Ծեծկռտուք ՀՀ խորհրդարանում. Փաշինյանն աջակցություն է հայտնել կուսակիցներին
Փաշինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ դատապարտում է բռնությունը, բայց աջակցում է իր կուսակիցների ձեռնարկած քայլերին։ Փաշինյանի խոսքով՝ «եթե որևէ մեկը ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ ինքը պետք է լկտիանա»։
Փաշինյանն այդպես է արձագանքել այսօր Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։ ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ պատգամավորները բռունցքներով ու ոտքերով հարվածում էին իրար։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը մինչև անգամ աթոռ է շպրտել ընդդիմադիրների ուղղությամբ։
«Ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և աջակցում եմ։ Աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է և ճիշտ»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը։
Ասում է՝ ով փորձի բռնություն գործադրել, իշխանությունը պետք է նրա «ձեռքը ջարդի»։ Կարծում է՝ դա իշխանության պարտավորությունն է երկրում ամենաթողություն թույլ չտալու համար։
Օմբուդսմենը չի կիսում Փաշինյանի տեսակետը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող մոտեցումները։
Նա խստորեն դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։
«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»,- հայտարարել է Մանասյանը։
Միջադեպի մանրամասները, Հայաստանի վարչապետի և ՄԻՊ գնահատականները
- «Լրտեսական ուժերը ոչնչացվեցին»․ Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
- «Թափանցիկ, մրցակցային, բայց նաև մտահոգիչ»․ ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում կայացած ընտրությունների մասին
- ՀՀ քաղաքացիություն ստանալը` ավելի դժվար և 5 անգամ ավելի թանկ․ ՆԳՆ նոր նախագիծը
Ծեծկռտուք իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ ի՞նչ կատարվեց ԱԺ-ում
Ազգային ժողովում իրավիճակը լարվեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։ Նա անդրադարձավ կոռուպցիայի թեմային և հիշատակեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին, այնուհետև նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ու նրա ազգականներին:
«Կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ խոսում են կոռուպցիայից, ֆեյքերից, ընտանիքի անդամներին թիրախավորելուց։ Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում՝ ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին»,- հայտարարեց Չախոյանը։
Նա հիշեցրեց, որ Նարեկ Կարապետյանի հորեղբոր որդին փորձում էր երկրում բացել նախարարություն, որ «բավարարեր բոլոր կանանց»։
«Մինչև հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»,- իր ելույթում ընդգծեց Չախոյանը:
Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, այս տարվա փետրվարին հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ։
«Ուժեղ Հայաստանում չի լինելու անբավարարված կին»,- փոդքասթներից մեկի ժամանակ ասել էր Կարապետյանը։
Փոդքասթի մասնակիցները քննարկել էին երկրում ժողովրդագրական խնդիրների լուծման թեման։ Արձագանքելով «սեքսի նախարարություն» ստեղծելու մասին հարցին՝ Կարապետյանը նկատել էր․ «Ինչքանով ես գիտեմ՝ առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցերը չեն լուծվում»։
Ելույթից հետո նիստերի դահլիճում կրքերը բորբոքվեցին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից ինչ-որ բան բղավեց, «արա»–ով դիմեց Չախոյանին։ Չախոյանն էլ արձագանքեց, թե «արան ոտքիցդ գլուխ ես»:
Լեզվակռից հետո պատգամավորները դիմեցին բռունցքների օգնությանը։
Տևական ժամանակ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորում էր հանդարտվել ու նիստը միտումնավոր չէր ընդհատում:
«Հատուկ չեմ ընդհատելու նիստը, որ բոլորը տեսնեն այս ամենը»,- ասում էր Ռուբինյանը։
Իրավիճակը չհանդարտվեց։ Ավելին, ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճի աթոռը շպրտեց ընդդիմադիրների ուղղությամբ, ինչից հետո Ռուբինյանը, ի վերջո, ընդմիջում հայտարարեց: Ծեծը շարունակվեց նաև խորհրդարանի միջանցքում, ապա աստիճանաբար մարեց:
Ընդմիջումից հետո Տարոն Չախոյանը ներողություն խնդրեց հանրությունից ընդդիմության պահվածքի համար՝ այն որակելով «խուլիգանական»։ Չախոյանի գնահատմամբ՝ այդ ամենը նախօրոք ծրագրված էր:
«Եթե ձեզ թվում է, որ կարող եք հարձակվել ԱԺ պատգամավորի վրա ու մարսել, կռիվ հրահրել ու մարսել, չի լինելու ու դրանում քիչ առաջ համոզվեցիք։ Չի ստացվելու կռիվ հրահրել ու առանց ծեծ ուտելու փախնել ԱԺ նիստերի դահլիճից»,- ասաց պատգամավորը։
Իշխող ուժը ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում ընդդիմությանը։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Նարեկ Կարապետյանը փորձել է հարվածել Տարոն Չախոյանին, առաջին հարվածը Չախոյանին հասցրել է մեկ այլ ընդդիմադիր՝ Գառնիկ Դավթյանը։
Ընդդիմադիրները, սակայն, պատասխանատվության սլաքներն ուղղում են իշխանականների ուղղությւամբ։
«Տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրում է Ռուբեն Ռուբինյանը։ Սադրիչ Տարոն Չախոյանի հրահրումները նա խրախուսեց և որևէ կերպ չէր միջամտում»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:
Վարչապետի և օմբուդսմենի գնահատականները
«Ձեռքը կջարդենք»․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեսել է, թե միջադեպն ինչպես է սկսվել։
«Եթե որևէ մեկը կա, որ մտածում է՝ կարող է Ազգային ժողովի պատգամավորին ձեռքը երկարացնի, խփի, կամ ինչ-որ բան անի, այդ ձեռքը կջարդենք մենք։ Ասում եմ շատ ուղիղ և առանց սեթևեթանքի»։
Լրագրողները հարցրել են՝ աթոռո՞վ։ Ի պատասխան վարչապետը նշել է․
«Պետք լինի, աթոռով էլ կջարդենք։ Թող իրենց տեղն իմանան: Ամեն ինչը ունի չափ ու սահման»։
Փաշինյանի գնահատմամբ՝ ընդդիմադիրներն «ուտում են» իրենց արածների հետևանքները, քանի որ ժամանակին գնահատականներ չեն տալիս իրենց պատգամավորների վարքագծին։
«Ու սրանից հետո միշտ լինելու է այդպես․ ինչքան իրենց այդպես պահեն, ստանալու են այդ նույն արձագանքը»,- նկատել է նա։
«Բացառե՛լ բռնություն ենթադրող վարքագիծը»․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել հաղորդագրությամբ և շեշտել՝ բարձաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը․
«Հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է»։
Մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է բացառել՝
- բռնություն ենթադրող վարքագիծը,
- բռնությունն արդարացնող ցանկացած խոսք:
«Միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա»,- հայտարարել է Անահիտ Մանասյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին