Ինչպե՞ս կազդեն Հայաստանի ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի վրա․ հայացք Թբիլիսիից
Հայաստանի ընտրությունների ազդեցությունը Վրաստանի վրա
2026 թ․-ի հունիսի 7-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնք անվանում էին նաև երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրաքվե․ ընտրությունների արդյունքները պետք է որոշեին երկրի կուրսը։
Նախնական արդյունքների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49.8%-ը։ Փաշինյանը պահպանել է իր մեծամասնությունը խորհրդարանում։ Ռուսամետ համարվող գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 23.29%-ով։
- «ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին
- «Ռուսաստանը պարտվեց նաև ՀՀ-ում». վրացի փորձագետները՝ Փաշինյանի հաղթանակի մասին
- ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ FIP-ի բացահայտումը
Արդյունքները ցույց են տալիս, որ հայերի մեծամասնությունը կիսում է վարչապետ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, այն է՝ նվազեցնել Ռուսաստանից ունեցած կախվածությունը, մերձենալ ԵՄ-ի և Արևմուտքի հետ և ձգտել Ադրբեջանի հետ խաղաղության։
Այս ընտրությունները միայն Հայաստանի ներքաղաքական իրադարձություն չէին։ Վերլուծաբանները դրանք դիտարկում էին որպես ամենակարևոր ընտրություններից մեկը Հարավային Կովկասի ապագայի համար։
Խաղաղությունը, աշխարհաքաղաքական հավասարակշռությունն ու տրանսպորտային ուղիներն այն 3 հիմնական հարցերն են, որոնց վրա, ըստ փորձագետների, կազդեն հայկական ընտրությունների արդյունքները։
Ինչո՞ւ էին այս ընտրությունները կարևոր, ի՞նչ ազդեցություն կունենան դրանց արդյունքները Հարավային Կովկասի վրա
Խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգությունը
Փորձագետների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ Երևանը կշարունակի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության համաձայնագիր կնքելու իր կուրսը։
Ընտրություններից առաջ գլխավոր հարցն այն էր, թե արդյոք կառավարությունը կպահպանի այս քաղաքականությունը շարունակելու մանդատը։ Հաղթանակի պայմաններում համաձայնության հասնելու հնարավորությունները մեծացել են։
«Կարևոր է, որ Փաշինյանը շարունակի կարգավորել հարաբերությունները տարածաշրջանային երկրների, առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ։ Համագործակցությունը կշարունակվի նաև Թուրքիայի հետ։ Եվ, ամենակարևորը, տարածաշրջանային հիմնական խաղացողների՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին։
Փորձագետների կարծիքով՝ սա կարևոր է Վրաստանի համար, քանի որ նվազեցնում է տարածաշրջանում ռազմական էսկալացիայի ռիսկն ու բարելավում կայունության հեռանկարները։
«Այս ընտրությունների արդյունքում Հայաստանը կկարողանա ապահովել խաղաղ և ինքնիշխան քաղաքականություն՝ առանց ռուսական շահերի։ Ռուսաստանի շահերը երբեք ուղղված չեն եղել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովմանը»,- ասում է անվտանգության փորձագետ Թեոնա Ակուբարդիան։
Ռուսաստանի աշխարհաքաղաքական ձախողումը
Ըստ փորձագետների՝ Փաշինյանի հաղթանակը ցույց տվեց, որ ընտրողների զգալի մասը կողմ է Մոսկվայից կախվածության նվազեցմանը։
Սա նաև նշանակում է, որ անկախությունից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը կհայտնվի Հարավային Կովկասում համեմատաբար թույլ դիրքում։
«Սա Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտությունն է մեր տարածաշրջանում։ Քայլ դեպի ռուսական ազդեցության թուլացում»,- ասում է Ալեքսի Պետրիաշվիլին։
Թեոնա Ակուբարդիայի խոսքով՝ սա առաջին հերթին լավ է Վրաստանի համար.
«Ռուսական օկուպացիան և ռուսական շահերը Վրաստանի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքն են։ Ռուսական ազդեցության թուլացումը ակնհայտ դարձավ Ղարաբաղյան պատերազմից և Թրամփի միջնորդությամբ խաղաղության համաձայնագրից հետո։ Հայաստանում կայացած ընտրությունները սրել են այս միտումը։ Եվ սա համապատասխանում է Վրաստանի շահերին»։
Ալեքսի Պետրիաշվիլիի դիտարկմամբ՝ Ռուսաստանը դեռևս զգալի ազդեցություն ունի Հայաստանի վրա, օրինակ՝ տնտեսական, ռազմաքաղաքական և էներգետիկ ոլորտներում.
«Անկախ նրանից, թե դա միջուկային էներգիա է, թե գազի մատակարարում, Ռուսաստանը Հայաստանի հիմնական մատակարարն է։ Հետևաբար, իհարկե, նա դեռևս ունի ազդեցության լծակներ։ Նա կփորձի օգտագործել դրանք և էսկալացնել իրավիճակը։ Ընտրություններից կարճ ժամանակ անց նա նույնիսկ հայտարարեց ձկնամթերքի սահմանափակումների մասին։ Այնպես որ, ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինի։ Ռուսաստանը չի հաշտվի դարերի ընթացքում ձեռք բերած և ամրապնդած ազդեցությունը կորցնելու հետ։ Սակայն այստեղ մեծ դեր և նշանակություն կունենա տարածաշրջանային պետությունների ակտիվ մասնակցությունը»,- կարծում է փորձագետը։
Արևմուտքի շահերի ամրապնդումը տարածաշրջանում
Փաշինյանի որդեգրած կուրսը ենթադրում է սերտ համագործակցություն Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։ Հետևաբար, փորձագետները կարծում են, որ նրա հաղթանակը նշանակում է Հարավային Կովկասի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրության աճ։
Վրացական ռազմավարական վերլուծության կենտրոնի հիմնադիր, միջազգային հարաբերությունների փորձագետ Գիորգի Ռուխաձեն JAMnews-ի հետ զրույցում ուրվագծում է այդ հետաքրքրության աճն արտացոլող գործոնները.
«Մի կողմից՝ կա Թրամփի ուղին։ Ռազմավարական համագործակցություն Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Նրանց խաղաղության պայմանագիրը, որը, հավանաբար, շուտով կստորագրվի։ Իսկ մյուս կողմից՝ կան Միացյալ Նահանգների տնտեսական շահերը»։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը նույնպես ավելի ակտիվ է դառնում։ Սա հաստատվում է, օրինակ՝ ՀՀ-ում Եվրոպական տնտեսական համայնքի գագաթնաժողովով։
Բանակցություններ են ընթանում նաև Հայաստանի հետ վիզայի ռեժիմի վերացման շուրջ, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Եվրամիությունում ներգաղթային քաղաքականության խստացումը։
«Այս ամենը վկայում է կողմերի հետաքրքրության աճի մասին։ Հետևաբար, Հայաստանի ընտրությունների նշանակությունը պետք է դիտարկել հենց այս պրիզմայով»։
Փորձագետները խոսում են տրանսպորտային ուղիների մասին, որոնք Ռուսաստանը փորձում է գրավել։ Տարածաշրջանում արևմտյան ազդեցության պահպանման պայմաններում Ռուսաստանը վերահսկողությունը կորցնում է նաև այստեղ։
«Եթե Փաշինյանը պարտվեր, և ռուսները կարողանային հաստատել ռուսամետ կառավարություն, այս խնդիրը զգալիորեն կպարզեցվեր»։
Եվրոպական ինտեգրման հնարավորություններ
Փորձագետները կարծում են, որ Վրաստանի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությունը նույնպես կաճի։
«Իրականում Վրաստանը ո՛չ ռուսամետ է, ո՛չ չինամետ, ո՛չ էլ իրանամետ։ Բնակչության մեծամասնությունը կողմ է Եվրամիությանը միանալուն և եվրաատլանտյան ինտեգրմանը։ Դրա միակ խոչընդոտը Իվանիշվիլիի ռեժիմն է։ Համապատասխանաբար, և՛ Եվրամիությունը, և՛ դրա անդամ պետությունները որոշ չափով ավելի երկարաժամկետ հեռանկար են որդեգրում։ Երբ Վրաստանի կառավարությունը փոխվի, Կովկասի ինտեգրումը եվրոպական տարածքին շատ ավելի հեշտ կդառնա»,- կարծում է Գիորգի Ռուխաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանն այժմ «հետ է մնում եվրաինտեգրման գնացքից» «Վրացական երազանքի» պատճառով։ Սակայն, որքան մեծ է Եվրամիության համար հետաքրքրություն ներկայացնող տարածքը (Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը՝ որպես էներգակիրների խոշոր մատակարար), այնքան մեծ է հավանականությունը, որ երկիրն ինտեգրման նոր հնարավորություն կստանա։
«Վրացական երազանքը» կփոխի՞ իր վարած քաղաքականությունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։ Նա զանգահարեց իր հայ գործընկերոջը դեռևս ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ։
Ռուխաձեի խոսքով՝ այս քայլը չպետք է դիտարկել որպես աշխարհաքաղաքական փոփոխության նշան.
«Սա ավելի շատ տեղական խնդիր է։ Փաշինյանի կառավարությունը խնդիրներ չի ստեղծում «Վրացական երազանքի» համար։ Փաշինյանը ճանաչում է նրանց լեգիտիմությունը և հանդիպում է Կոբախիձեի հետ։ Հետևաբար, չնայած Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, որը Կոբախիձեին, անշուշտ, դուր չի գալիս, նա առանձնապես դժգոհ չէ Փաշինյանի վարքագծից»։
Փորձագետի խոսքով՝ «Վրացական երազանքի» իրական տրամադրությունները բացահայտվում են քարոզչության մեջ։ Հետևաբար, կարևոր է հետևել կառավարամետ լրատվամիջոցների հաղորդագրություններին.
«Սա տիպիկ ռուսական քարոզչության շարունակությունն է։ Նրանք պնդում են, թե ընտրություններն անցկացվել են սարսափելի խախտումների պայմաններում, ճնշումն աննախադեպ է եղել։ Իբր թե Փաշինյանը չկարողացավ նույնիսկ 50% ստանալ։ Քարոզչությունը հմուտ է թվերը մանիպուլյացիայի ենթարկելու հարցում։ Փաշինյանը ստացել է 105 մանդատներից մոտավորապես 61-ը։ Դա 50%-ից ավելին է։ Սակայն քարոզչությունը նախընտրում է չհիշատակել այս թվերը և նվազեցնում է Փաշինյանի նվաճումները»։
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Գիորգի Ռուխաձեն չի սպասում, թե «Վրացական երազանքի» կուրսը կփոխվի։
«Գլխավորն այստեղ բոլորովին այլ բան է։ Հայաստանի, ինչպես նաև Մոլդովայի, Հունգարիայի, Իրանի, Սիրիայի և Վենեսուելայի օրինակները ցույց են տալիս, որ Ռուսաստանն այլևս ուժ չունի աջակցելու կամ իշխանության բերելու իր նախընտրած ռեժիմներին։ Սա մեզ համար պետք է ցուցիչ լինի»,- կարծում է նա։
Ըստ նրա՝ «Վրացական երազանքը» փորձել է կապեր հաստատել Կրեմլի հետ և ստեղծել Իվանիշվիլիի անպարտելիության առասպելը։
«Այդ առասպելն այժմ փլուզվում է։ Իվանիշվիլիի ռեժիմը կապված է Ռուսաստանի հետ, և դա զգալիորեն թուլացնում է նրան։ Մենք պետք է սա հաշվի առնենք։ Մեր խնդիրն Իվանիշվիլիի նկատմամբ հաղթանակ տանելն է, երկրի աշխարհաքաղաքական ճակատագիրը մեր ձեռքերում է»,- ամփոփում է Գիորգի Ռուխաձեն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստանի ընտրությունների ազդեցությունը Վրաստանի վրա