Բելառուսական ֆլեշմոբ. «Ի՞նչ կասեր Լուկաշենկոն քո մահվան մասին»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը կորոնավիրուսով հիվանդի մասին, որը մահացել էր Վիտեբսկ քաղաքում, այնքան էին վիրավորել Բելառուսի բազմաթիվ բնակիչների, որ նրանք մտահոգվեցին. իսկ ի՞նչ կասի պետության ղեկավարը իրենց մասին, եթե իրենք նույպես վարակի զոհ դառնան։ Ինչպես հայտնում է Եվրոռադիոն, Fаcebоok-ում ֆլեշմոբ է սկսվել՝ բելառուսները Լուկաշենկոյի ոճով տապանագրեր են հորինում։ Այնպես, որ հասկանալի լինի՝ ոչ թե պետությունն, այլ միայն իրենք են մեղավոր, որ կորոնավիրուսն իրենց հասցրել է տխուր վախճանի։
Ի՞նչ է ասել Լուկաշենկոն
Լրագրողները հարցրել են Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին։ Սկզբից պարզվել է․ պետության ղեկավարը դժգոհ է, որ չորս մահացածների պատճառով մամուլում «աղմուկ է բարձրացվել»։ Այնուհետև Լուկաշենկոն անսպասելիորեն արտահայտվել է COVID-19-ի զոհերից մեկի մասին.
«Ես երեկ հարցրի Շերստնյովին [Նիկոլայ Շերստնյով, Վիտեբսկի մարրզպետ] մահվան վերջին դեպքի մասին։ Նա ասաց. «Իսկ ի՞նչպես նա պետք է ողջ մնալ։ 135 կգ քաշ ուներ»։ Սիրտը համարյա չէր աշխատում, սա էր ցավում, նա էր ցավում, հիվանդությունների մի աբողջ փունջ ուներ։ Վարակը գրոհում է թույլերին, որոնք իմունիտետ չունեն»։
Սոցցանցերի արձագանքը
Ստացվում է, որ մարդը ինքն է մեղավոր կորոնավիրուսից մահանալու համար, և ընդհանրապես «ի՞նչպես կարելի է ապրել» 135 կգ քաշով։ Լուկաշենկոյի հայտարարությունը զայրացրել էր մարդկանց։ Նրանք նշում են, որ որպես կյանքի հետ անհամատեղելի «թուլություն» կարելի է ներկայացնել ցանկացած շեղում այն բանից, ինչը բելառուս պաշտոնյաները նորմա են համարում։ Եվ նրանք սկսել են պատկերացնել, թե ինչ կասեր Լուկաշենկոն իրենց իսկ մասին՝ #прашчальнаесловапрэзидзента հեշթեգով։
«Իսկ ի՞նչ էր ուզում․ ճամփորդում էր տարբեր էկզոտիկ երկրներով, թե ինչ հիվանդություններ է նա այնտեղ ձեռք բերել, միայն աստծուն է հայտնի…»,— այսպես, ըստ Ժենյա Մանցևիչ օգտատիրոջ, կարող էր արձագանքել նախագահ Լուկաշենկոն իր մահվանը։
«Իսկ ի՞նչ էր ուզում։ 56 կիլոգրամ քաշ, ոչ մի իմունիտետ, իսկ նա իր բանստեղծություններն էր հորինում։ Ախր մարդկային լեզվով ասացին, չէ՞, մի լարիր ուղեղդ, այն կչորանա, վերջդ կգա», — այսպիսին է բանստեղծուհի Կրիստինա Բանդուրինայի վարկածը։
Իսկ ահա լրագրող Ալես Պիլեցկու տարբերակը.
«Աստված իմ, մարդ եք գտել սգալու։ 36 տարեկան, ոչ տուն, ոչ տեղ, ոչ կին։ Ողջ կյանքը թաքուն զրպարտել է… Պլացքարտով ողջ Ռուսաստանն անցել է, չուչմեկների հետ երեք օր անցկացրել, նորմա՞լ է։ Պարզից էլ պարզ է, որ վարակվել է…»։
Կորոնավիրուսից մահացածի որդին ոստիկանություն է դիմել Լուկաշենկոյի դեմ
Իսկ այդ ընթացքում Բելառուսի քաղաքացի Ալեքսանդր Մատվեևը ոստիկանություն է դիմել և դիմում ներկայացրել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նախագահ Լուկաշենկոյին կորոնավիրուսի պանդեմիայից ազգաբնակչությանը պաշտպանելու իր պարտականությունները չկատարելու համար։
Ինչպես հայտնում է Եվրոռադիոն, Մատվեևի մայրը մահացել է Վիտեբսկի շրջանային կլինիկական հիվանդանոցում ապրիլի 2-ին։ Դիմումի մեջ հայցվորը գրում է.
«Պահանջում եմ քրեական գործ հարուցել Ալեքսանդր Գրիգորիևիչ Լուկաշենկոյի դեմ… որը, զբաղեցնելով Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնը, չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խիստ վտանգավոր վարակի տարածումից բնակչությանը պաշտպանելու համար, ինչի հետևանքով՝ 02.04.2020 թվականին Վիտեբսկ քաղաքի շրջանային կլինիկական հիվանդանոցում մահացել է Լիդյա Դմիտրիևնա Մատվեևան»։
Ալեքսանդրն ապրում է Ֆրանսիայում և կորոնավիրուսի պանդեմեայի ժամանակ չէր կարողացել մորն այցելել։ 68-ամյա Լիդյա Մատվեևան մի քանի շաբաթ պառկած էր Վիտեբսկի շրջանային կլինիկայի նյարդաբանության բաժանմունքում։ Որդու խոսքերով, մոր ախտորոշումը փոխել են երեք անգամ։ Կորոնավիրուսի առկայության մասին հայտնել են միայն դիահերձարանի տեղեկանքում։
«Սարսափելին այն է, որ ոչ մի տեղեկություն մարդկանց չեն տրամադրում, մահացածների ազգանունները պաշտոնապես չեն հրապարակվում, ամեն ինչ թաքցվում է։ Մարդիկ պետք է իմանան, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Կարանտինն անհրաժեշտ է, անհրաժեշտ է պաշտպանել բժիշկներին», — ասում է Ալեքսանդր Մատվեևը։
Ըստ ապրիլի 6-ի տեղեկությունների՝ Բելառուսում մահացել է 13 մարդ, որոնց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ։ COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 700 մարդ։