Մինսկում միջազգային չվերթի ինքաթիռի հարկադրված վայրէջքից հետո կալանավորվել է ընդդիմադիր ակտիվիստը
Բելառուսում կալանավորվել է բլոգեր և լուսանկարիչ, ընդդիմադիր Տելեգրամ-ալիքների հիմնադիր Ռոման Պրոտասևիչը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռը, որով Պրոտասևիչը Հունաստանից Լիտվայի մայրաքաղաք էր ուղևորվում, արտակագ կերպով վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում։ Ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները՝ որպես հարկադրված վայրէջքի պատճառ է նշվել ինքնաթիռի ականապատված լինելու մասին հաղորդագրությունը։ Պրոտասևիչին Բելառուսում մահապատիժ է սպառնում։
Ինչպես հաղորդում է Եվրոռադիոն,՝Ռոման Պրոտասևիչը կալանավորվել է Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair-ի՝ Աթենք-Վիլնյուս չվերթի ինքնաթիռի ուղևորների ստուգման ժամանակ։
Ինչպես լրագրողներին հաղորդել են օդանավակայանի մամուլի ծառայությունից, հարկադիր վայրէջքի պատճառն օդաչուներից մեկի հաղորդագրությունն է եղել այն մասին, որ ինքնաթիռն ականապատված է։
Ռոման Պրոտասևիչը վերջերս վարում էր «Գլխուղեղի Բելառուս» Տելեգրամ-ալիքը, իսկ ավելի վաղ՝ ընդդիմադիր NEXTA Տելեգրամ-ալիքի գլխավոր խմբագիրն էր, որը լուսաբանում էր Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի զանգվածային ակցիաները։ Վերջին ժամանակներս նա բնակվում էր Վիլնյուսում և բելառուսական ըննդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի թիմի անդամ էր։
Ռոման Պրոտասևիչին բելառուսական իշխանությունները ներառել էին ահաբեկիչների ցուցակում և նրա նկատմամբ միջպետական հետախուզություն հայտարարել։ Այն մեղադրանքներով, որոնք նրան առաջադրվել են, Պրոտասևիչին մահապատիժ է սպառնում։
Պրոտասևիչի ձերբակալության մասին հայտարարություն է արել ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։
«Միանգամայն ակնհայտ է, որ ինքնաթիռի գրավման հատուկ ծառայությունների այդ գործողությունն այն բանի համար էր, որ ձերբակալվեր ակտիվիստ և բլոգեր Ռոման Պրոտասևիչը։ Ռեժիմը սպառնալիքի տակ է դրել ինքնաթիռում գտնվող ուղևորների և ողջ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը, որպեսզի հաշվեհարդար տեսնի մի մարդու նկատմամբ, որը բելառուսական ամենախոշոր անկախ Տելեգրամ-ալիքների խմբագիրն էր։ Միայն դրա համար նա ահաբեկիչ է ճանաչվել, և միայն դրա համար այժմ Բելառուսում Ռոմանին կարող է մահապատիժ սպառնալ»,- հայտարարել է Տիխանովսկայան։
Նրա խոսքով՝ ինքը Ryanair-ից և Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունից պահանջել է հետաքննություն սկսել կատարվածի առթիվ և միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ մինչև Բելառուսին ICAO-ի կազմից հանելը։
«Այսօրվանից Բելառուսի վրայով թռիչք կատարող որևէ մեկը չի կարող վստահ լինել իր անվտանգության վրա։ Չէ՞ որ ռեժիմը չարաշահում է օդային հաղորդակցության կանոնները՝ հանուն նրա, որ բռնի իրեն ընդդիմացողներին»,- կարծում է Տիխանովսկայան։