Վրաստանում նրանց այցի դեմ ստորագրահավաք է սկսվել " />

«Գիշերային գայլեր» ռուս բայքերները մայիսի 9-ին պլանավորում են Վրաստան գալ

Վրաստանում նրանց այցի դեմ ստորագրահավաք է սկսվել

Մայիսի 9-ին, հնարավոր է, Վրաստան գան «Գիշերային գայլեր» ռուս բայքերների խմբավորման անդամները: Այդ մասին տեղեկատվություն է տարածել «Ռուս-վրացական երիտասարդական միություն» ռուսամետ կազմեկրպության նախագահ Իրակլի Կիպիանին:

Ռուս բայքերների՝ Վրաստան գալու դեմ երկրում արդեն ստորագրահավաք է սկսվել: «Թույլ մի՛ տվեք Վրաստան մտնել Կրեմլի մոտոցիկլավարներին» անվանումով առցանց մանիֆեստն այս պահին 2 հազարից ավել մարդ է ստորագրել, ստորագրահավաքը շարուկանվում է:

Սակայն «Գիշերային գայլերի» կայքում Վրաստան այցի մասին տեղեկատվություն չկա: Սակայն Իրակլի Կիպիանին ասում է, որ բայքերների այցը կախված կլինի նրանից, թե որքանով ապահովված կլինի նրանց անվտանգությունը Վրաստանում: Վրաստան է պատրաստվում այցելել 30-35 բայքեր, իսկ նրանց համար վտանգ կարող են ներկայացնել «Ազգային շարժում» (առաջնորդ՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլի) նախկին իշխող կուսակցության հետ կապված կազմակերպությունների ներկայացուցիչները: Այդ թվում նաև՝ «Ազատ գոտի» կազմակերպությունը, որի անդամները կոնֆլիկտի մեջ մտան բայքերների հետ 2015թ-ին:

Վրաստանի ՆԳ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին հայտարարել է, որ իրավապահ մարմինները «կվերահսկեն» «Գիշերային գայլերի» այցը Վրաստան, և նրանց կողմից Վրաստանի ինքնիշխանության խախտման դեպքում ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Ավելի ուշ՝ մայիսի 2-ին, Խուցիշվիլին հայտարարել է, որ «գայլերի» հայտարարագրած ակցիան «չի համապատասխանում» մայիսի 9-ի ոգուն, իսկ բայքերների այցն «անցանկալի է», քանի որ նախորդ անգամ բերեց հասարակության մի մասի հետ կոնֆլիկտի և բացասական արձագանքի: Սակայն հստակ ասել՝ կթողնեն «գայլերին» Վրաստան, թե՝ ոչ, ՆԳՆ չի կարող ասել մինչև հիմա:

Ովքե՞ր են «Գիշերային գայլերը»

«Գիշերային գայլեր» ռուս բայքերների խմբավորումը Կրեմլի աջակցությունն ունի: Բացի այդ, նրանց առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը բազմիցս հանրության առջև հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Խմբավորման ավելի քան 5 հազար անդամ ամեն տարի մայիսի 9-ին մեկնում է արտասահման Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների մասնակցելու համար: Նրանց ճամփորդությունները հաճախ առճակատմամբ են ավարտվում: Բայքերներն այսպես կոչված «գեորգյան ժապավեններով» են ճամփորդում, որոնք հետխորհրդային երկրներում հաճախ ընկալվում են որպես ռուսական իմպերիալիզմի և խորհրդային օկուպացիայի խորհրդանիշ: «Գեորգյան ժապավենների» տարածման ակցիաները ֆինանսավորվում են ռուսական բյուջեից 2005թ-ից:

Այս տարի «Գիշերային գայլերն» իրենց ճամփորդությունը սկսել են Սլովակիայից, սակայն Լեհաստանում խնդիրների են բախվել: 2016թ-ի մայիսի 1-ին բայքերներին, որոնք մասնակցում էին «Դեպի Բեռլին տանող հաղթանակի ճանապարհները» մոտովազքին, նույնպես Լեհաստան չեն թողել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լեհական սահմանը կարողացել են հատել միայն մրցավազքի այն մասնակիցները, որոնք ԵՄ անդամ են եղել: Նույնպիսի խնդիրներ են ունեցել «Գիշերային գայլերը» 2015թ-ին, երբ Գերմանիան չեղարկել է նրանց շենգենյան վիզաները:


Կարդալ ավելին JAMnews-ում