«Անհամաչափ միջոցը մարդուն զրկեց կյանքից»․ կարծիքներ՝ ՀՀ-ում ընդդիմադիր գործչի մահվան մասին
Ընդդիմադիր գործչի մահվան դեպք Հայաստանի ՔԿՀ-ում
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում այսօր մահացել է ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանը։ Գևորգյանն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն էր Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում։ Ընտրություններից օրեր առաջ, սակայն, նա կալանավորվել էր ընտրակաշառքի գործով։
Քրեակատարողական հիմնարկից չեն նշել Գևորգյանի մահվան պատճառը։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը մահացել է սրտի կաթվածից։ Հարազատները հայտնել են, որ նախկինում նա առողջական խնդիրներից չի բողոքել։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր թիմակցի՝ Արսեն Գևորգյանի մահվան համար մեղադրել է իշխանություններին՝ պնդելով, որ գործիչը կալանավորվել էր «վարկաբեկման արշավի» շրջանակներում և «անհիմն մեղադրանքներով»:
«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են», — հայտարարել է «Ուժեղ Հայաստանը»։
Իրավապաշտպաններն Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մանրամասն քննության անհրաժեշտություն են տեսնում։
Քաղաքացիները նույնպես ակտիվորեն քննարկում են թեման սոցցանցերի հայկական տիրույթում։ Նրանք բարձրացնում են մի շարք հարցեր, այդ թվում՝ հնարավոր անհամաչափ խափանման միջոցի հետ կապված և պատասխանատվության սլաքներն ուղղում ՀՀ իշխանությունների ուղղությամբ։
Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ առաջադրված էր կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանն ընտրություններից 4 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, ձերբակալվել էր։ Նույն օրը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Գևորգյանը մի քանի տասնյակ ընտրողի գումար էր տվել «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով։ Ինքը՝ Գևորգյանը չէր ընդունում առաջադրված մեղադրանքը։ Թիմակիցները նրա կալանավորումը քաղաքական հետապնդում էին որակում։
Ստեփանավանում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանու 21 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Գործարար» կուսակցություն՝ 9 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 8 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ 4 մանդատ։
Այս պահին հայտնի մանրամասները, կարծիքներ
- Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված գործով ձերբակալվել է գործարար Սամվել Կարապետյանը
- «ՌԴ և ԵԱՏՄ որոշ շրջանակներ աջակցում են ՀՀ ընդդիմության գաղտնի պլանին». Փաշինյան
- Ծեծկռտուք ՀՀ խորհրդարանում. Փաշինյանն աջակցություն է հայտնել կուսակիցներին
Ի՞նչ է հաղորդվել պաշտոնապես
Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունը վատթարացել է, հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։
«Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Լրագրողները Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրել են՝ եթե պարզվի, որ պատշաճ բուժգնություն չի ցուցաբերվել, ո՞վ է պատասխանատվություն կրելու, արդյոք նախարարությունը պատրա՞ստ է պատասխանատվություն ստանձնել։ Հարցին նախարարը չի արձագանքել։
Գալյանը միայն հաստատել է՝ մինչ այս Արսեն Գևորգյանը հիմնարկում գտնվելու ընթացքում ինքնազգացողության վատացում չի ունեցել, երբևէ առողջությունից չի բողոքել։
«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»,- անդրադառնալով ընդդիմադիր գործչի մահվանը՝ հայտարարել է Գալյանն ու ցավակցել մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Նախարարի փոխանցմամբ՝ 2025 թ․-ին գրանցվել է ՔԿՀ-ներում մահվան 20 դեպք, իսկ 2026 թ․-ին՝ 4 դեպք։
Իրավապաշտպանի կարծիքը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ պետք է իրականացվի «մանրակրկիտ և թափանցիկ քննություն»։
Մասնավորապես՝ պետք է պատասխան ստանան հետևյալ հարցերը՝
- «արդյո՞ք Գևորգյանն ուներ քրոնիկ խնդիրներ, որոնց մասին հայտնել էր քրեակատարողականին,
- ե՞րբ է վատացել Գևորգյանի ինքնազգացողությունը, այդ մասին (ինքը կամ խցակիցները) ե՞րբ են հայտնել քրեակատարողականի ծառայողներին և ինչպիսին է եղել քրեակատարողականի ծառայողների ռեակցիան/գործողությունները (րոպե առ րոպե),
- ե՞րբ է խնդրի մասին հայտնի դարձել բուժանձնակազմին և ինչպիսի՞ն են եղել վերջիններիս գործողությունները (րոպե առ րոպե)»։
«Այս հարցերի պատասխանները պետք է ժամ առաջ ներկայացվեն հանրությանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Իոաննիսյանը։
Մեկնաբանություններ սոցցանցերից
Սոցիալական ցանցերում գերակշռում են մեկնաբանությունները, որոնցում ՀՀ քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում ընդդիմադիր գործչի մահվան և դրան նախորդած կալանավորման որոշման հետ կապված։
Ստորև ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն․
«Հերթական քաղաքական սպանությունը»։
«Լսեք, մեղավորը «Ուժեղ Հայաստանի» ղեկավարն է․ փողը տվել է, որ բաժանի։ Նիկոլը ի՞նչ մեղք ունի»։
«Ավելի լուրջ հանցագործները դրսում են, իսկ կաշառք տալու համար նստացնում են։ Տնային կալանք տայիք»։
«Ակնհայտորեն անհամաչափ խափանման միջոց կալանքը մարդուն զրկել է կյանքից: Այդ մարդը ո՞ւր էր փախչելու ձեր արդարադատությունից: Ո՞վ կարող է փախչել ձեր արդարադատությունից, եթե ընդհանրապես ունեք արդարադատություն: Կալանք և պատվեր տվողի խիղճը․․․»
«Կալանավորված մարդու կյանքի համար պատասխանատու է պետությունը։ Իսկ պետության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ, սա քո համակարգում է տեղի ունեցել։ Ու դու պատասխան ես տալու՝ ի՞նչ վիճակում էր նա, ստանո՞ւմ էր արդյոք բուժօգնություն, ու ինչու մարդը, որի մեղքը ոչ մի դատարան չէր ապացուցել, մահացավ բանտում»։
«Սա հերթական ծանր հիշեցումն է, թե ինչ ողբերգական հետևանքներ կարող է ունենալ քաղաքական հաշվեհարդարը։ Պահանջում ենք մահվան բոլոր հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ընդդիմադիր գործչի մահվան դեպք Հայաստանի ՔԿՀ-ում