«Վրաստանի ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել․ կարծես նույն ֆիլմը նորից դիտենք»
«Իմանալն այն մասին, որ Վրաստանի ընդդիմությունը կրկին բոյկոտում է խորհրդարանը, նույն բանն է, ինչ կրկին դիտել ֆիլմ, որն արդեն տեսել ենք։ Մենք վրացական ընդդիմությանը կոչ ենք անում սկսել աշխատանքը խորհրդարանում», — հայտարարվել է նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսին, որին ամփոփվում էին պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Վրաստան կատարած այցի արդյունքները։
Վրաստանի միացյալ ընդդիմությունը փողոցային ցույցեր է անցկացնում հոկտեմբերի 31-ից՝ խորհրդարանական ընտրությունների օրվանից։ Բոլոր ընդդիմադիր ուժերն ընտրությունները կեղծված են անվանել, հրաժարվել են խորհրդարանի իրենց տեղերից և նոր քվեարկություն են պահանջում անցկացնել։ Իշխանությունները պնդում են, որ ընտրություններն ազատ են եղել։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թբիլիսիում ընդհանուր առմամբ մեկ օր է անցկացրել՝ նոյեմբերի 17-18-ը, յոթ երկրներ կատարած այցի շրջանակում։ Նա հանդիպել է Վրաստանի բարձրագույն ղեկավարության և հասարակական կազմակերպությունների հետ։ Վրացական ընդդիմության առաջնորդների հետ քննարկումներ է անցկացրել պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը։
- «Ջրի շիթն այնքան ուժգին էր, որ հնարավոր չէր դեմքը ձեռքերով ծածկել»․ թե ինչպես էին ցրում Թբիլիսիի ցույցը։
- Վրաստան․ ընդդիմությունը նոր հանրահավաքի է կանչում, իշխանությունները խոսում են քրեական գործեր հարուցելու մասին
Մի քանի հիմնական թեզեր, որոնք հնչել են ասուլիսին
«Վրաստանում ընդդիմությունը պետք է իշխող կուսակցության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի և սովորի միասին աշխատել։ Պետք է ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել, որպեսզի հաջորդ ընտրություններն ավելի լավը լինեն, և այնպիսի խախտումներ չլինեն, ինչպիսիք կային այս անգամ։
Այս մոտեցումը սատարում են ԱՄՆ-ի և Եվրամիության դեսպանները․ մի սպասեք մեզնից լուծումներ, մենք կաշխատենք ձեզ օգնել քննարկումներն այնպես վարել, որ դուք գտնեք լուծումներ։
Երկու կողմերը պետք է ներկա լինեն խորհրդարանում, որպեսզի օրենսդրական օրակարգը երկրի համար կարևոր հարցեր ներառի, այդ թվում՝ ընտրական համակարգի բարեփոխման և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի թարմացման մասին։
Այդ ժամանակ հետագա ընտրություններում ընդդիմությունն ավելի մեծ հնարավորություններ կունենա՝ ավելի արժանահավատ արդյունքներ ունենալ, որոնց կվստահեն բոլորը, և նման կոնֆլիկտ այլևս չի առաջանա»։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հիշեցրել են, որ ընտրություններում խախտումները Վրաստանի համար խնդիր են եղել տասնամյակներ շարունակ, և ԱՄՆ-ն ակտիվորեն օգնել է երկրին այս ողջ ընթացքում կառուցել անկախ քաղաքական ինստիտուտներ։
«1990-ական թվականներն իրոք կորցրած տասնամյակ էին Վրաստանի համար, երբ գերիշխում էր օրինազանցությունը։ Հետագա 30 տարիների ընթացքում բազմիցս բավականին վիճելի ընտրություններ են եղել նման խախտումներով՝ ընտրակաշառք, ընտրողների ահաբեկում, վարչական ռեսուրսի չարաշահում։
Այժմ երկիրը դեռևս ժողովրդավարացման գործընթացի մեջ է, և մենք դա տեսել ենք նաև հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։