Հայաստանի ԱԳՆ-ն վարչապետին դե՞մ գնաց։ Հրաժարական է տվել արտգործնախարարը
Հայաստանում սկանդալ է։ Վարչապետը հայտարարություններ է արել, որոնք հերքել է երկրի ԱԳՆ-ն։ Արդյունքում՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում պատերազմի կանխման բանակցությունների մասին խոսելիս արդեն մի քանի օր է՝ պնդում է, թե «մենք կարող էինք խուսափել պատերազմից, եթե համաձայնեինք Ադրբեջանին հանձնել յոթ շրջաններն ու Շուշին»։
Նոյեմբերի 16-ին խորհրդարանում վարչապետը կրկին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 2018 թ-ի դրությամբ, երբ ինքն իշխանության է եկել, անդառնալիորեն տարել է դեպի տարածքների հանձնում։ Եվ կրկին խոսել է այն մասին, որ խոսքը ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հարակից շրջանների, այլև Շուշի քաղաքի մասին է եղել։
Խորհրդարանից ուղիղ եթերով հեռարձակվող ելույթին զուգահեռ Հայաստանի լրատվամիջոցներն այս հայտարարության հերքումն են հրապարակել՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի խոսքերի հիման վրա։ Նա հայտարարել է, որ «խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»։
Նիկոլ Փաշինյանին Նաղդալյանի հայտարարության մասին հաղորդել են հենց Ազգային ժողովի դահլիճում։
Այդ ժամանակ վարչապետը հստակեցրել է, թե ադրբեջանական կողմը նվազագույնը պահանջում էր իր փախստականների վերադարձն այնտեղ։
«Իսկ արտգործնախարարին ես որոշում եմ կայացնել հեռացնել», — հավելել է Փաշինյանը։
Այս հայտարարությունից րոպեներ անց հայտնի է դարձել, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել։
Ֆեյսբուքյան իր էջում նախարարության մամուլի քարտուղարը հրապարակել է Մնացականյանի դիմումի լուսանկարը, որտեղ ասված է․
«Խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը։ Շնորհակալություն եմ հայտնում այս շրջանում վստահության և համատեղ աշխատանքի համար»։
Զոհրաբ Մնացականյանն արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թ-ի մայիսից։ Նա նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թ-ի «թավշյա» հեղափոխությունից հետո։