Բողոքի ակցիա Վրաստանի խորհրդարանի դիմաց․ ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել հայ մարտիկի հուշարձանը
Այսօր Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել ադրբեջանցի երիտասարդները։ Նրանք բողոքում էին Ախալքալաքում Միխայիլ Ավագյանին նվիրված հուշարձանի բացման դեմ: Ավագյանը տեղացի էր և զոհվել է Լեռնային Ղարաբաղում կռվելիս։
Ղարաբաղյան պատերազմում զոհված Միխայիլ Ավագյանի արձանը նրա հայրենի Բուգաշեն գյուղում բացվել է հունվարի 24-ին։ Ավագյանը Ղարաբաղում մարտնչել է հայերի կողմից և ստացել «Կոբրա» մականունը։ Նա զոհվել է 1994թ-ին ստացած վիրավորումներից։
Նրա արձանը տեղադրվել է դպրոցի բակում, որտեղ նա սովորել էր։ Միջոցառումը մեծ արձագանք է առաջացրել, քանի որ բացման հանդիսավոր արարողությանը տեղացիներից բացի մասնակցել էին նաև պաշտոնական անձինք՝ տեղական իշխանության ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի դեսպանը։
Ավագյանի արձանը բողոք էր առաջացրել Բաքվում և Թբիլիսիում։ Վրացի փորձագետները կարծում են, որ հուշարձանի բացումը բացասաբար է անդրադառնում վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա։
Խորհրդարանի մոտ տեղի ունեցած ակցիային, ըստ տարբեր տվյալների, մասնակցել է 300-400 մարդ։ Նրանք երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մոտ էին եկել Վրաստանի և Ադրբեջանի դրոշներով և պաստառներով․
«Ավագյայնի կիսանդրին դիվերսիա է»,
«Հուշարձանների արժանի են միայն հերոսները»,
«Ավագյանն անջատողական է»։
Ակցիայի մասնակիցները սադրանք են անվանել Ավագյանի կիսանդրին Ախալքալաքում տեղադրելը՝ որպես դրա նպատակ համարելով վրաց-ադրբեջաննական հարաբերությունների վատթարացումը։
JAMnews-ը զրուցել է ակցիայի մասնակից Սևինջ Ումբետովայի հետ, որն Իլյայի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող է։ Նրա խոսքով՝ խորհրդարանի շենքի մոտ ակցիա անցկացնելու գաղափարն անձամբ իրենն է, իսկ մյուս ադրբեջանցի ուսանողներն իրեն աջակցել են։ Ումբետովան նշել է, որ ակցիայի մասնակիցների միակ պահանջը հուշարձանի ապամոնտաժումն է։
«Հուշարձանը վիրավորում է Վրաստանում ապրող ադրբեջանցիներին։ Ավագյանը Ղարաբաղում ադրբեջանցիների է սպանել, իսկ Վրաստանում դրա համար հուշարձանի՞ է արժանացել։ Նա Աբխազիայում էլ վրացիների դեմ է կռվել», — JAMnews-ին հայտարարել է Ումբետովան։
Երիտասարդներին զուգահեռ ակցիային մասնակցել են նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք Թբիլիսի էին եկել Մառնեուլիից, Բոլնիսիից, Գարդաբանիից։
•Ադրբեջանական ականները Վրաստանում
•Թե ինչպես են Նինոծմինդայում Սաակաշվիլիին նախագահ ընտրել
Ըստ ակցիայի մասնակիցների՝ նրանք իրենց հաշվին են Թբիլիսի եկել։ Նույն բանն Ումբետովան է ասում․
«Մեզ ոչ ոք չի օգնել։ Մարդիկ Թբիլիսի են եկել իրենց մեքենաներով։ Դրոշներն ու պաստառները մենք մեր փողով ենք գնել», — պնդում է նա։
Ակցիային Վրաստանի իշխանության ներկայացուցիչներ չկային՝ չհաշված ազգությամբ ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովին։ Նրա խոսքով՝ ակցիաները շարունակվելու են, եթե Վրաստանի իշխանությունները հուշարձանի ապամոնտաժման հարցերով չզբաղվեն։
«Վրաստանի իշխանությունները պետք է մտածեն և կողմնորոշվեն՝ աջակցո՞ւմ են անջատողականությանը, թե՞ ոչ։ Եթե հուշարձանն իր տեղում մնա, ակցիաները կշարունակվեն», — հայտարարել է Սուլեյմանովը։
Ակցիային ելույթ ունեցավ Պանկիսիում հատուկ գործողության ժամանակ անցյալ տարի սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայր Մալխազ Մաչալիկաշվիլին։ Նա Պանկիսիում ապրող կիստինացիների անունից համերաշխություն հայտնեց ակցիայի մասնակիցներին և հայտարարեց, որ Ավագյանի հուշարձանի բացումը «ոչ հայերի, ոչ վրացիների, ոչ էլ ադրբեջանցիների շահերից չէ»։
«Թե ում է դա պետք, մենք լավ գիտենք։ Դա կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին, բայց մենք Վրաստանում ապրող մուսուլմաններ ենք՝ ադրբեջանցիներ և չեչեններ, և թույլ չենք տա, որ որևէ մեկն ատելություն սերմանի Վրաստանում։ Մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերը», — հայտարարել է Մաչալիկաշվիլին։
Ակցիան պետք է կայանար դեռ փետրվարի 5-ին, սակայն Թբիլիսիի քաղաքապետարանը թույլտվություն չէր տրամադրել։
«Մեզնից ներողություն խնդրեցին՝ հաղորդելով, որ փետրվարի 5-ին Սարալիձեի և Մաչալիկաշվիլիի ակցիան է լինելու», — ասում է Ումբետովան։
Միաժամանակ նա չկարողացավ պատասխանել ադրբեջանցի ուսանողների հետագա գործողությունների մասին հարցին, եթե Ավագյանի արձանը չապամոնտաժվի։
«Կհավաքվենք և կորոշենք, թե ինչ անել այդ դեպքում», — նշեց նա։
Սա վերջին տարիների առաջին ակցիան է, որ անցկացրել են Վրաստանում ապրող ադրբեջանցիները։ Ավելին, ադրբեջանցի երիտասարդությունը երբեք չի մասնակցել բողոքի ցույցերի։
«Այո, հնարավոր է, մեր խնդիրներն այլ են, սակայն մեզ երբեք այսպես չէին վիրավորել, այդ պատճառով էլ ակցիա ենք անցկացնում։ Եվ չենք դադարելու, քանի դեռ արձանը չեն ապամոնտաժել», — հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ երիտասարդ ադրբեջանցի Ջեյհունը։
_______________
• Ադրբեջանական համայնքը Վրաստանի ամենամեծ համայնքն է։ Վրաստանում ապրում է 223 հազար ադրբեջանցի, դա երկրի բնակչության ավելի քան 6 տոկոսն է (ըստ 2014թ-ի մարդահամարի)։ Ադրբեջանցիների մեծ մասը բնակվում է Քվեմո Քարթլի շրջանում։
• Հայկական համայնքը Վրաստանում մեծությամբ երկրորդն է։ Հայերն ապրում են Վրաստանի հարավային հատվածում՝ Ջավախքի շրջանում։ Ըստ 2014թ-ի մարդահամարի՝ Վրաստանում 168 հազար հայ է ապրում, մեծ մասը՝ Ջավախքում։