Ադրբեջանում տեղեկություն է հայտնվել խոշտանգումների պատճառով քաղբանտարկյալի մահվան մասին
Օգոստոսի 1-ին Ադրբեջանի բանտերից մեկում, հնարավոր է, խոշտանգումներից մահացել է քաղբանտարկյալ Ֆուադ Ղահրամանլին, գրում են տեղացի օգտատերերը սոցիալական կայքերում:
Ֆուադ Ղահրամանլին Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ավելի քան 45 անդամներից մեկն է, ովքեր ձերբակալվել էին հուլիսի 15-ին Բաքվում ի աջակցություն բանակի տեղի ունեցած ցույցից հետո:
«Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ), եթե այն մարդկանց, որոնց դուք կալանավորել եք, ինչ-որ բան է պատահում, դուք դրա համար պատասխանատվություն եք կրում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա նախկինը կինը՝ Զումրուդ Յագմուրը:
Այդ տեղեկությունը հաստատել դեռևս չհաջողվեց, բայց հաղորդագրություններ հրապարակել է նաև հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլը․
«Տարբեր աղբյուրներ ասում են, որ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության գործադիր տնօրեն Ֆուադ Ղահրամանլին խոշտանգումների է ենթարկվել: Տեղեկություն կա նաև, որ նա մահացել է: Փաստաբան Բահրուզ Բայրամովին չեն թույլատրել նրան տեսնել կալանավորման պահից:
Կուսակցության ևս երկու անդամ՝ Բաբա Սուլեյմանը և Սեյմուր Ախմադովը նույնպես ենթարկվել են դաժան խոշտանգումների և բռնաբարության սպառնալիքների: Ինչպես հաղորդվում է, Բաբան խոշտանգումներից հետո համաձայնվել է կեղծ ցուցմունքներ ստորագրել կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի դեմ:
Մենք փորձում ենք ստուգել զեկույցները: Իրավաբաններին չեն թույլատրում տեսնել իրենց պաշտպանյալներին, Ադրբեջանում չկա խոշտանգումների դեմ արդյունավետ մեխանիզմ»:
Վերջերս ադրբեջանցի բլոգերները սկսել են ամենօրյա հրապարակումներ անել երկու ուղղություններով. կորոնավիրուսի մասին վիճակագրությունը և իշխանությունների կողմից ձերբակալված ընդդիմադիրների թիվը:
Ձերբակալված շուրջ 45 ընդդիմադիրներին ի սկզբանե մեղադանք է առաջադրվել ապօրինի գործողությունների համար՝ հուլիսի 15-ի գիշերը ի աջակցություն բանակի ակցիայի ընթացքում:
Սակայն մեղադրանքներն այնուհետև ավելի խստացվեցին, և որոշ ձերբակալվածներ այժմ կասկածվում են իշխանությունը տապալելու փորձ կատարելու մեջ: