Թրամփ-Պուտին բանակցությունների արձագանքը. տարակուսանքից մինչև վրդովմունք
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Ֆինլանդիայի մայրաքաղաքում, հաղորդում է CNN-ը:
Երկկողմանի բանակցությունները երկու մասից էին կազմված: Սկզբում Պուտինն ու Թրամփն առանձնացան և տետ-ա-տետ զրուցեցին, ավելի ուշ նրանց միացան պատվիրակությունների անդամները:
Ինչի՞ մասին էր խոսքը և ինչի մասին չէր
Համատեղ մամուլի ասուլիսին Դոնալդ Թրամփը իրարանցում առաջացրեց իր այն հայտարարությամբ, թե ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս աննախադեպ վատ վիճակի համար «մեղավոր են երկու կողմերն էլ, երկու երկրներն էլ նախկինում սխալներ են թույլ տվել»:
Համաշխարհային լրատվամիջոցներն ուշադրություն դարձրին, որ ԱՄՆ նախագահն ամբողջությամբ անտեսում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին, Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող ռազմական գործողություններին Ռուսաստանի միջամտությունը, թեև հենց այս գործոններն են ճգնաժամի հանգեցրել երկկողմանի հարաբերություններում:
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ Թրամփը կրկին արծարծել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության թեման: Պուտինը հերթական անգամ հերքեց բոլոր մեղադրանքները: Գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին ԱՄՆ նախագահը հաղորդեց, որ ինքը հիմքեր չունի ենթադրելու, թե Կրեմլն ազդել է ԱՄՆ ընտրությունների արդյունքի վրա:
Նա հայտարարեց. «Ոչ մի դավադրություն էլ չկար: Ես չէի ճանաչում այս նախագահին [Պուտինին]: Ո՞ւմ հետ պետք է պայմանավորվեի, և ոչ մի գաղտնի համաձայնություն իմ արշավի ետևում չի եղել»:
Թրամփը քննադատեց նաև դատախազ Ռոբերտ Մյուլերին, որը զբաղվում է ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննությամբ: Գագաթնաժողովից մի քանի օր առաջ Մյուլերն ամերիկյան ընտրություններին միջամտելու մեղադրանք ներկայացրեց ռուսական հետախուզության 12 աշխատակցի (ընդհանուր առմամբ այս հանցագործության համար մեղադրանք է առաջադրվել ՌԴ 20 քաղաքացու):
Վլադիմիր Պուտինը գոհ էր հանդիպումից: «Մենք լավ զրուցեցինք նախագահ Թրամփի հետ, սկսեցինք ավելի լավ հասկանալ միմյանց, և ես շնորհակալ եմ Դոնալդին դրա համար», — ասաց նա ասուլիսին:
Դաշնակիցներն ու հակառակորդները շոկի մեջ են
ԱՄՆ-ում Թրամփին կտրուկ քննադատության արժանացրին նրա արտահայտությունների համար: ԱՄՆ ներկայիս նախագահի ավանդական քննադատների շուրթերից հաճախ է հնչում «ամոթալի ձախողում» բնորոշումը, գրում է Բի-Բի-Սին:
Առավել կտրուկ արտահայտվեց Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը, որն իր Թվիթերում գրել էր. «Կատարվածը դուրս է գալիս լուրջ հանցագործության շրջանակից: Դա դավաճանություն է»:
Սակայն այն մարդկանց շրջանակում, որոնք վրդովվեցին Թրամփի հայտարարություններից, այս անգամ շատ էին սովորաբար ԱՄՆ նախագահին հավատարիմ քաղաքական գործիչները:
Օրինակ, հանրապետական սենատոր Փոլ Ռայանը հայտարարեց. «Կասկածներ չկան, որ Ռուսաստանը միջամտել է մեր ընտրություններին և շարունակում է ժողովրդավարության հանդեպ ոտնձգություններն ամբողջ աշխարհում: Նախագահը պետք է հասկանա, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ: ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա այն բանի վրա, որպեսզի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկի և վերջ դնի ժողովրդավարության հանդեպ Պուտինի ոտնձգություններին»:
CNN-ի թղթակից Անդերսոն Քուփերը Պուտին-Թրամփ հանդիպումից հետո կայացած ասուլիսն անվանեց «ԱՄՆ նախագահի ամենաամոթալի մամուլի ասուլիսը պատմության մեջ»:
Fox News հեռուստաալիքը, որը մշտապես հավատարիմ է հանրապետականներին և Թրամփին, Հելսինկիի բանակցությունները գնահատեց որպես «նահանջ»:
Հասցեագրված է երկուս
Վերջին երկու օրերին Հելսինկիում բողոքի ակցիաներ էին անցկացվում Պուտինի և Թրամփի դեմ: Ցուցարարների մեծ մասը փողոց էր դուրս եկել հուլիսի 15-ին, քանի որ այդ օրը հանգստյան օր էր: Նրանք քննադատում էին ԱՄՆ միգրացիոն քաղաքականությունն ու նախագահ Թրամփի իսլամաֆոբիան, գեյ պրոպագանդայի մասին ռուսական օրենքն ու Ռուսաստանում խոսքի ազատության հանդեպ ոտնձգությունները: Բոլոր միջազգային լրատվամիջոցները տարածեցին Հելսինկիի երկու կին բնակիչների լուսանկարը՝ «Երկուսդ էլ գրողի ծոցը գնացեք» պաստառով: