ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. «Վրաստանի կայունությունը կենսական նշանակություն ունի Կովկասի համար»
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Վրաստան
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի կայունությունը կենսական նշանակություն ունի ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ տարածաշրջանի շահերի համար։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն ձգտում է ապացուցել Վրաստանին, որ պատրաստ է մասնակցել նրա անվտանգության ամրապնդմանը բոլոր ասպեկտներով։
Մակա Բոճորիշվիլին իր հերթին ասել է, որ վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների լուծման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ շրջանակներում և անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան դրանց խաղաղ կարգավորման համար։
Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել է Թբիլիսի Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում։ Վրաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ «նախատեսված են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ»։
Սինիրլիօղլուն նաև կայցելի Օձիսի գյուղ, որը գտնվում է վրաց-օսական հակամարտության գոտուց ոչ հեռու։
Ընդ որում, ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կոչ էր արել հրաժարվել Վրաստան այցից՝ հայտարարելով, որ այս ուղևորությունը կարող է նպաստել «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողությունների լեգիտիմացմանը։
Ի՞նչ է ասել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
«ԵԱՀԿ միջադեպերի կանխարգելման մեխանիզմն արդեն փաստացի 60 տարեկան է։ ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որն ապացուցել է, թե որքան կարևոր է երկխոսություն վարել, հատկապես հակամարտության մեջ գտնվող տարածաշրջանների և պետությունների միջև։ Մենք ունենք միջնորդության տարբեր գործիքներ, որոնք կիրառում ենք նման իրավիճակներում, և մշտապես ձգտում ենք մասնակցել հակամարտությունների կարգավորմանը։
Վրաստանի կայունությունը կենսական նշանակություն ունի ինչպես նրա քաղաքացիների, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերի համար՝ խաղաղության և անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այս համատեքստում մենք համագործակցում ենք Վրաստանի հետ արդեն տասնամյակներ շարունակ։ Կրկին ուզում եմ շեշտել՝ մենք ցանկանում ենք ցույց տալ Վրաստանին, որ պատրաստ ենք մասնակցել նրա անվտանգության ամրապնդմանը մեր կազմակերպության տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի միջոցներով»։
Մակա Բոճորիշվիլիի հայտարարությունը
«ԵԱՀԿ գոյության 50 տարիներից հետո մենք հաստատապես համոզված ենք, որ այս կազմակերպությունը պետք է կարողանա աշխատել ի նպաստ եվրոպական անվտանգության։ Դրա համար ԵԱՀԿ մասնակից պետությունները պետք է պահպանեն հավատարմությունը միջազգային իրավունքին և այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է կազմակերպությունը։
Այսօր մենք քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը և դիտարկեցինք այն խնդիրները, որոնց բախվում է Վրաստանը։ Վրաստանի երկու շրջանները՝ Աբխազիան և Ցխինվալին, գտնվում են Ռուսաստանի օկուպացիայի տակ, երկրի տարածքային ամբողջականությունը շարունակում է խախտվել ՌԴ կողմից։ Մենք հնարավորություն կունենանք անձամբ լինել օկուպացիայի գծում, սեփական աչքերով տեսնել երկրի սրտով անցնող փշալարը և ծանոթանալ օկուպացիայի մարդասիրական ծանր հետևանքներին։
ԵԱՀԿ շրջանակներում վրացական հարցի քննարկումը պետք է շարունակվի, և անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Մենք գնահատում ենք ԵԱՀԿ ներգրավվածությունը Ժնևյան միջազգային բանակցություններում և մեծ նշանակություն ենք տալիս միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների արդյունավետ գործունեությանը։
Այս առումով մենք անհրաժեշտ ենք համարում Գալիի մեխանիզմի անվերապահ վերականգնումը։ Բացի այդ, չափազանց կարևոր է ապահովել անվտանգության և մարդու իրավունքների ոլորտում միջազգային մեխանիզմների մուտքը օկուպացված տարածքներ։ Վրաստանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության։ Համապատասխանաբար, ևս մեկ անգամ ընդգծում եմ Վրաստանի կառավարության՝ խաղաղ քաղաքականություն վարելու հաստատակամությունը։
Ես ցանկանում եմ մատնանշել նաև Վրաստանի անկեղծ ցանկությունը՝ իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության և կայունության մեջ»։