ԱՄՆ–ն կարող է 15 տոկոսով կրճատել Վրաստանին հատկացվող օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած օրինագծի համաձայն՝ Վրաստանին 2021 թ–ի հատկացվելիք ամերիկյան օգնության 15%–ը կարող է կասեցվել այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի կառավարությունն արդյունավետ քայլեր չի ձեռնարկել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մասնավոր հատվածի համար օրենքի գերակայության՝ ներառյալ արտասահմանյան գործարարների իրավունքների, նրանց ֆինանսական շահերի ու ներդրումների պաշտպանության ապահովման ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ–ն պլանավորում է Վրաստանին 132 մլն դոլար տրամադրել։ Համապատասխանաբար, Վրաստանը կարող է զրկվել 20 միլիոնից։

Օրինագծում խոսվում է նաև, որ օգնության կասեցումը չի տարածվում այն ծրագրերի վրա, որոնք նպաստում են ժողովրդավարությանն, օրենքի գերակայությանը, քաղաքացիական հասարակությանը կամ գենդերային բռնության դեմ պայքարին։
- Վրաստանը երես է թեքում Արևմուտքից և դառնում ռուսամե՞տ։ Ամերիկացի սենատորների նամակն ԱՄՆ պետքարտուղարին
- Ամրիկյան Frontera ընկերությունը Վրաստանին մեղադրում է հակաամերիկյան տրամադրությունների համար
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը սահմանափակումների կիրառումից հրաժարվելու իրավունք ունի, եթե ապացուցի, որ դա անհրաժեշտ է ԱՄՆ ազգային շահերին։
Օրինագծում խոսվում է նաև, որ այդ օրենքի համաձայն ներկայացված ոչ մի օգնություն չի տրամադրվելու այն երկրի կառավարությանը, որը պետքարտուղարը կբնորոշի որպես երկիր, որը ճանաչում կամ դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի օկուպացրած Աբխազիայի և Ցխինվալի շրջանների հետ։