«Ուղերձ ծանր հարվածների մասին»․ ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության հնարավոր կասեցումը
ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու վերաբերյալ զեկույց
ԵԱՏՄ անդամ 4 երկրները կարող են քննարկել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի ժամանակավոր կասեցման հնարավորությունը։ Նման պնդում է արվում Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների զեկույցում։
Նշվում է նաև, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու պարագայում ՀՀ-ն տնտեսական լուրջ խնդիրների կբախվի, այդ թվում՝ ՀՆԱ-ի 15․6% անկման։
«Այդ զեկույցում մի 50 տոկոսով ամեն ինչ ուռճացված է»,- փաստաթղթին այսպես է արձագանքել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Լրագրողների հետ զրույցում նախարարը շեշտել է՝ միությունից դուրս գալու դեպքում երկրի տնտեսության համար բացասական ազդեցությունը մեծ չի լինի և գնահատվում է -0,61%։ Պապոյանի հնչեցրած տվյալները նույնպես ուսումնասիրության արդյունք են։ Կենտրոնական բանկի ու Ֆինանսների նախարարության գործընկերների հետ ստեղծել են աշխատանքային խումբ, որը գնահատել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ազդեցությունը։
Ի տարբերություն իշխող ուժի՝ խորհրդարանական ընդդիմությունը զեկույցում մատնանշված թվերը մտահոգիչ է համարում։ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է՝ եթե նույնիսկ կանխատեսումների կեսն է իրական, հետևանքներն «ապոկալիպտիկ» են լինելու։
Պաշտոնական Մոսկվան հրապարակված փաստաթղթի մասին որևէ մեկնաբանություն չի արել։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ չեն ծանոթացել զեկույցին։
Զեկույցի մանրամասները, արձագանքներ Երևանից, փորձագիտական կարծիք
- Սպառնալի՞ք, թե՞ դատարկ հոխորտանք․ արձագանք ՀՀ-ի «ուկրաինացման» մասին Մեդվեդևի հայտարարությանը
- Հայ արտադրողների արձագանքը ռուսաստանյան սահմանափակումներին․ կարծիքներ, թվեր
- «ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»․ Փաշինյան
Նախապատմություն
2026 թ․-ի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում մտահոգություն էին հայտնել, թե եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի քայլերը կարող են ռիսկեր ստեղծել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար։
Նրանք ՀՀ-ին կոչ էին արել հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։ Բացի այդ, երկրների ղեկավարներն իրենց ներկայացուցիչներին հանձնարարել էին մինչև 2026 թվականի դեկտեմբեր ներկայացնել զեկույց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։
Ի՞նչ է ասված զեկույցում
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի գործողությունները հակասում են ԵԱՏՄ պայմանագրի 3-րդ հոդվածով ամրագրված այն պարտավորությանը, ըստ որի՝ անդամ պետությունները պետք է նպաստեն միության գործառույթների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել միության նպատակների իրագործումը։
Ամենայն հավանականությամբ, հեղինակները նկատի ունեն ԵՄ-ին անդամակցելու մասին ՀՀ խորհրդարանի ընդունած որոշումն ու Եվրամիության հետ սերտացող քաղաքական ու տնտեսական կապերը։
Փաստաթղթում հերթական անգամ խոսվում է ՀՀ-ում «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» հարցով հանրաքվեի անցկացման մասին։ Հեղինակները նշում են, որ Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման որոշումը ընդունվելուց հետո կարող է պահպանվել մինչև այդ հանրաքվեի անցկացումը։
Նշվում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը ուղղակիորեն չի նախատեսում մեխանիզմ, որով անդամ պետությունները կարող են միակողմանիորեն կասեցնել պայմանագրի գործողությունը մեկ այլ անդամ պետության նկատմամբ։
Սակայն Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը հղում են արել միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիային (1969 թ.) և հավելել, որ չորս երկրները կարող են քննարկել համատեղ որոշման ընդունման հնարավորությունը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի և «միության իրավական համակարգի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի» գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ։
Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կնվազի 55,6%-ով։
Բացի այդ, կասեցումը կհանգեցնի մի շարք այլ հետևանքների՝
- մաքսային հսկողության և վճարների, ամբողջական սանիտարական հսկողության և ապրանքների հարկման վերականգնման,
- Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանման նվազման 30–50%-ով, իսկ վերաարտահանվող ապրանքների դեպքում՝ ավելի քան 90%-ով,
- Երկրի ՀՆԱ-ի 15,6%-ով անկման, գնաճի՝ 14,9 տոկոսային կետով աճի և սպառման 14,6%-ով կրճատման,
- Հայաստանի համար գազի գնի բարձրացման՝ հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից մինչև 300 դոլար, կամ 69%-ով,
- ՀՀ քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանների խստացման։
Արձագանքներ Երևանից
«ՀՀ-ն միշտ բարեխղճորեն է կատարել ԵԱՏՄ-ի առջև իր պարտավորությունները»
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է՝ Հայաստանը միշտ բարեխղճորեն է կատարել ԵԱՏՄ-ի առջև իր պարտավորությունները.
«Չկան այնպիսի պարտավորություններ, որոնք մենք կատարած չլինենք։ Մենք այս հարցը դիտարկում ենք որպես տնտեսական վեճ, ինչը վերաբերում է նաև տնտեսական սահմանափակումներին»։
Պապոյանի փոխանցմամբ՝ Երևանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով, նոյեմբերի 3-ին նիստ է կայանալու։
«ԵԱՏՄ կանոնակարգերն ինչի՞ մասին են։ Ասում է՝ եթե համարում ես, որ քո նկատմամբ անարդար են վարվել, որ սահմանափակում են արել և դա հիմնավոր չէ, դիմիր»,- մանրամասնել է նա։
Պաշտոնյան նկատի ունի, մասնավորապես՝ նախընտրական շրջանից մինչ օրս ՀՀ նկատմամբ կիրառվող ՌԴ տնտեսական սահմանափակումները։ Թեև արդեն իսկ դիմել են համապատասխան մարմնին, սակայն որոշման կայացումը խնդրահարույց է համարում։ Հիշեցնում է՝ դրա համար կոնսենսուս է հարկավոր, այն է՝ 5 երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությունը։
Ավելի վաղ Պապոյանը տեղեկացրել էր, որ տնտեսական հանձնաժողովի որոշման պարագայում ՌԴ-ն կպարտավորվի 30 օրվա ընթացքում բացել սահմանը հայկական ապրանքների համար։
Ի տարբերություն ԵԱՏՄ-ից դուրս գալու սցենարի՝ գազի գնի բարձրացման դեպքում նախարարը բացասական ազդեցության ակնկալիք ունի։
«Գազի գնի փոփոխությունը կարող է տարբեր աստիճանի ազդեցություն ունենալ՝ մի սցենարում 5 տոկոս, մյուսում՝ 7 և ավելի բարձր։ Նույնիսկ 1 տոկոս թանկացումը խիստ անցանկալի է»,- պարզաբանել է նա։
Այնուամենայնիվ, նույնիսկ գազի գնի բարձրացումը, ըստ նախարարի՝ ՀՀ տնտեսության վրա չի ունենալու այնպիսի հետևանք, որից երկիրը չկարողանա դուրս գալ․
«Սկզբունքորեն ինձ համար քննարկելի է և նույնիսկ նորմալ է, որ մենք պիտի ամեն ինչի համար վճարենք շուկայական գնով։ Եթե մենք ինչ-որ բանի համար չենք վճարում շուկայական գնով, դրա համար վճարում ենք այլ ինչ-որ ձևով»։
Ռուսական գազի գնի թանկացման շուրջ խոսակցությունների ֆոնին տարբեր պաշտոնյաներ և փորձագետներ ակնարկում են, որ էժան գազի և մնացած տնտեսական օգուտների դիմաց ՀՀ-ն տասնամյակներ շարունակ վճարել է իր ինքնիշխանությամբ։
«Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը չունի մտավախություն, թե ՀՀ-ի մասնակցությունը ԵԱՏՄ-ում կարող է ժամանակավորապես կասեցվել՝ նման ընթացակարգ սահմանված չէ․
«Հայաստանի Հանրապետությունը չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն»։
Շեշտել է՝ Հայաստանը դուրս չի գալիս միությունից, նման ցանկություն չի հայտնել։ Իսկ դա, ըստ ԵԱՏՄ կանոնակարգի՝ միակ հնարավոր տարբերակն է որևէ երկրի անդամակցությունը կասեցնելու համար։
«Մենք ուզում ենք, ինչպես տրամադրված ենք համագործակցային, այդպես էլ շարունակենք և հնարավորության դեպքում նաև սեղանի շուրջ քննարկենք բոլոր հարցերը, խնդիրները»,- նշել է նա։
Մեկնաբանություն
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի դիտարկմամբ՝ զեկույցում ուղղակիորեն քննարկվում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը։ Ընդ որում, առաջարկվում է այդ ռեժիմը պահպանել մինչև Հայաստանում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի անցկացումը։
Կարծում է՝ փաստաթղթի ամենահետաքրքիր հատվածը վերաբերում է ԵԱՏՄ մյուս անդամների հնարավոր կորուստներին։ Նշվում է, որ Հայաստանի անդամակցության կասեցումը նրանց համար էական տնտեսական խնդիրներ չի առաջացնի։
Մասնավորապես՝ Ռուսաստանի պարագայում ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանման ու ներմուծման կանխատեսվող կրճատումը չի գերազանցի 1%-ը։
«Զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է՝ Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը ԵԱՏՄ մյուս անդամների համար գրեթե անցավ կարող է լինել, մինչդեռ Հայաստանի համար՝ ծանր հարված»,- ասում է Դավթյանը։
Նրա փոխանցմամբ՝ ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու պարագայում առավել մեծ հարվածի տակ կհայտնվեն տնտեսության հետևյալ ճյուղերը՝ գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, ալկոհոլային արտադրանքը և թեթև արդյունաբերությունը։
«Սրանք այն ոլորտներն են, որոնց համար ռուսաստանյան շուկան տարիների ընթացքում դարձել է իրացման հիմնական ուղղություններից մեկը»,- մանրամասնել է նա։
Զգայուն է համարել աշխատանքային միգրացիայի խնդիրը։ Վահե Դավթյանի խոսքով՝ ԵԱՏՄ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են զրկվել գործող արտոնյալ ռեժիմից, բախվել աշխատանքի թույլտվությունների, սոցիալական ապահովության և հարկման նոր պայմանների։
Ուշադրության է հրավիրել նաև էներգետիկ բաղադրիչի՝ ռուսական գազի գնի բարձրացման վրա։
«ԵԱՏՄ անդամակցության կասեցումն ինքնաբերաբար չի ենթադրում գնի վերանայում։ Ուստի փաստաթղթում նման սցենարի ներառումը կարելի է գնահատել որպես քաղաքական ազդակ»։
Վերլուծաբանի խոսքով՝ զեկույցի հեղինակները հաշվի չեն առել էական հանգամանք՝ գազի մատակարարման պայմանները որոշվում են նաև հայ-ռուսական երկկողմ պայմանագրերով։
Այնուհանդերձ, շեշտել է՝ բոլոր դեպքերում գազի գնի փոփոխությունը կազդի էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի, արդյունաբերության մրցունակության և ընդհանուր գնաճային միջավայրի վրա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու վերաբերյալ զեկույց