Առաջ գալու փո՞րձ։ Ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին
Հայկական մեդիայում և Տելեգրամ-ալիքներում մայիսի 12-ին տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանի Սյունիքի մարզում անհանգիստ իրավիճակ է։ Հաղորդվում էր, որ առավոտյան բախումներ են տեղի ունեցել, Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերն առաջ է տվել Իշխանասար համայնքի ուղղությամբ։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքում գրել է, որ ադրբեջանական ԶՈւ-ն իր դիրքերը 3 կմ առաջ է տարել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը բախումների մասին տեղեկությունը հերքել է։
Ինչպես նշվում է ռազմական գերատեսչության հայտարարությունում, մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, որոնք դադարեցվել են հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո։ Թե ինչ «աշխատանքների» մասին է խոսքը, գերատեսչությունը չի մանրամասնել։
- Հայաստանի հարավում ռուսական ռազմաբազայի երկու հենակետ է ստեղծվել
- Ի՞նչ է կանգնած Ռուսաստանի արտգործնախարարի այցի հետևում։ Մեկնաբանություններ Երևանից և Բաքվից
«Բանակցություններ են տարվում»
ՊՆ-ն կոչ է արել չստուգված տեղեկություներ չտարածել, հատկապես, եթե դրանք կարող են խուճապ սերմանել։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ռազմական բախումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և վստահեցրել է, որ «նման զարգացումների դեպքում» նախարարությունն առաջինը կհաղորդեր այդ մասին։
«Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ», — ասված է ՊՆ հայտարարությունում։
Ազգային անվտանգության ծառայությունը նույնպես պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել և հաղորդել, որ Սյունիքի մարզի տարածքում ռազմական գործողությունների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Տեղեկություններ Սյունիքից
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել է, որ «կրակոցներ չեն եղել», իսկ Իշխանասարում հնարավոր միջադեպի մասին հարցին՝ կոչ է արել «Զինված ուժերից հարցնել»։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը նույնպես հաղորդում է բանակցությունների մասին և պարզաբանում, որ դրանք կապված են մարզում տեղակայված Սև լճի հետ, որից օգտվում է մարզի մի քանի գյուղ, և որի «30%-ը տեղակայված է հակառակորդի տարածքում»։
Իշխանասար համայնքի ղեկավարը նույնպես լրագրողներին հայտնել է, որ բախումներ չկան։ Ավելին՝ նրա խոսքով՝ «նախիրը հիմա էլ այդ դաշտերում է»։
Պարզաբանում պատգամավորից
Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողներին հայտնել է, որ իրավիճակը հանգիստ է, հայկական, ադրբեջանական և ռուսական կողմերի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում՝ առաջացած հակասությունները հարթելու ուղղությամբ: Մարզպետը ևս տեղում է․
«Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները, օգտվելով ձնհալից, փորձել են Իշխանասարի ուղղությամբ դիրքերի տեղադրման աշխատանքներ իրականացնել: Բայց, քանի որ այդ ամենի հետևանքով խախտել են մեր վարչական սահմանը, մերոնք միջամտել են և թույլ չեն տվել: Որևէ միջադեպ չի եղել, լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները ապատեղեկատվություն են, չեն համապատասխանում իրականությանը և ավելորդ տագնապ են առաջացնում ժողովրդի մոտ»։