Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել, 26 մարդ զոհվել է
Ուկրաինայում ավիավթարի արդյունքում 26 մարդ է զոհվել: An-26 ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Խարկովի շրջանի Չուգուև քաղաքի մոտակայքում սեպտեմբերի 25-ի երեկոյան:
Ինչպես հայտնում է ուկրաինական Hromadske հեռուստաընկերությունը, ուսումնական թռիչք իրականացնող օդանավում եղել է 27 մարդ՝ Խարկովի ռազմաօդային ուժերի ազգային համալսարանի 20 կուրսանտ և յոթ սպա:
Ինքնաթիռի ընկնելուց անմիջապես հետո հայտնաբերվել են երկու կենդանի մարդ, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում, մյուսը գտնվում է Խարկովի զինվորական հոսպիտալում և կարող է դուրս գրվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Գործը վարում է Ուկրաինայի հետաքննության պետական բյուրոն: Քննարկվող վարկածների շարքում են՝ աղետ տեխնիկական անսարքության պատճառով, անձնակազմի կամ թռիչքի կառավարման համար պատասխանատու անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում, օդանավի ոչ պատշաճ պահպանման և թռիչքի նախապատրաստումը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 26-ը սգո օր է հայտարարել, նաև կարգադրել է դադարեցնել Ուկրաինայում բոլոր Ан-26-երով թռիչքները, մինչև պարզվեն ողբերգության հանգամանքները: