Մի քանի նահանգի դատարաններ կասեցրել են Թրամփի հրամանի գործողությունը" />

ԱՄՆ-ում բողոքում են փախստականների և միգրանտների մուտքի արգելքի դեմ

Մի քանի նահանգի դատարաններ կասեցրել են Թրամփի հրամանի գործողությունը

Ի աջակցություն միգրանտների և Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի մի քանի երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահմանափակելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի հրամանի դեմ ակցիաներ անցկացվեցին շաբաթ օրը ԱՄՆ խոշորագույն միջազգային օդանավակայաններում:
Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում, Սիեթլում և այլ քաղաքներում մարդիկ գալիս են օդանավակայաններ՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել նախագահի գործողությունները: Ողջ երկրով մեկ տեղի ունեցող ակցիաներին հազարավոր մարդիկ են մասնակցում:
Բացի այդ, այն նահանգների դատավորները, որտեղ տեղակայված են երկրի ամենակարևոր միջազգային օդանավակայանները՝ Մասաչուսեթս, Վիրջինիա և Վաշինգտոն, վճիռ են կայացրել նախագահական հրամանի գործողության ժամանակավոր կասեցման մասին: Այդ վճիռները կայացվել են Նյու Յորքի դաշնային շրջանային դատավորի շաբաթ օրը կայացրած վճռից հետո, որը, քննելով Իրաքի երկու քաղաքացիների անունից իրավապաշտպանների ներկայացրած հայցը, վճռել էր 90 օրով կասեցնել հրամանի կատարումը:
Թրամփի կողմից ուրբաթ օրը ստորագրած հրամանն 90-օրյա արգելք է դնում Իրաքի, Իրանի, Յեմենի, Սիրիայի և Սուդանի քաղաքացիների ԱՄՆ մուտք գործելու վրա, այդ թվում նաև՝ գործող վիզա ունեցողների: Սիրիայից փախստականների ընդունումն ԱՄՆ կդադարեցվի անորոշ ժամկետով, իսկ այլ երկրներից փախստականներ ընդունելու ծրագիրը կսառեցվի 120 օրով:
Հրամանի ստորագրումից անմիջապես հետո օդանավակայաններում սկսեցին ուղևորների ձերբակալել, որոնք ԱՄՆ էին եկել նշված երկրներից: Reuters գործակալությանը հայտնի է դարձել, որ Կահիրեի օդանավակայանում EgyptAir ավիաընկերությունը շաբաթ օրը թույլ չի տվել ինքնաթիռ բարձրանալ Իրաքի՝ Նյու Յորք թռչող 5 քաղաքացիների և Յեմենի մեկ քաղաքացու:
Թրամփի հրամանին դեմ են արտահայտվել միջազգային կազմակերպություններն ու մի քանի երկրների ղեկավարներ: Մասնավորապես, ամերիկյան օդանավակայաններում ձերբակալված մարդկանց խոստացել է ընդունել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Հրամանի քննադատությամբ են հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Փոխաստականներին ընդունելը չդադարեցնելու կոչով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին են դիմել ՄԱԿ փախստականների գործով Գերագույն հանձնակատարի վարչությունն ու Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Կարդալ ավելին JAMnews-ում