Աշխարհի բազմազանության մասին ֆիլմեր, ֆլամենկո և ֆոտցուցահանդեսներ․ Ադրբեջանում մեկնարկել է IMAGINE-ը
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանում մեկնարկել է IMAGINE հանդուրժողականության եվրոպական փառատոնը, մայիսի 1-15-ը բաքվեցիները կարող են դիտել մոտ 30 գեղարվեստական և վավերագրական ֆիլմ հանդուրժողականության և մշակութային երկխոսության թեմայով։ Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության կողմից կազմակերպված փառատոնի հիմնական նպատակն է հենց այդ արժեքների տարածումը։
Ֆիլմերի ցուցադրությունից բացի փառատոնի շրջանակում մի քանի համերգ և ֆոտոցուցահանդես կանցկացվի։ Առաջին փառատոնային միջոցառումը չիլիացի-բելգիացի սաքսոֆոնահար Մարսելո Մոնկադայի ելույթն էր, նա համերգ տվեց մետրոյի «Իչերի Շեհեր» կայարանում։
Փառատոնի ֆիլմացանկը
Փառատոնի ֆիլմացանկում ներառված են ֆրանսիացի, լատվիացի, ֆինլանդացի, բելգիացի և նիդերլանդցի հայտնի ռեժիսորների աշխատանքներ։
Ահա դրանցից մի քանիսը․
«Թավջութակահարուհին»․ ռեժիսոր Պաավո Վեստերբերգի ռոմանտիկ դրաման է։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին ստիպված է հրաժարվել աստղային կարիերայից։ Նա երաժշտության ուսուցչուհի է դառնում և սիրահարվում իր ուսանողներից մեկին։ Վերջինից նրան բաժանում է տարիքային մեծ տարբերությունը, սակայն միավորում է երաժշտության հանդեպ սերը։
«Քամելեոնի երանգը» Անդրես Լյուբերտի վավերագրական ֆիլմն է, որը պատմում է նրա հոր՝ ռազմական լուսանկարիչ Խորխե Լյուբերտի մասին, որը Չիլիից փախչել է Պինոչետի բռնապետության ժամանակ։ Երկար տարիներ անց նա կմեկնի իր լքված հայրենիք և կսուզվի մռայլ անցյալի մեջ։
«Սաշկան» Կատաժինա Լեսիշի կարճամետրաժ լեհական դրաման է, որը նկարահանվել է Էտգար Կերետի վեպի մոտիվներով։ 27 րոպեի ընթացքում նա հեռուստադիտողին ծանոթացնում է երիտասարդ ուկրաինուհու պատմությանը, որը ֆիկտիվ ամուսնություն է ձևակերպել լեհական վիզա ստանալու համար։
Փառատոնի ծրագրում ներառված ֆիլմերի ռեժիսորները կհանդիպեն հանդիսատեսի հետ, վարպետության դասընթացներ կանցնացնեն և կշփվեն ուսանողների հետ։
Այլ միջոցառումներ
Մետրոյի ելույթից բացի Մարսելո Մոնկադան համերգ կտա «Ratunda» ջազ-ակումբում Brasilidade երաժշտական կոլեկտիվի հետ միասին, որը ստեղծվել է բրազիլացի պրոդյուսեր և երաժիշտ Կլաուդիո Ֆրանկոյի կողմից՝ ադրբեջանցի կատարողների հետ համատեղ։
Նույն ջազ-ակումբում կանցկացվի իսպանացի կիթառահար Էլ-Ամիրի համերգը, որը ֆլամենկո և միջերկրածովյան մոտիվներ է նվագում։
Պորտուգալացի երգչուհի Մագդա Մենդեսը ելույթ կունենա «Նիզամի» կինոթատրոնում։
Կազմակերպիչները հոգ են տարել, որ փառատոնը հասանելի լինի լայն հանրության համար, այդ պատճառով էլ գրեթե բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Փառատոնի նորամուծությունն այս տարի այն է, որ փառատոնը կներառի նաև Ադրբեջանի արևմուտքում գտնվող Գյանջա քաղաքը․ այնտեղ նույնպես մի քանի միջոցառում կանցկացվի։
Իմանալու համար, թե երբ և որտեղ կարելի է միանալ եվրոպական հանդուրժողականությանը, կարելի է այցելել www.imagine.az կայք։