանը, արդարադատության որակին, մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության առանցքային հարցերին։
«Մասնագիտական հանրությունը լուրջ անելիք ունի, և չպետք է թույլ տա, որ առանց ապացույցների մեղադրանքներն ու դատապարտումները դառնան նախադեպ և ստանդարտ պրակտիկա»,— նկատել է Սահակյանը։
Գերիները մեկուսացված են արտաքին աշխարհից
Իրավապաշտպանը հերթական անգամ ընդգծել է՝ Բաքվում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ կապ չունեն.
«Նրանք չեն տեսնում հարազատների, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների, այսինքն՝ պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում»:
Ըստ Սահակյանի՝ միակ շփումը ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցություններն են.
«Սակայն բոլոր զանգերը վերահսկվող են, հայեցողական են և կախված բովանդակությունից՝ կարող են նաև հարկադիր ընդհատվել»։
Տարբեր է նաև զանգեր կատարելու թույլատրելի հաճախականությունը․
«Օրինակ՝ երեք դատապարտվածներ կարողանում են զանգել 40 օրը մեկ հաճախականությամբ, իսկ մյուսների դեպքում ապահովված է շաբաթական 1 անգամ զանգ։ Զանգի տևողությունը փոփոխական է՝ 2 րոպե, 3 րոպե, որոշ դեպքերում՝ 10 րոպե»։
Ոմանք ծեծի հետևանքով կոտրվածքներ են ստացել
Սահակյանի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին հեռախոսազանգերի ընթացում գերիներն ինտենսիվորեն բարձրաձայնում են առողջական խնդիրների, պատշաճ բուժօգնության բացակայության մասին․
«Որոշակի ժամից հետո բուժանձնակազմի ներկայացուցիչ չկա այդ հաստատությունում, անհրաժեշտության դեպքում հրատապ օգնության ցուցաբերելու հնարավորությունը բացակայում է։ Կարող է ծայրահեղ իրավիճակում որոշ սիմպտոմներ մեղմելու դեղորայք տրվել»։
Արձանագրվել են նաև ծեծի հետևանքով կոտրվածքի առաջացման դեպքեր։ Ինքը՝ Սահակյանը, տեղեկություններ ունի, թե կոնկրետ ով է կոտրվածքներ ստացել։ Ասում է՝ անուններ հրապարակել չի կարող։
Թիրախավորվում են նույնիսկ կրոնական խորհրդանիշները
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան համատեքստում նշանակություն ունեն նաև կրոնական տարրերը։ Օրինակ է բերել այն, որ ԼՂ-ում ոչնչացվում է հայկական կրոնական ժառանգությունը։
Բացի այդ, գերիների նկատմամբ թիրախավորված գործողություններ են տեղի ունենում կրոնական խորհրդանիշների առնչությամբ, դրանք արձանագրված են նաև միջազգային զեկույցներում․
«Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը»։
Ասում է՝ թեև որոշ սահմանափակ գրքեր գերիներին տրամադրվել են, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը։
«Եղել են դեպքեր, երբ արձանագրել ենք, որ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- պատմել է Սահակյանը։
Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկը
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով ստեղծել կանանց միջազգային հումանիտար պատվիրակություն, որը սեպտեմբերին կմեկնի Բաքու: Զոնաբենդն ակնկալում է, որ կանանց խումբը կունենա Ադրբեջանի օմբուդսմենի հովանու ներքո հայ գերիներին տեսակցելու, նրանց անձնական իրեր, լուսանկարներ ու նամակներ փոխանցելու հնարավորություն։
Ներկա պահին հարցը քննարկվում է Հայաստանի իշխանությունների հետ։
Մուտքի արտոնագրերի, անվտանգային խնդիրների և քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու կանոնակարգումների պատճառով ծրագիրն անհնար է իրականացնել որպես մասնավոր նախաձեռնություն։
Արդեն կայացել է Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Վերոնիկա Զոնաբենդի և Վարդանյանի պաշտպանական թիմի հետ։
«Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ՝ ոչ քաղաքական մակարդակում։ Քաղաքական անձինք մեզ հետ չեն հանդիպել։ Քանի որ ՀՀ-ում գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է գերիների, անհայտ կորածների հարցերով, հանձնաժողովի ներկայացուցիչ է եղել»,- խոսելով կայացած հանդիպման մասին՝ նկատել է իրավապաշտպանը։
Սահակյանի խոսքով՝ խնդրել են, որ Հայաստանը հստակ դիրքորոշում արտահայտի, թե արդյոք նման նախաձեռնությունը կարող է արժանանալ պետական աջակցության։
«Պաշտոնական պատասխան դեռ չունենք։ Հարցը քննարկման փուլում է։ Ակնկալում ենք, որ սեղմ ժամկետներում պետական դիրքորոշում կձևավորվի»,- նշել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։
Ասում է՝ ներկա պահին կա առնվազն 2 կարևորագույն հարց՝
- «Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեության դադարի պայմաններում այցելությունների հնարավորությունների ստեղծումը, մասնավորապես՝ երրորդ երկրի միջոցով Բաքվում գտնվող հայերին ՀՀ կողմից հյուպատոսական ծառայությունների մատուցումը,
- մարդասիրական նախաձեռնությունների իրականացումը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Իրավապաշտպանը՝ հայ գերիների դատավարության մասին