Ընտրություններ Վրաստանում․ իշխող կուսակցությունն առաջատարն է շրջաններում, բայց ոչ Թբիլիսիում
Ըստ նախնական արդյունքների, որոնք հրապարակել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 3-ի առավոտյան՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 48,56 տոկոս ձայն և մեծ տարբերությամբ հաղթում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որոնք անցկացվել են հոկտեմբերի 2-ին։
Սա գրեթե 40% քվեաթերթիկների հաշվարկի արդյունքն է։
Ընդդիմությունը հոկտեմբերի 2-ի քվեարկությունը հանրաքվե էր անվանում։ Այս ընտրությունների հիմնական ինտրիգն այն էր, թե արդյոք իշխող թիմը կհավաքի 43 տոկոս ձայն։ Եթե չստացվեր, պետք է անցկացվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ըստ համաձայնագրի, որն իշխանությունն ու ընդդիմությունը ստորագրել էին 2021 թ․ գարնանը, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Իշխող կուսակցությունը միակողմանի կերպով դուրս էր եկել այդ համաձայնագրից ընտրություններից երեք ամիս առաջ։ Սակայն ընդդիմությունը շարունակում էր ընտրությունները հանրաքվե անվանել։

Երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», 32,32 տոկոս ձայն է հավաքել։
Երրորդ տեղում է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 6,87 տոկոս ձայնով։
Մնացած կուսակցությունների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
«Գիրչի՝ ավելի շատ ազատություն, Զուրաբ Ջափարիձե»՝ 4,8 տոկոս,
«Լելո»՝ 2,6 տոկոս,
«Եվրոպական Վրաստան»՝ 1,82 տոկոս,
«Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 1,42 տոկոս,
«Երրորդ ուժ»՝ 1,27 տոկոս,
«Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»՝ 1,25 տոկոս,
«Գիրչի»՝ 1,04 տոկոս,
«Քաղաքացիներ»՝ 0,61 տոկոս,
«Հանուն ժողովրդի»՝ 0,6 տոկոս։
Ընդդիմությունը Թբիլիսիում ավելի շատ ձայն է հավաքել, քան շրջաններում
Ի տարբերություն շրջանների՝ երկրի քաղաքական կենտրոն Թբիլիսիում «Վրացական երազանքը» շատ ավելի ցածր արդյունքներ ունի։
Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ իշխող կուսակցությունը Թբիլիսիում չի կարողացել հաղթահարել «Միշելի համաձայնագրով» նախատեսված 43-տոկոսանոց շեմը։
Նախնական տվյալներով՝ իշխող կուսակցությունը մայրաքաղաքում հավաքել է 41 տոկոս, ընդդիմությունն՝ ընդհանուր առմամբ մոտ 59 տոկոս։
Քաղաքապետների ընտրություններ․ երկրորդ փուլ կլինի Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Փոթիում և Բաթումում
Քաղաքապետների ընտրության արդյունքների համաձայն՝ շատ քաղաքներում, ըստ ամենայնի, երկրորդ փուլ կլինի։
Հինգ քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Փոթիում, Քութայիսիում և Բաթումում, հավանաբար, երկրորդ փուլ կանցկացվի։
Դրանցից երեքում՝ Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումում, նախնական տվյալներով, առաջատար են ընդդիմադիր «Ազգային շարժման» (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը) թեկնածուները։
Թբիլիսիում ներկայիս քաղաքապետ Կախա Քալաձեն ստացել է 45,5 տոկոս ձայն, «Ազգային շարժման» թեկնածու Նիկա Մելիան՝ 34,13%։
Զուգդիդիում՝ Սամեգրելոյի շրջանում, առաջատար է քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Անզոր Մելիան։ Նա գրեթե ութ տոկոսով ավելի շատ ձայն է հավաքել, քան իշխանության թեկնածու Մամուկա Ցոցերիան։