2021 թ-ի հուլիսի 8-ին ադրբեջանցի ակտիվիստները՝ կենդանիների իրավունքների պաշտպանները, բողոքի ակցիա են անցկացրել անտուն կենդանիների սպանության դեմ Բաքվի «Թոփլան» թափառական շների խնամքի կենտրոնի դիմաց։ Բաքվի բնակիչ Այթաջ Հասանովայի խոսքով՝ հուլիսի 1-ին կենտրոնի աշխատակիցներն իր շանն առևանգել են բակից։
«Մի ամբողջ շաբաթ է՝ կենտրոն ենք գնում, զանգահարում, ուզում ենք շանը հետ վերցնել կամ գոնե նրան կենդանի տեսնել։ Մի քանի անգամ ենք դիմել։ Բայց մեր բոլոր դիմումներն անպատասխան են մնացել։ Ասում են՝ չի կարելի կենտրոնի տարածք մտնել։ Կենտրոնի անասնաբույժ Գյունել Ալեքպերովի խոսքով՝ իրենք ակտ են ստորագրել և շանը մեզ չեն վերադարձնելու։ Դա ապօրինի է։ Ասում են, որ 20 օրից շանը դուրս են թողնելու բնություն։
Իսկ դա մահ է։ Բաց են թողնում քաղաքից դուրս, որտեղ ոչ ոք չի ապրում, և շները չեն կարողանում սնունդ գտնել։ Մենք իրավունք ունենք գոնե այս 20 օրը տեսնել մեր շանը։ Պահանջում ենք վերադարձնել նրան»,- ասել է Այթաջ Հասանովան JAMnews-ին տված հարցազրույցում։
Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ կենդանիների պաշտպան Նիջաթ Իսմայիլովը, նշել է, որ իրենք պահանջում են իրենց սպանված շներին․
«Երկու տարվա ընթացքում անհետ կորել է ավելի քան 30 հազար շուն։ Թե ինչ են նրանց հետ արել, չգիտենք։ Բողոքի ակցիա ենք անում։ Բոլորին է հայտնի, որ այդ կենտրոնը ֆինանսավորում է Հեյդար Ալիևի հիմնադրամը։ Փաստեր կան, որ նրանց 60 մլն մանաթ [մոտ $35.300] է տրամադրվել։ Ո՞ւր են այդ փողերը։ Ինչի՞ վրա են ծախսել»։
Բողոքի ակցիայի մյուս մասնակից Էլխան Միրզոևի խոսքով՝ կենտրոն տարված շներից տասից ինը անհետ կորում են․
«Նրանցից, ովքեր կենտրոն են դիմում իրենց կենդանիներին հետ վերադարձնելու հարցով, փող են պահանջում։ Ես աուդիոձայնագրություններ և ապացույցներ ունեմ՝ «Թոփլալնի» աշխատակիցների կողմից շորթման մասին։
Ակցիան մի քանի ժամ է տևել, և այդ ընթաքում «Թոփլանի» աշխատակիցներից ոչ ոք չի բարեհաճել պահանջվող շների վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել ցուցարարներին։ Ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է ակցիայի մասնակիցներին, մի քանի մարդ ձերբակալվել է։ Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշել է Բաքվի ոստիկանության 12-րդ բաժանմունքի պետ Սուլեյման Աբասովը, ձերաբակալվածները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։
Երեք ժամ անց՝ ձերբակալված ակտիվիստներն ազատ են արձակվել։