Կիևում Վրաստանի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է հրավիրվել Սաակաշվիլիի կալանքի պատճառով
Կիևում Վրաստանի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է հրավիրվել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի ներկայիս քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի կապակցությամբ։
«Մենք մեդիայում տեղեկություններ ենք տեսնում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի մասին։ Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն՝ այդ ձերբակալության պատճառների և հանգամանքների մասին պաշտոնական տեղեկություններ ստանալու համար», — հայտարարել է նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։
Սաակաշվիլիի կալանքի մասին հայտարարությունը Facebook-ում տեղադրել է նաև Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգ է Վրաստանում իրադարձությունների զարգացմամբ։
«Մենք ուշադիր հետևում ենք Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի մասին լուրերին, որն Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգ է այս նորության և այն հայտարարությունների տոնայնության կապակցությամբ, որոնք Վրաստանում արվել են իրավիճակի հնարավոր զարգացման առնչությամբ։ Ուկրաինան դիմում է վրացական կողմին՝ Ուկրաինայի քաղաքացու դեմ նման քայլի հանգամանքներն ու պատճառները պարզաբանելու խնդրանքով», — գրել է նա։
- Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում է
- Սաակաշվիլին Վրաստանո՞ւմ է։ Տեսանյութ Բաթումից և իշխանությանը դեմ քվեարկելու կոչ
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում տասը տարի՝ երկու ժամկետ։ 2013 թ-ին՝ այն բանից հետո, երբ նրա «Ազգային շարժում» կուսակցությունը պարտվեց ընտրություններում և ավարտվեց նրա կառավարման երկրորդ ժամկետը, Սաակաշվիլին լքեց երկիրն ու այդ օրվանից հայրենիք չէր վերադարձել։
Այս տարիների ընթացքում նա ապրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում, այնուհետև՝ տեղափոխվել Ուկրաինա, որտեղ սկզբից նախկին նախագահ Պորոշենկոյի թիմի անդամ էր և Օդեսայի մարզպետը, իսկ հետո միացավ Պորոշենկոյի ընդդիմությանը։
Վերջին տարիներին նա գլխավորում էր նախագահ Վլադիմիր Զելենսկուն կից Բարեփոխումների կոմիտեն։ Սաակաշվիլին ներկա պահին Վրաստանի քաղաքացի չէ, նա ինքնաբերաբար զրկվել է վրացական քաղաքացիությունից, երբ ստացել է ուկրաինականը։
Սաակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։ Նա մեղադրվում է իշխանության չարաշահման, բյուջետային միջոցների վատնման, 2007 թ․ նոյեմբերին ընդդիմության հանրահավաքի ցրման և «Իմեդի» հեռուստաալիք ներխուժելու համար։ Նա ներգրավված է նաև պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի և Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործերում։
Սաակաշվիլին արդեն դատապարտվել է երկու գործով։ Դրանցից մեկով նրան սպառնում է վեց տարվա ազատազրկում։ Վրաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ նախկին նախագահը կալանավորվելու է, եթե տուն վերադառնա։
Վրաստան ժամանելու մասին խոսելիս Սաակաշվիլին ընդգծել է, որ չի վախենում կալանքից։
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են։ Սակայն ընդդիմությունն այս ընտրությունները հանրաքվե է անվանում՝ որոշելու համար, թե արդյոք պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և վերջ դնել երկրում «Վրացական երազանքի» իննամյա կառավարմանը։