Աբխազիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային աճ է գրանցվել
Աբխազիայում սեպտեմբերի 1–ին գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային քանակ։ Միանգամիմց 29 նոր դեպք է հայտնաբերվել 194 մարդու թեստավորումից հետո։
Նախորդ ռեկորդն օգոստոսի կեսերին էր և կազմում էր 26 դեպք։
Այս պահի դրությամբ Գուդաութիի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցում, ըստ պաշտոնական տվյալների, 29 հիվանդ կա։ Նրանցից հինգը ծանր վիճակում են, ինը՝ միջին ծանրության։
Աբխազիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ կազմում է 359։ Նրանցից 125–ն ապաքինվել է, չորսը՝ մահացել։
Չնայած կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճին՝ Աբխազիայի կառավարությունը հանրապետության տարածքում խիստ սահմանափակումների ռեժիմը չի պատրաստվում վերադարձնել։ Սակայն տեղային կարանտինային միջոցներ կիրառվում են։
Մասնավորապես, Օչամչիրի շրջանի Լաբրա գյուղում, որտեղ օգոստոսի վերջին կորոնավիրուսից տեղի բնակիչ էր մահացել, սանիտարահամաճարակային ծառայությունները կարանտին են սահմանել։ Գյուղի մուտքերն ու ելքերը փակ են։
Բացի այդ, դպրոցներում ուսուցիչների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման առնչությամբ մեկ շաբաթով հետաձգվել է ուսումնական տարվա մեկնարկը։