Փաշինյանին հարվածելու փորձի մեջ մեղադրվող երիտասարդն ազատ է արձակվել․ կարծիքներ
Փաշինյանին հարվածելու փորձ կատարողի կալանքը վերացվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձի մեջ մեղադրվող երիտասարդն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից։
Տևական ժամանակ է, ինչ 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբաններն ահազանգում էին, որ նա ենթակա չէ կալանավորման, բանտային պայմանների հետ անհամատեղելի երկու հիվանդություն ունի։ Երիտասարդի նկատմամբ, սակայն, խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը։ Առողջական խնդիրների պատճառով նա պարբերաբար բանտից բուժկենտրոն էր տեղափոխվում։
Նախօրեին հսկող դատախազը փոխել է խափանման միջոցը՝ սահմանելով երկրից բացակայելու արգելք։ Գործի քննությունը, սակայն, շարունակվում է։ Հաղորդվում է, որ նախօրեին դատախազը քրեական վարույթի նյութերն ու հաստատված մեղադրական եզրակացությունը հանձնել է դատարան։ Ավագ դպրոցի աշակերտ Դավիթ Մինասյանը մեղադրվում է վարչապետ Փաշինյանի դեմ բռնություն գործադրելու ու խուլիգանության հոդվածներով:
Ազատ արձակման որոշումից առաջ քաղաքացիները նամակ էին հանձնել Գլխավոր դատախազության՝ խնդրելով վերանայել կալանքի որոշումը։ Մի խումբ մայրեր էլ նստացույց էին սկսել՝ իշխանություններից պահանջելով լինել «այնքան հմուտ և մեծահոգի, որ տարբերեն իրական հանցագործներին»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը դրական է գնահատել հսկող դատախազի կայացրած որոշումը, բայց նաև բարձրացրել այս ընթացքում երիտասարդի կրած վնասների հարցը։
«Իսկ որքա՞ն հոգեկան տառապանք ու ֆիզիկական հոգս պատճառվեց նրան ու ընտանիքին, բացարձակապես անհամաչափ ձերբակալությամբ և կալանավորումով, որն այլ բան, քան պարզապես քինախնդիր հետապնդում՝ դժվար է որակել»,- հարցրել է Բադալյանը։
Այս պահին հայտնի մանրամասները՝ ինչի՞ մեջ է մեղադրվում երիտասարդը, վարչապետ Փաշինյանի գնահատականը միջադեպին, մեկնաբանություններ սոցցանցերից
- «Պատերազմի եռագլուխ կուսակցության վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է»․ ՀՀ ԱԺ փոխնախագահ
- Ընտրակաշառք՝ աշխատավարձի և բարեգործության քողի ներքո․ «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող վարույթը
- Հայաստանի իշխող ուժի նախկին պատգամավորը՝ ՍԴ դատավոր․ կա՞ անաչառության և անկախության ռիսկ
Նախապատմություն
Միջադեպը տեղի էր ունեցել Ծաղկազարդի պատարագի օրը՝ մարտի 29-ին, երբ երկրի ղեկավարը դուրս էր գալիս Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցուց։ Պատարագի մասնակից Դավիթ Մինասյանը Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից պահանջել էր չհրել իրեն։
«Տենց չնայես ինձ»,- խոսքն ուղղելով վարչապետին՝ ասել էր երիտասարդն ու փորձել ձեռքով հարվածել նրան։
Նիկոլ Փաշինյանը զուսպ էր արձագանքել, ձեռքի շարժումով հորդորել էր լռություն պահպանել և դուրս էր եկել եկեղեցուց։ Ավելի ուշ, սակայն, հրապարակվել էր տեսանյութ, որում երևում էր, որ վարչապետի հեռանալուց հետո անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածել է Դավիթ Մինասյանին։
Եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել էին 18-ամյա Դավիթ Մինասյանը, նրա երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանն ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։ Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ նրան աջակցելու, իսկ Գևորգ Գևորգյանը՝ այդ ամենը կազմակերպելու մեջ: Նա, սակայն, պնդում է՝ չի ճանաչել եղբայրներին, ուստի ոչինչ կազմակերպել չէր կարող։
