Թբիլիսիում տեղադրել են ներողություն խնդրող ներքին գործերի նախարարի կիսանդրին
Մայիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի շենքի առջև հայտնվել է ներքին գործերի նախրար Գիորգի Գախարիայի կիսանդրին: Այն տեղադրել են ակտիվիստները: Կիսանդրու վրա կա կարմիր կոճակ. սեղմելու դեպքում նախարարը ներողության խոսքեր է հնչեցնում:
Բացի այդ, ամբողջ քաղաքում փակցվել են պաստառներ՝ առաջին հայացքից տարօրինակ գրառումներով. «Սկսենք ներողություն խնդրելուց», «Ո՛չ ազատությանը», «Իշխանությունն ու իրավունքը՝ օլիգարխին», «Ուզում ենք, որ դատական համակարգը ենթարկվի իշխանությանը», «Ո՛չ խոսքի ազատությանը», «Ինչո՞ւ պարենք»:
Բողոքի նման ձև են ընտրել ակտիվիստները, որոնք դժգոհ են իշխանությունների քաղաքականությունից: Մայիսի 12-ն ընտրվել է որպես 2018թ. նույն օրվա իրադարձությունների տարելից։ Այդ օրը ոստիկանությունը թմրավաճառներ և թմրանյութ օգտագործողներ հայտնաբերելու կասկածանքով ագրեսիվ ստուգայցեր իրականացրեց Թբիլիսիի երկու հայտնի ակումբներում: Ծեծի ենթարկվեցին տասնյակ մարդիկ:
Այդ ժամանակ ոստիկանության գործողությունները սադրեցին երիտասարդության զանգվածային բողոքի ակցիաներ: Մի քանի հազար մարդ եկել էր խորհրդարանի մոտ: Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ իրենց նպատակն է ոչ միայն ազատականացնել նարկոքաղաքականությունը, այլև պաշտպանել ազատ հասարակությունը:
«Մենք պարում ենք միասին և պայքարում ենք միասին՝ հանուն մեր ազատության». սա դարձել էր 2018թ. մայիսի 12-13-ին անցկացվող երկօրյա ակցիայի կարգախոսը: Խորհրդարանի դիմացի հրապարակում ժամեր շարունակ միացրել էին էլեկտրոնային երաժշտություն, գունավոր ծուխ էին բաց թողնում, և երիտասարդությունը պարում էր:
• Ի՞նչ է կատարվում Թբիլիսիում: Ինչո՞ւ էին մարդիկ պարում խորհրդարանի շենքի մոտ
• Մեկնաբանություն. Վրաստանում մենթալ անդունդ կա երիտասարդության տարբեր խմբերի միջև
Հենց այդ ժամանակ ցուցարարների մոտ եկած Գիորգի Գախարիան սկսեց նրանից, որ ներողություն խնդրեց ստուգայցերի ընթացքում ոստիկանության կոշտ գործողությունների համար, խոստացավ աշխատանքներ սկսել նարկոքաղաքականությունը մեղմացնող օրենսդրական փոփոխությունների շուրջ, առաջարկեց սկսել խաղաղ, հանգիստ կյանք՝ քաղաքացիական հանրության, երիտասարդության և իրավապահ կառույցների միջև փոխըմբռնմամբ:
«Այս ինստալիացիայով ցանկանում ենք հիշեցնել նախարարին, որ իր հրապարակային խոստումից՝ ամենակարճ ժամկետներում լուծել մի շարք խնդիրներ, անցել է մի ամբողջ տարի, բայց ըստ էության ոչինչ չի փոխվել: Մենք տեղադրել ենք նախարարի կիսանդրին, որը ինչպես և հենց ինքը, ներողություն է խնդրում, բայց այդ ներողությունները ոչ մի բարելավումների չեն հանգեցնում», հայտարարել է ակտիվիստներից մեկը՝ Ալեքսանդրե Ջավախիշվիլին:
«2018թ. մայիսի 12-ին պետությունը ձեռնարկեց չափազանց կոշտ գործողություններ ոչ միայն որոշակի ակումբների նկատմամբ, որտեղ հավաքվում է երիտասարդությունը, և ոչ միայն երիտասարդության նկատմամբ ընդհանուր առմամբ, այլև երկրի նկատմամբ ընդհանուր առմամբ: Եվ ճիշտ կլիներ, որպեսզի այս օրն անցներ առանց հետքի, առանց մեկ տարվա վաղեմության իրադարձությունների մասին հիշատակելու»,- լրագրողներին ասել է Տաթո Գեթիան, որ 2018թ. ստուգայցի ժամանակ տուժած «Բասիանի» ակումբի հիմնադիրներից է:
«Մենք դիմել ենք բողոքի այս ձևին, քանի որ բոլոր սոցիալական պատվերներին իշխանությունը պատասխանում է հակառակ միջոցներով: Գուցե հիմա, երբ բարձրացվել են պահանջներ, որ մեզ պետք չէ մամուլի ազատություն կամ անկախ դատարաններ, մենք ի վերջո ստանանք այն, ինչ ցանկանում ենք»:
Բաներները ոստիկանությունն արագ վերացրել է: Բայց նախարարի կիսանդրին դեռ կանգնած է խորհրդարանի առջև: Կողքը ոստիկանության ուժեղացված կարգ է հերթապահում: Սակայն, իրավապահների խոսքով, նրանք իրենց ղեկավարի կիսանդրու մոտակայքում են, որպեսզի կարգ ապահովեն, պաշտպանեն Վրաստանի քաղաքացիների «ազատ կամարտահայտման իրավունքը՝ և ոչ ավելին»: