Կորոնավիրուսի պանդեմիան իջեցրել է նավթի համաշխարհային գներն ու համաշխարհային տնտեսական ճգնաժամի սպառնալիք ստեղծել։ Բոլոր մանրամասները
Հիմնական աղբյուրը՝ Բի–Բի–Սի
Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը 26 դոլարից ցածր է՝ 2003 թ–ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ։ Ռուսական Urals–ի գինը 25 դոլարից պակաս է։
Brent ապրանքանիշի նավթի մատակարարման պայմանագրերի արժեքը մայիսին Լոնդոնի բորսայում նվազել է 9,6 տոկոսով։ Ռուսական նավթի մատակարարման ֆյուչերսները վաճառել ընդհանրապես չի ստացվում։
Նավթի արժեքն անկում է ապրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման, ՕՊԵԿ–ի և մյուս նավթաարդյունահանող երկրների միջև տարաձայնությունների ֆոնին։
Պանդեմիան նավթի շուկային հարվածել է երկու կողմից․
• Կանգնել է Չինաստանից պահեստամասերի մատակարարումը, դրա պատճառով սառեցվել է այլ երկրներում ձեռնարկությունների արտադրական գործընթացը։
• Գլոբալ կարանտինի պատճառով կանգ է առել զբոսաշրջությունը, կրճատվել են ավտոմոբիլային և ավիացիոն փոխադրումները, նավթի, բենզինի և ավիակերոսինի պահանջարկը նվազել է։
Մյուս հարվածը շուկային՝ Ռուսաստանի ելքն ՕՊԵԿ–ի հետ գործարքից
Այդ գործարքն ապահովում էր նավթի՝ բոլոր արտադրողների համար ընդունելի գինը։
Ռուսաստանի նախաձեռնությամբ գործարքի չեղարկման հետևանքով փետրվարի 15–ին նրա ու մյուս նավթաարդյունահանողների միջև գնային պատերազմ սկսվեց, որը Ռուսաստանը դեռևս տանուլ է տալիս։ Արաբական նավթը Եվրոպային և Չինաստանին ապրիլին առաջարկվում է 12 դոլարից մի փոքր բարձր գնով։
Ո՞վ է շահել և ո՞վ պարտվել
Դեռևս գլխավոր պարտվածը Ռուսաստանն է, որի բյուջեն նավթի գների անկումից օրական կորցնում է 100–150 մլն դոլար։ Ավելին, երբ գինը սկսի վերականգնվել, նա էլ չի կարող վերադառնալ այն շուկաներ, որտեղ ավանդաբար նավթ էր վաճառում․ սպառողները կգնան ուրիշ մատակարարների մոտ և նրանց արտադրանքին կհամապատասխանեցնեն մատակարարման իրենց համակարգերն ու նավթավերամշակող ձեռնարկությունները։
Տանուլ են տվել նաև արաբական նավթաարդյունահանող ընկերություններն, առաջին հերթին, Սաուդյան Արաբիան։ Սակայն նրանք հույս ունեն փոխատուցել իրենց կորուստները, երբ ճգնաժամն ավարտվի, այն բանի հաշվին, որ կմնան նոր շուկաներում, որտեղից դուրս են թողել Ռուսաստանին։
Դեռևս շահում են սպառողները․ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազում են։ Նախևառաջ, ԱՄՆ–ում, որը միաժամանակ և նավթ արտադրող է, և դրա խոշորաագույն ներկրող։ Ամերիկացի սպառողների գոհունակությունը շահեկան է նախագահ Թրամփի համար նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին։
Ե՞րբ կավարտվի գնային ճգնաժամը նավթային շուկայում
Դա կախված է գլոբալ տնտեսության վերականգնման արագությունից և արդյունավետությունից։ Կառավարություններն արդեն հայտարարել են իրենց երկրներում բիզնեսին տրամադրվող պետական աջակցության չափերը․
ԱՄՆ–ում քննարկվում է 850 մլրդ դոլար գումարը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստացել է 330 մլրդ ֆունտ։
Իտալիան՝ 340 մլրդ եվրո։
Իսպանիան՝ 200 մլրդ եվրո։
Ռուսաստանը՝ 3.5 մլրդ դոլար (համեմատության համար․ իր բիզնեսին ավելի մեծ գումար է խոստացել անգամ Լիտվան՝ 3.7 մլրդ)։
• Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրում է պանդեմիայի վերաբերյալ ապատեղեկատվության համար