«Փաշինյանին հարցրեք՝ ի՞նչ նկատի ուներ». Դոնֆրիդը՝ ԼՂ-ի կարգավիճակի «նշաձողն իջեցնելու» մասին
Դոնֆրիդի հանդիպումները Երևանում
«Ռուս-ուկրաինական պատերազմին մեծ ուշադրություն դարձնելը չի նշանակում, որ այլ խնդիրների ուշադրություն չենք դարձնում», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը Երևանում։
«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում նա անդրադարձել է հայ-ադրբեջանական երկխոսությանն ու կարևորել «ԼՂ-ում իրավիճակի կարգավորումը»: Պաշտոնյան վստահեցրել է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով աշխատանքը՝ անկախ խոչընդոտներից։
Քերըն Դոնֆրիդը նկատի ունի մինչև 2020 թվականը գործող՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական ֆորմատը այս երեք երկրների համանախագությանբ։ Այն դադարել է գործել Ղարաբաղյան երկորդ պատերազմից հետո։ Իսկ ուկրաինական պատերազմի հետևանքով՝ համանախագահող երկրների միջև ծագած տարաձայնությունների ֆոնին շատերին բացարձակ անհնարին է թվում:
Հայաստանը Դոնֆրիդի երրորդ կանգառն է: Մինչ այս նա եղել է Վրաստանում և Ադրբեջանում:
Երևանյան հանդիպումների մանրամասները, մեջբերումներ բացառիկ հարցազրույցից։
«Կարևորելով ԱՄՆ առանցքային դերը». ի՞նչ է քննարկվել Երևանում
Երևանյան այցի շրջանակներում պետքարտուղարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի և անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում»: Դոնֆրիդը տեղեկացրել է, որ այդ աջակցությունը լինելու է շարունակական:
Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի գործունեությանը.
«Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը»:
Քերըն Դոնֆրիդի հետ հանդիպումներում ինչպես վարչապետը, այնպես էլ արտգործնախարարը կարևորել են ԼՂ-ի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Հայկական կողմը շարունակում է առաջ քաշել Ադրբեջանի հետ բանակցություններում հենց այս ձևաչափի պահպանման անհրաժեշտությունը։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող թեմաներ: Միրզոյանը Դոնֆրիդին է ներկայացրել տեղեկություններ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ:
«Քերըն Դոնֆրիդի խնդրանքով» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքն է ներկայացրել նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը: Այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱԽ գրասենյակի պաշտոնական կայքում:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմին և դրա հետևանքներին անդրադարձ է եղել միայն արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցում:
Համենայն դեպս, մյուս երկու պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին որևէ հիշատակում չկա:
Նախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման անհրաժեշտությունը:
«Հաշտեցման հնարավորություն կա». հատվածներ հարցազրույցից
Երևանյան հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասել է, որ իր երկիրը պատրաստ է օգտակար լինել Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործում։
«Ուզում եմ հստակ ասել, որ որքան էլ կարևոր լինի Ուկրաինայում պատերազմը, որքան էլ կարևոր լինի մեր աջակցությունը Ուկրաինային, իսկ մենք վերջին ամիսներին մեծ ուշադրություն ենք դարձրել այս հակամարտությանը, դա չի նշանակում, որ մենք ուշադրություն չենք դարձնում այլ խնդիրների, Եվրոպայի այլ մասերին։
Եվ ես հույս ունեմ, որ իմ այցն այստեղ դրա շատ վառ օրինակն է: Իրավիճակը Հարավային Կովկասում շատ կարևոր է: Կարծում եմ, որ այստեղ հնարավորություն կա: Նախևառաջ, դուք` հայերդ, պետք է աշխատեք ձեր հարևանների հետ՝ փորձելով առաջ տանել հաշտեցման այդ օրակարգը: Բայց ես ուզում եմ հստակեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է և ներգրավված և ցանկանում է օգտակար լինել այդ գործընթացում», — հայտարարել է նա:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում «նշաձողն իջեցնելու» մասին Փաշինյանի հայտարարությունը Դոնֆրիդը չի ցանկացել մեկնաբանել.
«Ավելի լավ է, որ դուք իրենից հարցնեք՝ ինչ նկատի ուներ: Բայց ես տեսնում եմ, որ տեղի է ունենում երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը, հուսով եմ, կհանգեցնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը»:
«Նշաձողն իջեցնելու» մասին հայտարարությամբ վարչապետը հանդես էր եկել ապրիլին։ Այն մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, խորհրդարանական ընդդիմությունն էլ փողոցային շարժում սկսեց Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմադիրները, ինչպես և ԼՂ-ի ղեկավարությունը դրանից հետո բազմիցս հայտարարել են, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», քանի որ Հայաստանի վարչապետի ուղերձն ընկալվել է որպես «դավաճանություն» և «ԼՂ-ի հանձնում Ադրբեջանին»։
Այս հարցն այնքան սուր է ընկալվում Հայաստանում, որ վերլուծաբանները մեկնաբանել են ԱՄՆ պաշտոնյայի հարցազրույցի այս դրվագը։ Մասնավորապես, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ Քերըն Դոնֆրիդը նրբանկատորեն հասկացրել է, որ Փաշինյանի՝ ԼՂ-ի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին «հայտարարության հետևում փնտրեն ոչ թե Վաշինգտոնի, այլ Մոսկվայի «ականջները»։
Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Մինսկի խմբի ձևաչափին, գործընթացը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին չի դադարեցվել։ Նա ասել է նաև, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել գործել այս ֆորմատով՝ համագործակցելով Ռուսաստանի հետ․
«ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում:
Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել»:
Դոնֆրիդը չի հստակեցրել՝ Ալիևի հետ զրուցե՞լ է Մինսկի խմբի գործունեության դադարեցման վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունների մասին, թե՞ ոչ: Միայն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի թեման:
Դոնֆրիդի հանդիպումները Երևանում