Ադրբեջանում ավարտվել է «Kanal 13» ինտերնետային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Դատավճիռը հրապարակվել է փետրվարի 26-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանում՝ դատավոր Գյունել Սամեդովայի նախագահությամբ անցկացվող դատավարության ընթացքում:
Ազիզ Օրուջևը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Դատախազը Օրուջևի համար պահանջել էր 2 տարի 6 ամիս ազատազրկում:
Ազիզ Օրուջևը ձերբակալվել էր 2023 թվականի նոյեմբերի 27-ին: Սկզբում նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 188.2 հոդվածով (հողամասում ինքնակամ՝ առանց օրենքով սահմանված սեփականության, օգտագործման կամ վարձակալության իրավունքի շինարարության իրականացում): Հետագայում նրան ներկայացվել էր լրացուցիչ մեղադրանք Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրականացված մաքսանենգություն): Որոշ ժամանակ առաջ 206.3.2 հոդվածով քրեական գործը կասեցվել էր: