«Ռուս խաղաղապահները չպետք է թույլ տան նման ապօրինություն»․ Փաշինյան
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին
Արդեն 11-րդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Ադրբեջանցի բնապահպանները շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի վարչապետը եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել է ինչպես ադրբեջանական, այնպես էլ ռուսական կողմին։
«Նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը` Բաքվին պարտավորեցնելով ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը խոսքով՝ այս պարտավորության չկատարման դեպքում Հայաստանը կդիմի քաղաքական մարմնի՝ Նախարարների կոմիտե։
Իրավիճակը ԼՂ-ում, Փաշինյանի հայտարարությունը, ՄԻԵԴ որոշումը, փորձագիտական կարծիք
Ի՞նչ իրավիճակ է շրջափակված ԼՂ-ում
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ իրավիճակը շատ ծանր է, առաջին հերթին՝ հոգեբանական տեսանկյունից, բայց կան նաև սննդի և վառելիքի հետ կապված խնդիրներ։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա վստահեցրել է, որ անում են ամեն ինչ լուծումներ գտնելու համար։
«Այդ լուծումը պետք է լինի այնպիսին, որ մեր արժանապատվությունը չկորցնենք»,- հայտարարել է նա։
Վարդանյանի խոսքով՝ չպետք է գնալ այնպիսի լուծումների, որոնց հետևանքները չեն թողնի «ոչ մի հնարավորություն՝ մնալու Արցախում, հանգիստ ապրելու և կախված չլինելու Ադրբեջանից»։
Նախօրեին հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացումն ու տևական խաղաղության համար նախադրյալների ստեղծումը հնարավոր են միայն «Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ»։
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով փակ են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հումանիտար ճգնաժամի մեջ է։ Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք էր ուղարկվում Արցախ, միջանցքի արգելափակումից հետո դա անհնար է դարձել։ Սպառվում է նաև վառելիքը։
ԼՂ-ի բուժհաստատություններում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող բուժառուներ անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք ունեն: Նախորդ օրերին գրանցվել է մեկ պացիենտի մահ։
Շրջափակման մեջ գտնվող Արցախում ծնվել է 26 երեխա։
«Պետք է աշխատել ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»․ Փաշինյան
Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված։ Նրա փոխանցմամբ՝ նկատվում է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի «ապօրինի գործողությունների» արդյունք է, բայց «դե ֆակտո Ռուսաստանը ևս չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։
Հերթական անգամ հիշեցրել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝
- Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո,
- Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։
«Ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները, պատրաստ է ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս է հայտնել, որ «Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով»․ ՄԻԵԴ որոշումը
Դեկտեմբերի 21-ին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական (Ստրասբուրգի) դատարանը բավարարել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու, Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ Հայաստանի դիմումը․
«Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը»։
Ըստ հաղորդագրության՝ որոշման մեջ նշվում է, որ «այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը»։
Շեշտվում է, որ դատարանը հաշվի է առել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցրել Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։
Որոշմանն արձագանքել է Արցախի պետնախարարն ու հույս հայտնել, որ այն կդառնա «լրացուցիչ գործիք Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար»։
Փորձագիտական կարծիք
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է վերականգնի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ «Ազատության» հետ զրույցում նա նշել է․ դատարանն ակնարկել է, թե՝ գիտի, որ ճանապարհը վերահսկվում է Ռուսաստանի կողմից։
«ՄԻԵԴ-ն ակնարկում է՝ գիտենք նաև, որ Ադրբեջանի կառավարության աջակցությամբ այնտեղ մասնավոր անձանց կողմից ճանապարհը փակվել է, որի համար պատասխանատու է Ադրբեջանը։ Որոշման բուն էությունն այն է, որ Ադրբեջանը պետք է ապահովի այդ ճանապարհը բացելը»,- շեշտել է Ղազարյանը։
Մյուս կողմից մասնագետը նկատում է՝ Ադրբեջանը «ռեկորդակիր է Ստրասբուրգի վճիռները չկատարելու հարցում»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն, ըստ նրա, պարտադիր է, ուստի Բաքուն մոտակա օրերին կբացի միջանցքը։ Ասում է՝ այդ գործընթացի ձգձգման պարագայում Հայաստանը պետք է դիմի այլ ատյաններ։
«Դիմելու է Նախարարների կոմիտե, որն արդեն քաղաքական մարմին է։ Այն սկսելու է երկխոսություն Ադրբեջանի հետ, ինչին հետևելու է քաղաքական պատժամիջոց Եվրոպայի խորհրդի կողմից»,- պարզաբանել է Միջազգային իրավունքի մասնագետը։
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին