Ճնշման նոր մեխանիզմ Ադրբեջանում․ պարտադրում են ներողություն խնդրել ու տարածում այդ տեսանյութը
Ներողություն խնդրելու տեսանյութեր Ադրբեջանում

Սկզբում մարդը սոցցանցերում բողոքում է իր տան պայմաններից, պաշտոնյաների գործողություններից, անարդարությունից կամ կոռուպցիայից։ Տեսանյութը տարածվում է, բայց մեկ-երկու օր անց հայտնվում է մեկ այլ տեսանյութ. նույն անձը պաշտոնական տոնով ասում է, որ սխալվել է, ոչ մեկի դեմ բողոք չունի և զղջում է իր ասածների համար։
Ադրբեջանում նման տեսանյութերը վաղուց հասարակական-քաղաքական իրականության մաս են։ Դրանք հազվադեպ են ունենում կամավոր պարզաբանման տեսք, ավելի շուտ իշխանության ցուցադրում և մյուսներին ուղղված նախազգուշացում են։
Ավելին, հարվածի տակ են հայտնվում ոչ միայն քաղաքական գործիչները, ակտիվիստները կամ լրագրողները, այլև շարքային քաղաքացիները։
Meydan TV-ն ուսումնասիրել է, թե ինչպես են գործում ներողություն խնդրելու տեսանյութերը և ինչու գործնականում յուրաքանչյուրը կարող է հայտնվել դրանց թիրախում։
Meydan TV-ի հրապարակումը
_________________________________________________________________
Բողոք, ապա ներողություն
Նմանատիպ դեպքերից վերջինը տեղի է ունեցել Ջաբրայիլի շրջանի բնակիչներից մեկի հետ։ Այս տարածքը Ադրբեջանի վերահսկողությանն է վերադարձվել 2020 թվականին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Դրանից հետո իշխանությունները մեկնարկել են ազատագրված տարածքները վերականգնելու և տեղահանված անձանց այնտեղ վերադարձնելու ծրագիր։
Այս գործընթացի շրջանակներում տղամարդը ստացել է նոր բնակարան։ Սակայն վերաբնակեցվելուց հետո նա տեսանյութ է նկարահանել՝ բողոքելով կենսապայմաններից։ Հաջորդ օրը համացանցում հայտնվել է մեկ այլ տեսանյութ. այս անգամ նա հայտարարել է, որ ոչ մեկի դեմ բողոք չունի և զղջում է իր արարքի համար։
Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև 2022 թվականին։ Բեռնատարների վարորդները փակել էին Հեյդար Ալիևի պողոտան՝ բողոքելով Ավտոմոբիլային տրանսպորտի պետական գործակալության դեմ։ Նրանք բեռնատարների վրա գրել էին, որ իրենց ապրանքները փչացել են, իսկ իրենք հայտնվել են սնանկացման եզրին։
Հաջորդ օրը հրապարակվել էին նրանց ներողություն խնդրելու տեսանյութերը։ Բողոքի ցույցից հետո երկու վարորդների նկատմամբ կիրառվել էր 30-օրյա կալանք։
Նույն թվականին ներողության տեսանյութ էր հրապարակել նաև Սանան Ահմեդովը՝ Ղարաբաղում մարտերում զոհված Սաբուհի Ահմեդովի եղբայրը։ Մինչ այդ Սանան Ահմեդովը հայտարարել էր, թե, իբր, իր եղբորից 6000 մանաթ (մոտ 3500 դոլար) կաշառք են վերցրել՝ կոմանդոսական բրիգադ ընդունելու համար։
Այս հայտարարությունից մի քանի օր անց նա հայտնվել էր մեկ այլ տեսանյութում և ներողություն խնդրել։
Ինչո՞ւ են նկարահանվում ներողություն խնդրելու տեսանյութերը
Իրավաբան Էմին Աբբասովի խոսքով՝ Ադրբեջանի օրենսդրությունը չի ենթադրում, որ անձը պետք է ներողություն խնդրի հարկադրանքի ներքո։
Ընդհակառակը, ըստ նրա՝ հենց իրավապահ և դատական մարմիններն են պարտավոր քաղաքացիներին պաշտպանել նման վերաբերմունքից։
