Ներդրողը հրաժարվել է Վրաստանում Նամախվանիի ՀԷԿ-ի նախագծից, որը բնակչության դժգոհությունն էր առաջացրել
ENKA Renewables ընկերությունը, որը պետք է հսկայական հիդրոէլեկտրակայան կառուցեր Արևմտյան Վրաստանի Նամախվանի գյուղում, հայտարարել է կառավարության հետ պայմանագրի խզման և ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների դադարեցման մասին։
Պայմանագրի խզման մասին է հայտարարել ENKA İNŞAAT ընկերությունը՝ Enka Renewables-ի հիմնադիրը։
Հայտարարությունում ասվում է, որ պայմանագրի խզման պատճառը դրանում նշված պայմանների խախտումն է և ֆորսմաժորային հանգամանքները։
Հայտարարությունում չի հիշատակվում, թե որ պայմաններ են խախտվել, և ինչն է բերել պայմանագրի խզման։
«ENKA ŞNŞAAT-ը հայտարարում է, որ իր Enka Renewables դուստր ընկերությունը որոշել է խզել Վրաստանի կառավարության հետ շինարարական պայմանագիրը Նամախվանիի կասկադի նախագծի մշակման, կառուցման, կառավարման և շահագործման մասին, ինչը կապված է Վրաստանի հետ 2019 թ-ի ապրիլի 25-ին ստորագրված պայմանագրի տևական խախտման և ֆորսմաժորային իրավիճակի հետ», — ասված է հայտարարությունում։
Եթե Նամախվանիի ՀԷԿ-ը կառուցվեր, դա կլիներ խոշորագույն էներգետիկ նախագիծը երկրի պատմության մեջ՝ անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Նախագիծը պետք է իրականացվեր թուրքական ENKA խոշորագույն շինարարական ընկերության կողմից, դրա արժեքը կազմում էր 800 մլն դոլար։
Սակայն Նամախվանիում հսկայական հիդրոէլեկտրակայանի շինարարությունը ոչ միանշանակ արձագանք էր առաջացրել Վրաստանում։
Բնապահպաններն ու տեղի բնակիչները բազում հարցեր ունեին նախագծի վերաբերյալ։ Նրանք մտավախություն ունեին, որ մեծամասշտաբ ՀԷԿ-ը սպառնալիք է ստեղծելու փոքր դաշտավայրի համար, ինչպես նաև սեյսմիկ սպառնալիք, փոխելու է միկրոկլիման, ինչը վնաս է հասցնելու խաղողի բացառիկ տեսակներին և գինու արտադրությանը։
Կառավարությունը, որը լոբինգ էր անում նախագիծը, հայտարարել էր, որ այդ մտավախությունները չափազանցված են, և մի քանի տարուց Վրաստանը բախվելու է էներգետիկ անվտանգության լուրջ խնդիրների, եթե նոր հիդրոէլեկտրակայաններ չկառուցվեն։
Նամախվանիի ՀԷԿ-ի շինարարության դեմ տարբեր հասարակական խմբերի բողոքը գրեթե մեկ տարի է տևել։ Ամիսներ շարունակ Նամախվանիի մերձակայքում վրաններ էին տեղադրվել, և ակտիվիստները փորձում էին խոշոր տեխնիկային թույլ չտալ մտնել այնտեղ։ Գարնանը բողոքի ակցիաները տեղափոխվել էին Թբիլիսի։