Հոգեհանգստից երկու օր հետո «Զլատա Ստոուպա» փաբում Վերայի հիշատակի հավաքույթն էր..." />

Հրաժեշտ չեխական ձևով

Հոգեհանգստից երկու օր հետո «Զլատա Ստոուպա» փաբում Վերայի հիշատակի հավաքույթն էր...

Պան Վլադիմիրը՝ «Զլատա Ստոուպա» գինետան տերը, հին լուսանկարիչ է: Տարիների ընթացքում իր նկարած պատկերները նա  սիրում է ամրացնել փաբի պատին ու ժամանակ առ ժամանակ փոխել դրանք նորերով:

1

2

Պանի Վերան «Զլատա Ստոուպաի» մշտական հաճախորդներից էր:  Մի օր նա տեսել էր ամուսնու հետ իր նկարը գինետան պատին ու վրդովվել, ինքն էլ չգիտեր, թե ինչու:

3

Մոտ քսանհինգ տարի նա գրեթե ամեն օր այցելում էր «Զլատա Ստոուպա»՝ ընկերներին հանդիպելու և միասին մեկ-երկու բաժակ գինի խմելու համար։ Նույնիսկ ամուսնու մահից հետո Վերան մնացել էր «Զլատա Ստոուպայի» հավատարիմ հաճախորդը: Այստեղ իրեն լավ էր զգում, շատերն էին նրան այստեղ ճանաչում ու սիրում:

Այդ օրը Վերան “Զլատա Ստոուպայում” չէր, բայց նրա մասին խոսում էին բոլորը՝ ամենամոտ ընկերներ ու հարազատներից սկսած մինչև փաբի տերը։ Նրանք պատմում էին Վերայի մասին, հիշում զավեշտալի պատմություններ, ծիծաղում էին ու միաժամանակ լաց լինում։

Վերան նրանց լքել էր մեկ շաբաթ առաջ: Հոգեհանգստից երկու օր հետո «Զլատա Ստոուպայում» Վերայի հիշատակի հավաքույթն էր։ Մտերիմները խմում էին նրա սիրելի գինին, համտեսում՝  նախընտրած խորտիկները: Վերան հավաքվածների հետ էր, նրանց հուշերում:

Վերայի աղջիկն ու տղան էին կազմակերպել այդ հավաքը, որպեսզի մարդիկ իրենց մայրիկին հիշեն ու հիշատակեն ոչ թե եկեղեցում կամ գերեզմանատանը, այլ հենց նրա սիրած վայրում:

Այս պատմության մեջ ոչ մի արտառոց բան չկա: Ավանդական աթեիստ չեխերը՝ ի տարբերություն շրջապատող շատ եվրոպական երկրների բնակիչների, հանգուցյալներին սովորաբար հրաժեշտ են տալիս ոչ թե եկեղեցիներում կամ սգո սրահներում, այլ այն վայրերում, որտեղ հանգուցյալը սիրում էր ժամանակ անցկացնել:

4

«Մենք չենք գնում եկեղեցի, բայց մենք գնում ենք մեր սիրելի վայրերը, ասենք՝ գարեջրատուն,  քանի որ դա մեր, չեխերիս, մշակույթի և ապրելակերպի կարևոր մասն է դարձել: «Զլատա Ստոուպայում» ուսանող տարիներին աշխատել է եղբայրս, հետո՝ ես: Ծնողներիս համար սա ժամանցի ու հանդիպումների մշտական վայր է եղել: Մենք այլ կերպ վարվել չէինք կարող. մայրիկը հաստատ կբարկանար ու կնեղանար, եթե մենք այս օրը նրան հենց այստեղ չհիշեինք»,- ասում է Վերայի աղջիկը՝ Գաբրիելան:

Հրապարակվել է՝ 26.12.2016

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում