Ի՞նչ պայմանավորվեցին Փաշինյանն ու Պուտինը Բիշքեկում. հանդիպում ծայրահեղ լարվածության ֆոնին
Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները
Բիշքեկում, որտեղ ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ+ ձևաչափով հանդիպումը, հանդիպել են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը: Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը բանակցություններ են վարել ուշ երեկոյան:
Ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին քննարկման բազմաթիվ թեմաներ էին կուտակվել։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Փաշինյանի և Պուտինի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 1-ին։ Դրանից հետո հունիսին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Հայաստանի վարչապետի կուսակցությունը մեծամասնություն ստացավ և միանձնյա ձևավորեց կառավարություն։ Սակայն Ռուսաստանի նախագահը մինչ օրս այդպես էլ չշնորհավորեց Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։
Ռուսաստանի իշխանություններին անհանգստացնող գլխավոր հարցը, դատելով Մոսկվայից հնչող հայտարարություններից, Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ցանկությունն է։
Բիշքեկում կազմակերպված հանդիպման հենց առաջին րոպեներին Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է։ Սակայն, ըստ նրա, դա «դժվարություններ է ստեղծում» Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։
«Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին միանալու վերաբերյալ, այնքան լավ։ Մոսկվան պետք է հասկանա՝ ինչպես այսուհետ զարգացնել հարաբերությունները։ Մեկ այլ կազմակերպության անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքի ընդունումը նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն»,- ասաց Պուտինը։
Ի պատասխան՝ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։
ՀՀ վարչապետը նաև հիշեցրեց, որ ԵԱՏՄ կանոնադրության համաձայն՝ միությունից որևէ անդամ երկրի հեռացնելու ընթացակարգ գոյություն չունի, եթե երկիրն ինքը նման որոշում չկայացնի։
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները։ Հուսով ենք, որ դրանք կարևոր են նաև Ռուսաստանի համար։ Ես կարծում եմ, որ մենք՝ Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը և մենք անձամբ՝ պետք է այս հարաբերություններին վերաբերվենք առավելագույն խնամքով։ Ուզում եմ վերահաստատել, որ անձամբ ես և մեր կառավարությունը դրանց վերաբերվում ենք առավելագույն խնամքով։ Վստահ եմ, որ դուք նույնպես այս հարաբերություններին վերաբերվում եք առավելագույն խնամքով։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ ԵՄ անդամակցության հարցը դեռևս այնքան չի հասունացել, որ հնարավոր լինի հանրաքվե անցկացնել։ Նա բացատրեց, որ Հայաստանն այս պահին ԵՄ անդամակցության տեսքով այլընտրանք չունի։ Սա նշանակում է, որ հարցը կլուծվի այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները ժողովրդին որպես այլընտրանք առաջարկելու բան ունենան։
Այնուամենայնիվ, Պուտինը պնդեց. «Ժողովուրդը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Այնպես որ, արեք դա։ Եվ փակենք թեման։ Այդքանը։ Ամենապարզ բանը ժողովրդին դիմելն ու հարցնելն է՝ ի՞նչ եք ուզում՝ այսպե՞ս, թե՞ այնպես»։
Հանդիպման ավարտից հետո ՀՀ վարչապետը սոցցանցերում տեսանյութ հրապարակեց՝ ամփոփելով դրա արդյունքները։
Փաշինյանը հանդիպումը բնորոշել է «շատ լավ»։ Նա ասել է, որ ինքն ու Պուտինը պայմանավորվել են շարունակել «անկեղծ և կառուցողական խոսակցությունը» իր՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում, որը, ըստ երևույթին, տեղի կունենա առաջիկայում:
«Պետք է արձանագրել, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները երկու երկրների համար չափազանց կարևոր են: […] Բայց նաև պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա, և այդ վերաձևակերպման արդյունքում, ես համոզված եմ՝ հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,- ընդգծել է նա:
Համատեքստ. Էլ ի՞նչ հարցեր կարող էին քննարկվել
Ի սկզբանե Հայաստանում ենթադում էին, որ բարդ խոսակցություն է լինելու մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Հայ վերլուծաբանները նաև նշում էին, որ այս հանդիպման արդյունքում որևէ հարցի վերաբերյալ դրական զարգացումների ակնկալիքներ չկան։
Հայաստանում, իհարկե, սպասում էին ՀՀ-ում ԵԱՏՄ-ին կամ Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցի շուրջ քննարկումների։
Վերջին շրջանում Ռուսաստանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունները պնդում էին, որ պետք է նման հանրաքվե անցկացնել։ Հայաստանի իշխանությունները, սակայն, արձագանքում էին՝ նշելով, որ այդ հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու իմաստ ներկա պահին չկա, քանի որ երկիրը դեռևս ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել։
ԵԱՏՄ անդամ երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ին արդեն հայտնել է դաշինքում Հայաստանի կարգավիճակը քննարկելու մտադրության մասին։ Մինչդեռ միության կանոնադրության համաձայն՝ միայն Հայաստանը կարող է որոշում կայացնել միությունից դուրս գալու վերաբերյալ։ Ինչպես Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ այլ ընթացակարգ նախատեսված չէ։
Սակայն օգոստոսի 24-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու հնարավորության մասին։ Սա քննադատության նոր ալիք առաջ բերեց և Ռուսաստանում ավելի կոշտ արձագանքի պատճառ դարձավ։ Հնչեցին հայտարարություններ այն մասին, որ «ԵՄ անդամակցությունը տասնամյակներ ձգվող մարաթոն է», բայց «Երևանը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման գինը կզգա այստեղ և հիմա»։ Ռուս փորձագետները նույնիսկ կանխատեսեցին «ճակատագրական ելք» Հայաստանի համար։ Նրանց խոսքով՝ Հայաստանը կանգնած է «թուրքացման» և «ուկրաինական» սցենարների միջև ընտրության առաջ։
Ակնկալվում էր նաև մայիսից ի վեր Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի և ապրանքների արտահանման վրա կիրառված սահմանափակումների շուրջ քննարկում։
Ռուսաստանը տարիներ շարունակ եղել է Հայաստանի արտահանման ավանդական ուղղությունը։ Պատժամիջոցների կիրառումը ՌԴ-ն պարզաբանում է արտադրանքի որակով, սակայն դրանց սահմանումից հետո հայկական ապրանքները սկսել են արտահանվել ԵՄ երկրներ, որտեղ գործում են որակի ավելի բարձր չափանիշներ։
Հայ վերլուծաբանները չէին բացառել նաև Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական դաշինքին՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումները։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Հայաստանը:
Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը դաշինքին։ Սա Երևանի արձագանքն է իր դաշնակիցների անգործությանը։ 2021-2022 թվականներին, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, դաշնակիցները ոչ միայն չմիջամտեցին, այլև չդատապարտեցին Բաքվի գործողությունները: Նրանք դա բացատրեցին այն հանգամանքով, որ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ: Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց.
«Ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով: Եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն»:
Եթե նախկինում Փաշինյանը հայտարարում էր, որ մտահոգված չէ այս ռազմական դաշինքից ՀՀ հնարավոր դուրսբերմամբ, վերջերս՝ Պուտինի հետ հանդիպումից մեկ շաբաթ առաջ, նա հայտարարեց, որ գոհ կլինի դրանից.
«Մեզ, համենայն դեպս, կազատի [ՀԱՊԿ-ից] դուրս գալ-չգալու երկընտրանքից»։
Բացի դրանից, առաջնորդների հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ հանդիպումը տեղի կունենա այն ժամանակահատվածում, «երբ Հայաստանում զանգվածաբար ձերբակալվում են ընդդիմության առաջնորդները»: Նա նկատի ուներ, մասնավորապես՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Դատարանի որոշմամբ նախկին նախագահը երկու ամսով կալանավորվել է։ Սա Քոչարյանի չորրորդ կալանավորումն է։
Հայաստանում ենթադրում էին, որ այս անգամ էլ Պուտինը, որը Քոչարյանի ընկերն է, հավանաբար, կխնդրի ազատ արձակել նրան։
Այս տարվա ապրիլին՝ Փաշինյանի հետ նախորդ հանդիպման ժամանակ, Պուտինը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի «ընկերները», ռուսամետ քաղաքական ուժերը, նույնպես կկարողանան մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Նա, ենթադրաբար, նկատի ուներ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, ինչպես նաև ռուս գործարար Սամվել Կարապետյանի կուսակցությունը: Կարապետյանը ներկայումս տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու մեղադրանքով: Այս երկու ուժերը մասնակցել են ընտրություններին, սակայն չեն կարողացել մեծամասնություն ապահովել խորհրդարանում։
Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների դիտարկմամբ՝ հենց այս ռուսամետ ուժերն են ՌԴ իշխանություններին դրդում ձեռնարկել քայլեր, որոնք կարող են հանրային դժգոհություն առաջացնել։ Փաշինյանի թիմը կարծում է, որ այդ կերպ ընդդիմադիր ուժերը մտադիր են գալ իշխանության:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները