Հայաստանի դիրքորոշումը․ Արցախը պետք է դեօկուպացվի, և գործի բնակիչների ինքնորոշման իրավունքը
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 27-րդ նիստին հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը չի հանդիսանում ղարաբաղյան հակամարտության վերջնական քաղաքական կարգավորում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան պնդում են, որ «ուժի կիրառման, ագրեսիայի և պատերազմի, միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի լայնամասշտաբ խախտումների, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը» պետք է համարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում։
Սակայն Հայաստանը խստորեն դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը և պնդում է, որ «Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»:
Որպես այս մտքի հիմնավորում՝ նախարարը խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի գրավված տարածքներում պատերազմի օրերին հայերի նկատմամբ էթնիկ զտումների, ռազմական գործողությունների ժամանակ կենդանի մնացածների սպանության և խոշտանգումների մասին։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Արցախում սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի գնահատականը՝ հայկական կողմի տեսանկյունից։
Հակիրճ այն մասին, թե ինչպես է Հայաստանը տեսնում հակամարտության կարգավորումը, և նախարարի ելույթի մյուս թեզերը։
- Ադրբեջանն իր դաշնակիցների՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական ներգրավմամբ պատերազմ է սանձազերծել COVID-19 համավարակի ժամանակահատվածում, ինչն Արցախի և Հայաստանի ժողովրդի համար ստեղծել է առավել ծանր իրավիճակ:
- 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան արհամարհել են իրենց միջազգային պարտավորությունները և խախտել ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած հանձնառություններն՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերը։
- Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում էր բազում պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների սպանություններով, նրանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով, դիակների անարգմամբ և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով, որոնց վերջնանպատակը հայ ժողովրդի էթնիկ զտումն էր։
- Ադրբեջանի և նրա դաշնակիցների գործողությունները նաև նոր վտանգավոր նախադեպ են ստեղծել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտային իրավիճակների հասցեագրման առումով:
- Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան մեծապես հրահրվել և քաղաքական ու ռազմական աջակցություն է վայելել Թուրքիայի ղեկավարության կողմից՝ ի ցույց դնելով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում և անդին:
- Ադրբեջանն ու իր դաշնակիցները սանձազերծեցին պատերազմ Արցախի դեմ՝ կեղծորեն պնդելով ուժի կիրառման օրինականության վրա, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:
- Հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է․
- Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,
- Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
- վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր,
- Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:
- Անհրաժեշտ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը։
- Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան։
- Թուրքիան պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
- Բոլոր օտարերկրյա վարձկանները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են բերվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, պետք է ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից։
Արա Այվազյանն առանձնահատուկ կերպով ընդգծել է Ռուսաստանի ջանքերն ու նախագահ Պուտինի անձնական մասնակցությունը հրադադարի ռեժիմի հաստատման գործում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին խաղաղության հաստատման հարցում նրանց ջանքերի և մասնակցության համար։