Դավիթի եղբայրը՝ Միքայել Մինասյանն ազատ էր արձակվել դեռևս մարտի 31-ին՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չբացակայելու արգելքը։ Նույն պայմաններով ազատ էր արձակվել նաև Գևորգ Գևորգյանը։
Քննվում է երիտասարդի, բայց ոչ անվտանգության աշխատակցի վարքագիծը
Միջադեպի շուրջ բարձրացված աղմուկից հետո համացանցում շրջանառվել էր նաև տեսանյութ, որում երևում էր, որ անվտանգության աշխատակցի հարվածից հետո Դավիթ Մինասյանը վայր է ընկել։
Երիտասարդի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր՝ բժշկական հետազոտությունները հաստատել են, որ այդ հարվածի հետևանքով Դավիթը ստացել է փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում։
Փաստաբանները հարվածի տեսագրությունը Քննչական կոմիտե էին ուղարկել։ Նշված աշխատակցի գործողությունները, սակայն, մինչ օրս չեն արժանացել իրավական գնահատականի։
«Ի՞նչ պետք է աներ, հրավիրե՞ր սուրճ խմելու»․ Փաշինյանը՝ ՊՊԾ աշխատակցի մասին
Ինքը՝ վարչապետ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր՝ չի տեսել, թե ինչ է տեղի ունեցել։ Միևնույն ժամանակ նա, ըստ էության, արդարացրել էր Պետական պահպանության ծառայության աշխատակցի վարքագիծը։
«Երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի, սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել»,- նկատել էր նա։
Վարչապետն ընդգծել էր, որ եթե ՊՊԾ աշխատակիցը չիրականացնի իր աշխատանքը, ահա այդ դեպքում նրա դեմ կարող է քրեական գործ հարուցվել, նա կարող է հայտնվել բանտում իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար։
«Ես չեմ հանդուրժի, որ Հայաստանի որևէ ծառայություն իր պարտքը չկատարի։ Բացառված բան է, կլինի ոստիկանություն, ՊՊԾ, կլինի բանակ, ԱԱԾ։ Բա ի՞նչ պետք է աներ, հրավիրե՞ր սրճարան սուրճ խմելու»։
Կառավարության ղեկավարը նաև պնդել էր, որ Դավիթ Մինասյանը մարմնական վնասվածք չի ստացել։ Անդրադառնալով տղայի նկատմամբ կիրառված կալանքի որոշմանն ու առողջական խնդիրներին՝ արձանագրել էր․
«Երբ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեյջ չունի, որ 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի»։
Մեկնաբանություններ սոցցանցերից
Սոցցանցերի հայկական տիրույթում քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են թեման։ Մեկնաբանությունները ծայրահեղ տարբեր են։ Մի մասը դրական է գնահատում կալանքի որոշման վերանայումը, մյուսները կարծում են, որ «թավիշն» անպատժելիության է հանգեցնում․
«Փառք Աստծո։ Առողջություն քեզ, Դավիթ ջան»։
«Ժողովրդի բողոքը տեղ հասավ, ի վերջո։ Բայց թիկնապահներին ինչպես նախկինում, այնպես է այսօր անսահմանափակ իրավունք է տրված… Ոչ պատիժ/ նկատողություն, ոչ էլ ներողություն»։
«Այսուհետ, կարծում եմ, չանչերը կարճ կպահի»։
«Պետք է կառավարությանը շնորհակալություն հայտնել»։
«Իսկ ինչի՞ համար պետք է կառավարությունից շնորհակալ լինել։ Որ այս երեխային մահվան դուռ հասցրե՞ց, էս տղայի տառապանքների համա՞ր»։
«Մի օր էս թավիշը չոքելու ա էս կառավարության ու ուժային կառույցների դռների դեմը։ Այսինքն՝ ամեն անչափահաս կարա հարձակվի երկրի վարչապետի վրա ու մնա անպատիժ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանին հարվածելու փորձ կատարողի կալանքը վերացվեց