Մայիսի 27-իդրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 372-ով և հասել 7 774-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 35-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 255: Շարունակում են բուժում ստանալ 4 377 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս յոթ դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 98-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին) և 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: «Գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ», — ասել է վարչապետ Նիոկլ Փաշինյանը։ Նա կրկին շեշտել է, որ պարետատան հաստատած կանոններն արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանելու մեջ է․
Այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի 0-ի․․․ Մեր գործիքակազմի մեջ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը և մեծ հաշվով հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք կլինի համաճարակային իրավիճակին։ Դեռեւս 1 ամիս առաջ մենք հրապարակել ենք մեր ռազմավարությունը համավարակի հետ կապված՝ ասելով, որ մեր խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի համավարակին զուգահեռ։
Վարչապետը հայտնել է նաև, որ մայիսի 26-ից իրավիճակը հսկելու նպատակով Հայաստանում իրականացվելու են խիստ «ռեյդեր»:
Ինչ վերաբերում է տնտեսական սահմանափակումներին, ապա փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսքով, դրանք մոտ ժամանակներում չեն սպասվում, սակայն կարանտինային ռեժիմի սահմանումը չի բացառվում «որոշակի սցենարի դեպքում»։