«Աշխատիր Վրաստանից». Վրաստանի կառավարությունը օտարերկրացիներին ներգրավելու նոր նախագիծ է սկսել
«Աշխատիր Վրաստանից» (Remotely from Georgia) նախագծի շրջանակներում Վրաստանի կառավարությունը առաջարկում է ավելի քան 95 երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, Եվրամիության և Պարսից ծոցի երկրների քաղաքացիներին՝ գալ Վրաստան հեռավար աշխատելու, մնալով երկրում ավելի քան 180 օր:
Այդ առաջարկը կարող են ընդունել ինքնազբաղվածները կամ հեռավար աշխատողները, ինչպես նաև ձեռնարկատերերը, որոնք հնարավորություն ունեն իրենց բիզնեսը վարել աշխարհի ցանկացած կետից:

«Սա նորարարական նախագիծ է մեր զբոսաշրջային ինդուստրիայի համար: Այս նախագիծը եկամտի զգալի աղբյուր կլինի զբոսավարների, զբոսաշրջային տրանսպորտի, բնակարանների վարձակալության, զբոսաշրջային ընկերությունների և հյուրանոցների համար:
Նոր նախագիծը Վրաստան կբերի ավելի շատ մեծահարուստ զբոսաշրջիկների, և, որ ավելի կարևոր է, ճանապարհորդները կմնան այստեղ շատ ավելի
երկարատև ժամանակահատված, քան նախորդ տարիներին», — ասել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին:
Ցանկացած մարդ, ով կուզենա գալ Վրաստան ու այստեղից հեռավար աշխատել, պետք է հատուկ հայտ լրացնի stopcov.ge կայքում և հաստատի, որ ինքը ունի բավարար ֆինանսական միջոցներ երկրում ապրելու համար և կարող է վճարել բոլոր հարկերը և Վրաստանում իր գտնվելու ընթացքում կատարել բոլոր անհրաժեշտ վճարումները:
Բացի դրանից, Վրաստան ժամանելու դեպքում նրան անհրաժեշտ կլինի անցնել 12-օրյա պարտադիր կարանտին իր հաշվին: Առողջության ապահովագրությունը նույնպես պարտադիր կլինի:
Կվրիվիշվիլիի խոսքերով՝ այս նախագիծը կօգնի մասնավոր հատվածին մեծացնել վաճառքների ծավալը և պահպանել աշխատատեղերը, ինչպես նաև կամրապնդի Վրաստանի իմիջը որպես «անվտանգ երկիր»:
Նոր հարթակի հղումը կտեղադրվի stopcov.ge կայքում: Դեռ հայտնի չէ, թե հատկապես ինչ եկամուտ է ակնկալում ստանալ Վրաստանի կառավարությունը այս նախագծից: