Երևանցիները՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին․ հարցում
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հանգիստ է։ Արդեն երկու տարի կողմերը չեն կրակում միմյանց ուղղությամբ։ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսքով՝ սա Երևանի և Բաքվի միջև երկկողմ բանակցությունների արդյունք է։ Տասնամյակներ շարունակ հակամարտող երկու երկրները մոտ են վերջնական խաղաղությանը։
2025 թվականի օգոստոսին տեղի ունեցավ վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովը։ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հայտարարելով «բարիդրացիական հարաբերությունների» ուղի նախանշելու մասին, իսկ արտգործնախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։
Ավելին, Երևանն ու Բաքուն վերջապես համաձայնության եկան տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի շուրջ։ Այն գործնականում անլուծելի էր թվում երկու երկրների մոտեցումների տարբերության պատճառով։ Սակայն բոլոր վեճերը լուծվեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի շնորհիվ (Trump Route for International Peace and Prosperity — TRIPP)։ Այն Հայաստանի տարածքով Ադրբեջանը կկապի իր էքսկլավ Նախիջևանի հետ։
Տարիներ շարունակ երկու կողմերը չէին կարողանում համաձայնության գալ այս հարցի շուրջ։ Ադրբեջանը պահանջում էր ապահովել անխոչընդոտ ճանապարհ, որն անվանում էր «Զանգեզուրի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները պատասխանում էին, որ պատրաստ են բացել բոլոր ճանապարհները, սակայն համաձայն չեն «միջանցք» եզրույթի հետ, որը ենթադրում է այդ տարածքի հանդեպ ինքնիշխանության կորուստ:
Եվ միայն 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համաձայնության եկան: Որոշվեց, որ ճանապարհը կմնա Հայաստանի ինքնիշխան վերահսկողության տակ, իսկ ԱՄՆ-ն կմասնակցի ապաշրջափակման գործընթացին՝ որպես բիզնես գործընկեր: Նախագիծը կոչվեց «Թրամփի ուղի»՝ ի պատիվ նախագահ Դոնալդ Թրամփի։
Ե՛վ Հայաստանի վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը հայտարարում են, որ երկրների միջև խաղաղություն է հաստատվել: Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին Հայաստանի քաղաքացիները:
Հնարավո՞ր է խաղաղություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո: JAMnews-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում: