«Պատերազմի սպառնալիքի և ռիսկերի կառավարում»․ մանրամասներ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
Փաշինյանը՝ Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում անդրադարձել է Դիլիջանում կայացած Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը։ Ադրբեջանի նախագահի օգնականը ՀՀ-ում հանդիպել էր Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ հունիսի 14-ին՝ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման օրը։ Փաշինյանի գնահատմամբ՝ հանդիպումը կազմակերպվել է «պատերազմի սպառնալիքը» կառավարելու համար։
Վարչապետ Փաշինյանը բազմիցս է հայտարարել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է։ Սակայն կարծում է՝ պատերազմի սպառնալիք են ստեղծել ընտրակաշառք բաժանած քաղաքական ուժերը։ Նկատի ունի «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որոնց իշխանականներն անվանում են «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է՝ ՀՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ արտաքին աշխարհում կարող է ծագել հարց, թե «Հայաստանում կա 500 հազար քաղաքացի, որ մտածում է՝ պետք է վերանայել խաղաղության համաձայնագիրը, շարունակել ղարաբաղյան շարժումը»։ Կարծում է՝ նման ընկալումը կարող է լրջորեն սրել ռազմաքաղաքական իրավիճակը։
«Բայց մենք հո գիտենք իրողությունը, մենք հո գիտենք, որ չկա այդպիսի մարդ, այլ ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի, և այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել»,- շեշտել է վարչապետը։
Այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Փաշինյանը պարզաբանել է՝ կար իրավիճակի լարման հնարավորություն, քանի որ քաղաքական օրակարգ էր բերվել, այսպես կոչված, 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման։
«Նրանք, ովքեր օրակարգ են բերել թեման, նպատակ ունեն տարածաշրջանային իրավիճակը լարել, որովհետև մարիոնետ են նրանց ձեռքերում, ովքեր ուզում են իրավիճակը լարել։ Եվ մենք աշխատել ենք, որ չլարվի, և չի լարվել»,- ընդգծել է նա և հիշեցրել իր հայտարարությունը՝ «պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։
Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին հայտնի տեղեկությունները, վարչապետ Փաշինյանի մեկնաբանությունը
- 64 մանդատ՝ իշխող ՔՊ-ին․ Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքները
- Ինչպե՞ս կազդեն Հայաստանի ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի վրա․ հայացք Թբիլիսիից
- «ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին
«Ոչ մեկին բացատրություն չենք տվել»․ Փաշինյանը՝ Բաքվի հետ ներքաղաքական հարցեր քննարկելու մասին
Ճեպազրույցում լրագրողները մեջբերել են վարչապետի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարություններն ու հարցրել՝ «Հայաստանի ներքաղաքական կյանքի քննարկումը Բաքվի հետ նվաստացուցիչ չէ՞ պետականության տեսանկյունից»։
Ի պատասխան Փաշինյանը մի շարք մանրամասներ է ներկայացրել Գրիգորյան-Հաջիև հանդիպումից։ Նախ տեղեկացրել է, որ անձամբ է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարել կապ հաստատել ադրբեջանցի գործընկերոջ հետ և հետաքրքրվել՝ կա՞ հանդիպման անհրաժեշտություն, թե՞՝ ոչ։
Բացի այդ, նկատել է՝ իրավիճակը սրող «որոշակի միտումներ» են նկատել երկու երկրների փորձագիտական շրջանակների գնահատականներում․
«Մենք, ինչպես և պարտավոր ենք, զբաղված ենք իրադրության կառավարմամբ։ Ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել։ Դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց դրա մասին է՝ կողմերն իրենց դիրքորոշումները, մտահոգությունները պարզաբանում են»։
Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, որ այդ դիրքորոշումները բարձրաձայնվեն երկու երկրների ներկայացուցիչների կողմից, այլ ոչ թե հասանելի դառնան երրորդ կողմերի, մամուլի կամ այլ միջոցներով։
Վստահեցրել է՝ Հայաստանը որևէ մեկի հետ չի քննարկում իր ներքաղաքական կյանքը․
«Մյուս կողմից՝ մենք ամբողջ աշխարհում էլ, այդ թվում՝ ընտրությունների քաղաքական հետևությունները և ընտրություններին հետևող ռազմավարությունները առանց բացառության մեր բոլոր միջազգային գործընկերների հետ կիսում ենք։ Դա շատ նորմալ պրակտիկա է։ Այն, որ դուք ասում եք՝ դա նվաստացուցիչ չի՞, հիմա, որ թարգմանում եմ, կարող է հնչել այսպես՝ իսկ պետություն լինելը նվաստացուցի՞չ է, թե՞՝ չէ»,- արձագանքել է նա։
Ասում է՝ բոլոր պետությունները զբաղվում են իրենց հարևանների և միջազգային գործընկերների հետ հաղորդակցությամբ, բարձրաձայնում իրենց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլաններն ու մտահոգող հարցերը։
Վերադառնալով Դիլիջանում կայացած Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը՝ վարչապետը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են տասնյակ հարցեր, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց՝ Բաքվում պահվող հայ գերիների և սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր։
Գրիգորյան-Հաջիև հանդիպումը Դիլիջանում
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան էին ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով (Տավուշ-Ղազախ)՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը:
Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը հաղորդել էր, որ hունիսի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը՝
- քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր,
- ընդգծել են երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում,
- մտքեր են փոխանակել երկու երկրների քաղհասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։
«Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում»,- ասված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին