Բաքվում նշել են «Մոնիտոր» ընդդիմադիր ամսագրի խմբագրի մահվան տարելիցը
Լրագրողներն ու ակտիվիստները հավաքվել էին «Մոնիտոր» ընդդիմադիր ամսագրի՝ 12 տարի առաջ սպանված գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի գերեզմանին՝ նրա հիշատակը հարգելու:
«Էլմարի սպանությունը դարակազմիկ իրադարձություն է, քանի որ այն անկախ մամուլի դեմ բռնաճնշումների համար ուղի բացեց և հանգեցրեց դրա փաստացի ոչնչացմանը: Շատ ԶԼՄ-ներ փակվեցին կամ անցան իշխանությունների վերահսկողության տակ՝ վերածվելով պրոպագանդայի զանգվածային միջոցների: Լրագրությունը կորցրեց իր հանրային նշանակությունն ու դարձավ քաղաքականության մասնակից, որը երկիրը խորը համակարգային ճգնաժամի առջև կանգնեցրեց», — գրում է contact.az տեղեկատվական գործակալությունը:
«Մոնիտորը» ծայրահեղ ընդդիմադիր պարբերական էր: Որոշ ընթերցողների կարծիքով՝ ամսագիրն ու դրա հեղինակները ոչ միշտ էին հետևում լրագրողական էթիկային, երբեմն մինչև վերջ չճշտված տեղեկատվություն էին հրապարակում: Սակայն ամսագիրը բավականին մեծ ժողովրդականություն էր վայելում շնորհիվ իր համարձակ հոդվածների:
Էլմար Հուսեյնովը մի քանի անգամ ճնշման, քրեական պատասխանատվության է ենթարկվել, բանտում է կրել իր պատիժը: Նրա հանդեպ դատական պատժամիջոցներ են կիրառվել և նրան վախեցրել են:
- Էլմար Հուսեյնովը սպանվել է ատրճանակից իր բնակարանի մուտքի մոտ 2005թ-ի մարտի 2-ին:
- Նախագահ Իլհամ Ալիևը սպանությունից անմիջապես հետո խոստացավ, որ հանցագործությունը շուտով կբացահայտվի: Կասկածյալների թվում էին Վրաստանի երկու քաղաքացի՝ էթնիկ ադրբեջանցիներ, իսկ սպանության պատվիրատուի մասին մինչ այժմ ոչ մի տեղեկություն չկա:
- «Մոնիտոր» ամսագրի վերջին տարիների հոդվածների արխիվին կարող եք ծանոթանալ այստեղ.