Ադրբեջանում ձերբակալվել է ամենահին անկախ լրատվական գործակալության տնօրենը
Օգոստոսի 24-ի երեկոյան Բաքվի Յասմալի շրջանի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ադրբեջանի ամենահին, և այսօրվա դրությամբ միակ անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, նա կասկածվում է «հարկերից խուսափելու» և «պաշտոնեական դիրքի չարաշահման» մեջ:
Դատարանը 48 ժամվա ընթացքում պետք է որոշի՝ արդյոք նա նախնական կալանքի կենթարկվի, թե քննության ընթացքում կարող է մնալ ազատության մեջ:
Օգոստոսի 25-ի առավոտյան «Թուրան» գործակալությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Կապված մեր գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալության և նրա դեմ հարկերից խուսափելու մեղադրանքով հարուցված քրեական գործի հետ՝ մեր գործակալության բանկային հաշիվներն արգելափակվել են:
Նման իրավիճակում գործակալության բնականոն գործունեությունը չափազանց բարդ է դառնում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Turan-ի անձնակազմը ստիպված է սեպտեմբերի 1-ից անորոշ ժամանակով դադարեցնել իր աշխատանքը:
Առաջիկայում մենք կփորձենք պահել մեր կայքի գործունեությունը անձնական ռեսուրսների և եռանդի հաշվին: Լուրերի թողարկումը կլինի սահմանափակ: Թե որքան դա կբավականանցնի՝ ցույց կտա ժամանակը:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որոշեցին պաշտպանել Մեհման Ալիևին և մեզ այս ծանր պահին»:
Ձերբակալությունից երկու ժամ առաջ Մեհման Ալիևը հարցազրույց էր տվել Kaвказский узел-ին
Մեհման Ալիևը գործակալության դեմ քրեական գործն անվանել է «անհիմն և կողմնակալ»:
Հարցին՝ «Ո՞վ է, Ձեր կարծիքով, կանգնած այդ ստուգման ետևում»՝ Ալիևն ասել է. «Ես կարծում եմ, որ հարկային տեսչությունը դրա հետ կապ չունի: Ինչպես արդեն ասել եմ, մինչ այս դեպքը այն մեզ հետ կապված որևէ բողոք չի ունեցել: Քրեական գործ հարուցելու վերաբերյալ օգոստոսի 7-ի որոշումը մաքուր քաղաքական է: Այսինքն, ինչ-որ մեկը հրահանգ է տվել հարուցել այդ քրեական գործը: Ընդ որում, որոշումը կայացվել է սրընթաց. և դա արդեն վկայում է այն մասին, որ հարցը քաղաքական է: Հարկային տեսչությունը նման կոշտ ձևով այդ ամենը չէր կարող անել»:
Մեհման Ալիևը հիշեցրել է, որ «Թուրան» գործակալությունը բազմիցս բախվել է իշխանությունների կողմից ճնշումների, վերջին անգամ դա եղել է 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին: «Այժմ մենք կրկին գտնվում ենք անցումային շրջանում. Նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2018թ. նախագահական ընտրությունների, փոխնախագահի նոր ինստիտուտների ձևավորման, թիմի ներսում վերակազմավորումների համար: Այս ամենը ցույց է տալիս, որ ճնշման նման ձևերը պատահական բնույթ չեն կրում:
Լրագրողների պաշտպանության միջազգգային կոմիտեն (CPJ) «Թուրանն» անվանել է միակ անկախ լրատվական գործակալությունը Ադրբեջանում և կոչ է արել իշխանություններին դադարեցնել հարձակումները նրա աշխատակիցների վրա: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության իրավապաշտպանները նույնպես կոչ են արել պետությանը չմիջամտել գործակալության աշխատանքներին:
«Լրարգրողներ առանց սահմանների» միջազգային լրագրողական կազմակերպությունը նույնպես դատապարտել է Մեհման Ալիևի ձերբակալությունը:
«Իշխանություններն ուժեղացնում են ճնշումը «Թուրանի» վրա, քանի որ չկարողացան ստիպել նրան համագործակցել»,- ասել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կազմակերպւթյան ղեկավար Յոհան Բիրը:
«Մեհման Ալիևը ժամանակակից լրագրության առաջամարտիկներից է Ադրբեջանում: Նրան միակ «հանցանքն» այն է, որ գլխավորում է երկրի վերջին անկախ ԶԼՄ-ն: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան և «Թուրանի» վրայից հանել բոլոր քաղաքական դրդապատճառներ ունեցող մեղադրանքները»:
2017թ. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսքի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 162-րդ տեղը: