«Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ստեղծել Դրամաշնորհների կառավարման պետական գործակալություն՝ նպատակ ունենալով ֆինանսավորել հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեությունը «կհամապատասխանի երկրի զարգացման առաջնահերթ ուղղություններին»։
Գործակալության ստեղծումը նախատեսված է Վրաստանում գործող «Դրամաշնորհների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ, որը միակուսակցական խորհրդարանը կքննարկի արագացված ընթացակարգով։
Բացատրական գրության համաձայն՝ Դրամաշնորհների կառավարման պետական գործակալության բյուջեն կկազմի 20 միլիոն լարի [մոտ 7 մլն դոլար], այն կֆինանսավորվի պետական բյուջեից։ Գործակալությունում կաշխատի մինչև 10 մարդ։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանի հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրը մեծապես օտարերկրյա սուբյեկտներն են, որոնք կամայականորեն են որոշում այդ կազմակերպությունների գործունեության օրակարգը, Վրաստանի կառավարության նախաձեռնությունն է ստեղծել կառավարությանը ենթակա հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ Դրամաշնորհների կառավարման պետական գործակալություն, որի նպատակը կլինի պետբյուջեի հաշվին աջակցել Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեության ուղղությունները համապատասխանում են երկրի զարգացման առաջնահերթ ուղղություններին»,- նշվում է պարզաբանման մեջ։
Վերջին տարիներին «Վրացական երազանքն» ամեն կերպ հետապնդում է միջազգային դրամաշնորհներ ստացող տեղական կազմակերպություններին՝ երբեմն դրանց անվանելով «արևմտյան գործակալներ», իսկ երբեմն՝ պարզապես թշնամիներ։ 2024 թվականի մայիսին խորհրդարանն ընդունեց, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը սահմանափակում է նման կազմակերպությունների գործունեությունը։
Եվ ահա այժմ «Վրացական երազանքը» մտադիր է դրամաշնորհներ տրամադրել այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը համապատասխանում է իր շահերին։
Հիշեցնենք, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո կուսակցությունը, մասնավորապես՝ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին բազմիցս կեղծ մեղադրանքներ է հնչեցրել այս օրենքի հակառակորդների, այդ թվում՝ JAMnews անկախ առցանց պարբերականի հասցեին։