«Պետությունն օգտագործում է ներողության տեսանյութերը՝ մարդկանց նվաստացնելու, նրանց հեղինակությունն ու նրանց հանդեպ վստահությունը խաթարելու, այդ անձանց սպառնալիքների ու ճնշման միջոցով պատժելու համար։ Դա նաև ուղերձ է մյուսներին՝ մի՛ կրկնեք այն վարքագիծը, որը պետությունը համարում է անընդունելի»,- ասում է Աբբասովը։
Այս իմաստով, նման տեսանյութերը ծառայում են ոչ միայն որպես անհատական պատիժ։ Դրանց հրապարակումը մասնավոր դեպքը վերածում է ողջ հասարակությանն ուղղված նախազգուշացման։
Մարդը, ով երեկ բարձրաձայնել է որևէ խնդրի մասին, հաջորդ օրը հայտնվում է տեսախցիկի առջև այլ կարգավիճակում՝ զղջացող, կոտրված, և ստիպված հրաժարվում իր իսկ խոսքերից։
Խոշտանգումներով կորզված խոստովանություններից մինչև սոցցանցային տեսանյութեր
Պատմականորեն խոստովանությունները համարվում էին մեղքի ամենակարևոր ապացույցներից մեկը։ Մարդկանցից հաճախ խոստովանություններ էին կորզում՝ նրանց ենթարկելով խոշտանգումների։
Ժամանակակից իրավական համակարգերը պետք է հրաժարվեին այս պրակտիկայից, բայց ավտորիտար ռեժիմներն այն փաստացի հարմարեցրել են նոր պայմաններին. խոշտանգումների խցիկի փոխարեն օգտագործում են տեսախցիկ, դատական արձանագրության փոխարեն՝ հեռուստատեսության կամ սոցցանցերի համար նախատեսված տեսանյութ։
Նպատակը, սակայն, մնում է նույնը՝ հասնել ենթարկեցման և ուժ ցուցադրել։
Հարկադրական խոստովանությունները հին դատական համակարգերի հիմնական տարրն էին թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում։ Դարեր շարունակ ցանկացած միջոցով ստացված խոստովանությունը հաճախ համարվում էր դատավճռի և պատժի հիմնական պայմանը։
Այսօր նման պրակտիկան պաշտոնապես հակասում է արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի և մարդկային արժանապատվության պաշտպանության հասկացություններին։
Այնուամենայնիվ, ավտորիտար համակարգերում այն շարունակում է գոյություն ունենալ, պարզապես ավելի արդիականացված ձևով։
Նման խոստովանություններն ու զղջումներն ամենից հաճախ օգտագործվում են լրագրողների, իրավապաշտպանների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների դեմ։ Սակայն ադրբեջանական օրինակը ցույց է տալիս, որ պոտենցիալ թիրախների շրջանակը կարող է շատ ավելի լայն լինել։
Ինչո՞վ է Ադրբեջանի գործելակերպը տարբերվում մյուս երկրներից
Միջազգային պրակտիկայում նման տեսանյութերը ամենից հաճախ օգտագործվում են այն մարդկանց դեմ, որոնց իշխանությունները արդեն իսկ ընկալում են որպես քաղաքական հակառակորդներ՝ լրագրողներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ և ընդդիմադիր գործիչներ։
Ադրբեջանում, դատելով հայտնի դեպքերից, այս գործիքը կիրառվում է շատ ավելի լայնորեն։
Հարվածի տակ կարող են հայտնվել ոչ միայն հասարակական գործիչները, այլև շարքային քաղաքացիները, որոնք բողոքում են իրենց կենսապայմաններից, հաղորդում ենթադրյալ կոռուպցիայի մասին կամ իրենց դժգոհությունն արտահայտում պետական մարմինների գործողությունների վերաբերյալ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ներողություն խնդրելու տեսանյութեր Ադրբեջանում