ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ FIP-ի բացահայտումը
ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին վկայող նոր փաստեր են ի հայտ եկել։ Պարզ է դարձել, որ Ռուսաստանի հայ համայնքի առանձին ներկայացուցիչներ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու ակտիվ գործողություններ են իրականացնում։
Ավելին, ՌԴ-ում բնակվող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ընտրողների «հավաքագրման գործընթացն» իրականացվում է ոչ ավել, ոչ պակաս ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) համակարգմամբ։
FIP.am-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ հարթակի լրագրողը զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարների, ներկայացել որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա։ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները, վստահ լինելով, որ խոսում են իրենց «կուրատորի» հետ, բացահայտել են Հայաստանի ընտրություններին միջամտելու մանրամասները։
Օրինակ՝ Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանը ենթադրյալ ԱԴԾ սպայի (իրականում՝ լրագրողի) հետ զրույցում նշել է, որ համայնքի անդամները հստակ հրահանգավորված են քվեարկել «Ռուսաստանի թիմի» օգտին։ Որպես այդ թիմի մաս՝ Աբրահամյանը մատնանշել է 4 քաղաքական ուժերի՝
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը,
- միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը,
- խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը,
- նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությունը։
Ընդ որում, խոսելով չորրորդ ուժի մասին՝ Աբրահամյանը նշել է՝ ցույց չեն տալիս, թե աջակցում են «Միասնության թևեր» կուսակցությանը, որպեսզի պահեն «եվրոպամետության ֆոնը»։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- Ճակատագրական ընտրություններ ՀՀ-ում. ընտրողների 40%-ը ոչ ոքի չի վստահում
- Պատասխան ՌԴ սահմանափակումներին․ Հայաստանի կառավարությունը կաջակցի հայ արտահանողներին
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
«Ում հասնում, օգնում է ավիատոմսերով»
Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանը հեռախոսազրույցի ընթացքում բացահայտել է ՌԴ-ից Հայաստան ընտրողների տեղափոխման լոգիստիկան։ Նշել է՝ մարդիկ կան, որ «իրենց փողերով են առնում տոմսը», իսկ իրենք փորձում են օգնել նրանց, ովքեր նման հնարավորություն չունեն․
«Ով ում հասնում, օգնում է ավիատոմսերով։ Անձամբ ես տոմսեր չեմ գնել ոչ մեկի համար։ Ուղղակի մարդիկ են եղել, որ ի սրտե ցանկացել են մեկնել Հայաստան, ասել են, որ հնարավորություն չունեն, խնդրել ենք ընկերներին, օգնել են։ Ես էլ՝ որպես հասարակական գործիչ, խնդրում եմ մարդկանց՝ ընկերներիս, օգնում են»,- պատմել է Աբրահամյանը։
Տեղեկացրել է, որ ներկա պահին գտնվում է Մոսկվայում է և զանգերի միջոցով է փորձում կառավարել գործընթացը։
Աբրահամյանը նաև ասել է, որ ընտրություններին մասնակցել չի կարող․ ՀՀ քաղաքացի չէ։ Եվ սա այն պարագայում, երբ ավելի վաղ հայ համայնքին ուղղված ուղերձում պնդել էր՝ անձամբ է գնալու Հայաստան։
Բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ 60-ամյա Արսեն Աբրահամյանը մինչև 2007 թվականը ղեկավարել է Ուլյանովսկի «Ոսկեվան» հայկական համայնքը, առնվազն 2007 թ․-ից Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի մարզային կառույցի ղեկավարն է։
Ռուսական ФСБ-ի և հայ համայնքի միջև կա «լիարժեք հասկացվածություն»
«ԱԴԾ սպա» ներկայացած լրագրողն Աբրահամյանին ասել է՝ ФСБ-ն կարող է ցանկացած պահի ֆինանսապես աջակցել Հայաստան մեկնել ցանկացողներին։
«10-15 անձ կա, որոնց պետք է ուղարկել, վատ չէր լինի, որ ուղարկեին»,- ի պատասխան նշել է Աբրահամյանն ու հավելել, որ խոսքն, իհարկե, ՀՀ անձնագիր ունեցողների մասին է։
Անդրադառնալով ФСБ-ի կուրատորի հետ տարվող աշխատանքներին՝ Ուլյանովսկի հայ համայնքի ղեկավարը նշել է՝ փոխգործակցում են, ամեն բան հրաշալի է։
«24 տարի է՝ նախագահում եմ ու, փառք Աստծո, մեր միջև լիարժեք հասկացվածություն է»,- հայտարարել է նա։
Բացի այդ, Արսեն Աբրահամյանը ФСБ-ի աշխատակից ներկայացած լրագրողի հետ զրույցում դժգոհել է Հայաստանի գործող կառավարությունից՝ պնդելով, թե, իբր, ՀՀ կառավարության ներկայացուցիչները չեն աշխատում իրենց հետ և չեն պահպանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։
ՌԴ հատուկ ծառայությունն «այդպես չի խոսում»
Բացի այդ, Փաստերի ստուգման հարթակը կապ է հաստատել Տուլայի ու Վորոնեժի հայ համայնքի ղեկավարներ Րաֆիկ Պապյանի ու Արմեն Եղյազարյանի հետ։ Նրանք նույնպես հաստատել են՝ կապի մեջ են ФСБ-ի հետ։
«Տուլայի համայնքի ղեկավարը կարճ զրույցի վերջում մեր լրագրողին դիտողություն արեց՝ ՌԴ հատուկ ծառայությունը «այդպես չի խոսում»,- ասված է FIP.am-ի հրապարակման մեջ։
Ուկրաինայից օկուպացված Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Ակոբյանը ևս հաստատել է, որ ընտրողներին ուղարկում են Հայաստան։ Մանրամասներ, սակայն, չի հայտնել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին