Պայթյունի հետևանքով Երևանում շենք է մասնակի փլուզվել, 21 մարդ է փլատակներից դուրս եկել փրկարարների օգնությամբ
Երևանի Ռայնիսի փողոցում բնակելի շենք է մասնակի փլուզվել առավոտյան 7:18, ըստ նախնական վարկածի՝ գազի արտահոսքի պատճառով։ Փլված պանելային շենքի փլատակների տակ էր մնացել 58-ամյա տղամարդ։ Կեսօրից հետո փրկարարները դուրս բերեցին փլատակներից տակից նրա դին։
Հայաստանի ԱԻՆ ղեկավարը հաղորդել է, որ նա երկրորդ հարկի բնակիչ է, որտեղ էլ, ենթադրաբար, տեղի է ունեցել պայթյունը։ Փրկարարները կարողացել նրան մոտենալ միայն այն բանից հետո, երբ պանելները կռունկի միջոցով բարձրացվեցին։
Տուժածներից ևս երկուսը հիվանդանոցում են, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ 21 մարդ է փլատակների տակից դուրս եկել փրկարարների օգնությամբ։
Ինչո՞ւ է փլվել շենքը
Մանրամասները դեռևս հայտնի չեն։
Ըստ ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի՝ պայթյունի պատճառների մասին հնարավոր կլինի հանգամանալից խոսել միայն հետաքննության արդյունքները ստանալուց հետո։ Նախարարը հույս ունի, որ բնակելի շենքի մնացած մասը չի փլուզվի, քանի որ շենքն ամուր է։
Տուժածների մասին
Երեք մարդ է տուժել։ Նրանցից մեկին չհաջողվեց փրկել։
«Նա, հավանաբար, քնած է եղել պայթյունի պահին, իսկ հեռախոսը հեռու է շպրտվել», — ենթադրում էր մինչև նրա դին փլատակների տակից դուրս բերելը ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։
Տուժածներից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել։ 71–ամյա կնոջ վիճակը բժիշկները գնահատում են որպես միջին ծանրության։ Նրա մոտ անրակի և քթոսկրի կոտրվածքներ են հայտնաբերվել։
50 տարեկան տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Նա վերջույթների այրվածք է ստացել, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։