Դատարանն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Այդպիսի որոշում է կայացրել հունվարի 12-ին Ադրբեջանի Բալաքանի շրջանային դատարանը:
Մուխտարլին մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի ՔՕ 3 հոդվածով՝ պետական սահմանի ապօրինի հատում, մաքսանենգություն և իշխանության ներկայացուցիչներին դիմադրության ցուցաբերում: Լրագրողն ու նրա փաստաբաններն ամբողջությամբ հերքում են բոլոր մեղադրանքները և պնդում, որ Մուխտարլին առևանգվել է մայիսի 29-ին Թբիլիսիում Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից և փոխանցվել ադրբեջանական հատուկ ծառայություններին:
Դատախազն իր մեղադրական խոսքում պահանջել է 8 տարվա ազատազրկում:
Իր վերջին խոսքում Մուխտարլին հիշեցրել է իր հետազոտական հոդվածների թեմաները՝ ապօրինի բիզնես Գյոյգյոլ բնական արգելոցում, հափշտակություններ պաշտպանական արդունաբերության նախարարությունում և բանակում, ադրբեջանական իշխանությունների ներդրումները Վրաստանում: Նա հիշատակել է նաև զոհված լրագրողների անուններն ու ասել, որ իր բախտը դեռ բերել է, որ բանտախցում կենդանի է մնացել:
«Ամենաշատն, ինչ դուք կարող եք անել, ինձ մի 7 տարով դատապարտելն է: Բայց դա էլ մեզ չի ստիպի լռել: Մեր պայքարը կշարունակվի: Մեր նպատակն Իլհամ Ալիևին պաշտոնանկ անելը չէ, մեր նպատակը մարդկանց հույս տալն է»:
Այս խոսքերից հետո դատավորն ընդհատել է Մուխտարլիի խոսքը:
Լրագրողի փաստաբան Էլչին Սադիղովը ողջ դատական պրոցեսը «պատվիրված» է անվանել:
«Մեղադրող կողմը չի կարող որպես պատիժ ավելի մեծ ժամկետ պահանջել, քան նախատեսված է ՔՕ հոդվածով: Մեղադրող կողմը 8 տարի պահանջեց, սակայն այդ հոդվածների համար առավելագույն ժամկետը 7 տարին է: Դա արդեն ինքնին քաղաքական պատվերի ապացույց է», — Սադիղովի խոսքերն է մեջբերում bastainfo.com-ը: