«Պատերազմի եռագլուխ կուսակցության վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է»․ ՀՀ ԱԺ փոխնախագահ
Ռուբեն Ռուբինյանը՝ պատերազմի կուսակցության մասին
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր «պատերազմի եռագլուխ կուսակցություն» է բնորոշել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած գլխավոր ընդդիմադիր ուժերին։ Տասը օր առաջ՝ «Քաղաքացիական պայմանագրի» արտահերթ համաժողովի ժամանակ նույն կերպ էր արտահայտվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարել էր, որ «ընտրություններում պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին»։
Իշխող ուժի ներկայացուցիչներն այդպես են անվանում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։
Վարչապետի պարզաբանմամբ՝ քաղաքական այս ուժերի առաջնորդները առաջ են տանում «խաղաղության վերանայման, ռեվիզիայի» թեզը: Իսկ դա, նրա կարծիքով՝ անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի:
«Հայաստան» դաշինքի առաջնորդը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: «Հզոր Հայաստան» կուսակցությունը գլխավորում է ռուս գործարար Սամվել Կարապետյանը: Անցյալ տարվա հունիսին նա ձերբակալվել էր իշխանազավթման հրապարակային կոչ անելու մեղադրանքով: Ներկայումս նա տնային կալանքի տակ է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրը և առաջնորդը գործարար Գարիկ Ծառուկյանն է:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԲՀԿ-ն չի հայտարարում, թե ով է իր վարչապետի թեկնածուն, իսկ «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ վարչապետ, քանի որ կա սահմանադրական արգելք։ Կարապետյանը ոչ միայն ՀՀ-ի, այլև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է։ Այսպիսով, պատգամավորն արձանագրել է, որ այս ուժերն ունեն մեկ միասնական թեկնածու։ Եվ դա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։
«Հիմա ի՞նչ է ստացվում։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունում իրենք իրենց մեջ քանի՞ վարչապետի թեկնածու ունեն: Մեկ, որովհետև ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետի թեկնածու, Ծառուկյանը թեկնածու չէ, քանի որ ասում է՝ չեմ ասի՝ ով է իմ թեկնածուն: Այսինքն՝ այդ երեք ուժերի մեջ հանրագումարով կա վարչապետի մեկ թեկնածու՝ Քոչարյանը»,- հայտարարել է նա։
- Ընտրակաշառք՝ աշխատավարձի և բարեգործության քողի ներքո․ «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող վարույթը
- Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու․ ո՞վ կստանա ընդդիմության ձայների առյուծի բաժինը
- «ՌԴ-ն փորձում է տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկել Հայաստան»․ քննարկումներ Երևանում
«Թաքնված թեկնածուով են որոշել մասնակցել ընտրություններին»
Խորհրդարանի փոխխոսնակի դիտարկմամբ՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրում ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ։ Խոսելով գլխավոր ընդդիմադիր ուժերի մասին՝ Ռուբեն Ռուբինյանը նկատել է՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի առաջին համարն ու վարչապետի թեկնածուն հենց նա է։ Պատկերը մի փոքր այլ է «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների պարագայում։
«Ծառուկյանի գլխավորած ուժի առաջին համարն է Ծառուկյանը, բայց վարչապետի թեկնածուն Ծառուկյանը չէ։ Եվ սա բացառիկ նոու-հաու է համաշխարհային քաղաքականության մեջ. իրենց վարչապետի թեկնածուն գաղտնի է: Այսինքն՝ Ծառուկյանն ասում է՝ իմ վարչապետի թեկնածուն գաղտնի է»,- ընդգծել է նա։
Գործարար Գագիկ Ծառուկյանը, որին իշխանությունները մեղադրում են բելառուսամետ օլիգարխ լինելու մեջ, ԲՀԿ առաջնորդն է։ Կուսակցությունը հասցրել է ներկայացնել իր «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը։ Վարչապետի թեկնածուի անունը, սակայն, չի հրապարակվել։
Իշխող ուժի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ ԲՀԿ-ն որոշել է մասնակցել «թաքնված, պախկված թեկնածուով»․
«Այսինքն՝ ժողովո՛ւրդ ջան, երբ ընտրում ենք Ծառուկյանի ուժին, իմացեք, որ հետո ով ասես կարող է վարչապետի թեկնածու լինել»:
Ռուբինյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Ծառուկյանի գլխավորած ուժի նախընտրական ցուցակում են անձինք, որոնք 2021 թ․-ի արտահերթ ընտրություններին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքով։ Այս դաշինքի անդամներից ԲՀԿ-ի ցուցակում են հայտնվել Անդրանիկ Թևանյանը, Էլինար Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը և այլք։
Քոչարյանի նախկին թիմակիցներ կան նաև նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում։ Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ցուցակում երկրորդ համարը «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն է։
«Այդ ցուցակները, որ տեսել եմ, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ խառնել, բաժանել, ցուցակ են կազմել, այսինքն՝ մարդկանց անուններն ուղղակի գրել են, խառնել են, ամեն մեկը քաշել է, ցուցակ են կազմել»,- նկատել է Ռուբինյանը։
«Սամվել Կարապետյանը թող զոհաբերի իր օտարերկրյա քաղաքացիությունը»
Լրագրողներից մեկը Ռուբինյանին հարցրել է․ «Սամվել Կարապետյանն ասում է՝ իրենք հանուն ՀՀ-ի ամեն ինչ զոհաբերում են, իսկ դուք․․․»։ Աժ փոխխոսնակը թույլ չի տվել ավարտել հարցը, միանգամից արձագանքել է․
«Իսկ ինքը հանուն ՀՀ-ի չի՞ պատրաստվում զոհաբերել ՌԴ և Կիպրոսի անձնագրերը։ Թրենդ ա, հա՞, փրկիչների մոտ։ Ամեն մեկը մի 6 երկրի քաղաքացիություն շալակած գալիս է երկիրը փրկելու։ Բագրատ Սրբազանն էլ [«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ] Կանադայի քաղաքացի էր։ Երբ ասում էինք՝ գուցե զոհաբերեք Ձեր Կանադայի քաղաքացիությունը, էդպես էլ չէր զոհաբերում»։
Փոխխոսնակի գնահատմամբ՝ ուզում են գալ, դառնալ վարչապետ, բայց «մի հատ պրիմիտիվ օտարերկրյա քաղաքացիություն չեն ուզում զոհաբերել, որ ժողովուրդը հասկանա՝ կատարածու չեն, մանկլավիկ չեն»։
Ռուբինյանը, սակայն, չի հստակեցրել, թե ո՞ւմ կատարածուն է համարում միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին, ում ունեցվածքի ու բիզնեսների մեծ մասը գտնվում է Ռուսաստանում։
«Չգիտեմ՝ ում կատարածուն են, հաստատ ոչ Հայաստանի ժողովրդի»,- ընդգծել է նա։
«Իրենցից ո՞վ է թարմ դեմք»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ ունի վարչապետի ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածու։ Ավելին, վստահեցրել է՝ ոչ նախկինների հետ գործ ունի, ոչ էլ գործող իշխանության։ Ըստ Ծառուկյանի՝ Հայաստանին պետք է «ապագայի վարչապետ»։
«Շատ հատկանշական է, որ Ծառուկյանն ասում է՝ մեզ թարմ դեմքեր են պետք։ Թարմ դեմքն ո՞վ է: Քոչարյա՞նն է թարմ դեմքը, ինքը՝ Ծառուկյա՞նն է թարմ դեմքը։ Ֆիզիկապես գուցե լավ է պահպանվել, բայց ինչո՞վ է ինքը թարմ։ Կամ ռուսաստանցի օլիգարխի ի՞նչն է թարմ»,- շեշտել է Ռուբեն Ռուբինյանը։
Բացի այդ, հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը ժամանակին ղեկավարել է ՀՀԿ խմբակցությունը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը։
Լրագրողները հետաքրքրվել են՝ ի՞նչն է պատճառը, որ Ծառուկյանն ու Կարապետյանը խուսափում են ասել, որ իրենց վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։
Պատգամավորը հարցին հարցով է պատասխանել․
«Օրինակ՝ ի՞նչն էր պատճաը, որ Մարտուն Գրիգորյանը, որը նույնպես հանգրվանել է ԲՀԿ ցուցակում, Գյումրու [ՏԻՄ] ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր՝ ինքը Վարդան Ղուկասյանին ձայն չի տալու։ Ուզում էր մարդկանց մոլորեցնել, ստանալ քվե, հետո գնաց ու իր քվեն տվեց Ղուկասյանին»։
Կարծում է՝ ընդդիմադիր ուժերը «հեքիաթներ կպատմեն», թե իրար հետ կապ չունեն, որպեսզի իրագործեն Գյումրի-2 սցենարը։
«Ուզում են կեղծ տպավորություն ստեղծել, թե իրար հետ կապ չունեն, որ քվեներ ստանան, վերջում կպնեն իրար և Գյումրիի սցենարն անեն, մեկ տարբերությամբ՝ եթե Գյումրիի սցենարի արդյունքում 6 ամիս հետո Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով, այս դեպքում ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև կաշառակերությունը կդառնա շատ ողջունելի, ազգանվեր, հարգարժան գործունեություն, ինչպես հին ու բարի ժամանակներում»,- ամփոփել է նա։
Գյումրիում արտահերթ ընտրություններ էին կայացել 2025 թվականի մարտի 30-ին։ Ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ 50+1% ձայն չէր հավաքել։ Ամենաշատ ձայները ստացել էր ՔՊ-ն։ Սակայն ոչ ոք կոալիցիա չկազմեց իշխող ուժի հետ։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերից 3-ը՝ «Իմ քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը աջակցեցին Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուբեն Ռուբինյանը՝ պատերազմի կուսակցության մասին